ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ
1919թ․ սեպտեմբերին կայացած Սվազի (Սեբաստիա) համաժողովում քեմալականները վճռականապես հայտարարում են, որ անմնացորդ պայքար կմղեն յուրաքանչյուր շարժման դեմ, որը նպատակ կհետապնդի ստեղծել անկախ Հայաստան։
Այս քաղաքականության ջատագովներն էին նաեւ համաժողովի մասնակից Ադրբեջանի ու Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչները։
Համաժողովում քեմալականները քուրդ առաջնորդներից ոմանց հետ ձեռք են բերում պայմանավորվածություն՝ երկիրն Անտանտի ուժերից ազատագրելուց հետո թուրք-քրդական դաշնային պետություն ստեղծելու մասին, պայմանով, որ քրդերն աջակցեն թրքական ազգայնական շարժմանը եւ համատեղ պայքարեն Արեւմտյան Հայաստանում հայկական պետություն ստեղծելու Մեծ Բրիտանիայի ու դաշնակիցների ծրագրի դեմ։
Լոզանի կոնֆերանսի ավարտից (1923թ., հուլիս) անմիջապես հետո քեմալականները մոռանում են իրենց խոստումների մասին եւ նույն թվի հոկտեմբերի 29-ին թուրք-քրդական պետություն ստեղծելու փոխարեն հռչակում թուրք ազգի պետությունը՝ Թուրքիայի հանրապետությունը։ Շուտով գործողության մեջ է դրվում քրդերի ուծացման քաղաքականությունը։
Վարչապետ Իսմեթ Ինյոնյուն (նախկին իթթիհադական, Թուրքիայի երկրորդ նախագահը) 1925-ի մայիսին հայտարարում է․ «Ազգայնականությունը մեր գործունեության հիմնաքարն է, եւ մենք ամեն գնով պետք է թուրքացնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են մեր երկրում»։
1925թ․ փետրվարին շեյխ Սայիդի գլխավորությամբ Թուրքիայում բռնկվում է քրդական ապստամբություն, որը տարածվում է երկրի գրեթե բոլոր քրդաբնակ վիլայեթներում։ Ապստամբները հայտարարում են, որ իրենց հիմնական նպատակը քրդական անկախ պետության ստեղծումն է՝ Դիարբեքիր մայրաքաղաքով։ Շեյխ Սայիդի ապստամբությանը մասնակցում են նաեւ ցեղասպանությունից փրկված շատ հայեր ու ասորիներ։
Իշխանությունները 70 հազարանոց բանակ են հանում ապստամբների դեմ։ Թալանվում ու կրակի են մատնվում քրդական բնակավայրերը, սրի է քաշվում խաղաղ բնակչությունը, բռնի տեղահանվածներին քշում են երկրի կենտրոնական ու արեւմտյան շրջանները։
1925-ի ապրիլի վերջին ապստամբների հիմնական ուժերը շրջապատվում ու ջախջախվում են, իսկ շեյխ Սայիդը, ինչպես նաեւ շարժման հիսուներկու գերված ղեկավարները Դիարբեքիրում կախաղան են բարձրացվում։ 1925-ի ամռանը քրդերն ապստամբում են Հաքյարիի շրջանում․․․
Քրդաբնակ թվով 14 վիլայեթներում տեղի են ունենում ծրագրված ջարդեր։ Թրքական զորքերը հիմնահատակ քանդում են ավելի քան երկու հարյուր գյուղ, այրում շուրջ ինը հազար տուն։ Կոտորածներին զոհ է գնում ավելի քան հարյուր հիսուն հազար քուրդ։
1926-ի աշնանը բռնկվում է Արարատի ապստամբությունը, որին նույնպես անմասն չեն մնում հայերը։ Այն շատ արագ տարածվում եւ ընդգրկում է գրեթե ամբողջ Արեւմտահայաստանը։
1927-ի հունիսի 19-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովը օրենք է ընդունում քրդերի զանգվածային տեղահանության եւ արեւմտյան վիլայեթներում բնակեցնելու մասին։ Ծրագրվում էր բնակեցումն այնպես կազմակերպել, որ յուրաքանչյուր նահանգում ու բնակավայրում քրդերը կազմեն չնչին փոքրամասնություն։
Քրդերի դեմ կրկին դուրս են բերվում կանոնավոր զորամասեր։ Մարտական գործողություններին մասնակցում է նաեւ երկրի օդուժը։ Միայն 1931-ին է հաջողվում ճնշել Արարատի ապստամբությունը, որին մեծապես օգնում է Քեմալի դաշնակից Խորհրդային Միությունը։
Դրան հետեւում է դաժան հաշվեհարդարը՝ բռնաբարություններ, թալան, բնակավայրերի ոչնչացում։ Բռնի տեղահանությունն ուղեկցվում է սարսափելի ջարդերով։ Ավերված քրդական գյուղերի թիվը հասնում է շուրջ յոթ հարյուրի։
Երկրում պաշտոնապես արգելվում է քրդերենը, դասագրքերից հանվում են քուրդ եւ Քուրդիստան բառերը։ Քրդաբնակ շրջանները հայտարարվում են փակ գոտի։ Ամբողջ ծավալով գործողության մեջ է դրվում քրդերին ձուլելու ու թրքացնելու պետական ծրագիրը։
1930-ի ամռանը Թուրքիայի քրդերի պայքարին միացել էին նաեւ Փոքր Մասիսի ստորոտում ապրող իրանաբնակ քրդերը։ Անկարան քանիցս հայտարարում է, որ Իրանի ու Թուրքիայի անվտանգության աստիճանը կբարձրանա, եթե Իրանը համաձայնվի տարածքային փոխանակման գնալ։ Իրականում թուրքերը նպատակ էին հետապնդում կապվել Նախիջեւանի ցեղակիցների հետ։
1932թ․ հունվարի 23-ին Թեհրանում ստորագրվում է սահմանագծերի փոփոխության վերաբերյալ թուրք-իրանական պայմանագիրը, որով Ուրմիա լճի արեւմուտքում գտնվող եւ ավելի մեծ տարածք զբաղեցնող հողակտորների դիմաց՝ թուրքերն Իրանից ստանում են քրդաբնակ Փոքր Մասիսի ստորոտը եւ Արաքսի աջափնյա մի հատված։ Այս գործարքի արդյունքում Թուրքիան Նախիջեւանի հետ հաստատում է ընդհանուր սահման։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից