Համաշխարհային պլաստիկ վիրաբուժության հիմնադիր հայր՝ պրոֆեսոր Վարազդատ Կազանջյան․ Էդուարդ Մանվելյան
Advertisement 1000 x 90

Համաշխարհային պլաստիկ վիրաբուժության հիմնադիր հայր՝ պրոֆեսոր Վարազդատ Կազանջյան․ Էդուարդ Մանվելյան

Էդուարդ Մանվելյանի ֆեյսուքյան գրառքւմը․

«1915 – ին, Ֆրանսիական կառավարությունը խնդրանքով դիմեց ԱՄՆ -ի Հարվարդի համալսարանին՝ վիրաբույժ-վնասվածքաբանների խումբ ուղարկել Անտանտի եւրոպական հիվանդանոցներ, որտեղ, օր-օրի, մասնագետների պակասից զոհվում էին տասնյակ զինվորներ՝ ողջ եւրոպայից։

Մեկ շաբաթ անց, ԱՄՆ-ից ժամանեց բժիշկների խումբը։

Նրանցից մեկը, մեկ շաբաթ անց, առանձին բաժանմունք բացեց՝ հիվանդանոցից ոչ հեռու, որտեղ գործուղվել էր։

Ամերիկացի այս բժիշկը մնաց եւրոպայում մինչև 1918-ը, և, գրեթե երեք տարվա ընթացքում, նա իր օգնականների հետ վիրահատեց շուրջ երեք հազար՝ դիմածնոտային վիրավորում ստացած զինվորների՝ տարբեր ազգության։

Նրա՝ ԱՄՆ հետ մեկնելուց հետո, եւրոպայում կռված և փրկված զինվորները նրան կկոչեն՝ Miracle Man of the Western Front՝ Արևմտյան ճակատի հրաշագործը։ Իսկ ռուսները՝ «вундер-хирург».

Հազարավոր կյանքեր փրկելու համար, Ֆրանսիական կառավարությունը և անձամբ Գեորգ V-րդ՝ Անգլիայի թագավորը, «Արևմտյան ճակատի հրաշագործին» հանձնեցին իրենց խորը հարգանքն ու իրենց Պետությունների բարձրագույն պարգև-շքանշանները։

Հրաշագործ-վունդերքինդ պրօֆեսորը տակավին 35 տարեկան էր, երբ մտավ Եւրոպա, ԱՄՆ վերադառնալուն պես, 1925-ից, արդեն սեփական իր դասընթացներ էր վարում Հարվարդում, միաժամանակ, որպես վերահսկող վիրաբույժ, ԱՄՆ – ի տարբեր նահանգներում սպասված հյուր էր և այցելու․․․

Բայց, մինչ այդ․

1879 -ի մարտի 18-ին, Արևմտյան Եփրատի ափին գտնվող գեղատեսիլ Երզնկայում, պնձագործ Ուստա Հովհաննեսի և Աննա Սիրունյանի տանը խնջույք էր՝ ծնվել էր նրանց առաջին ու միակ որդին։

Երեխայի մանկությունն անցավ Սեբաստիայում։

Տակավին 12 տարեկան չկար, երբ մահացավ հայրը՝ Հովհաննեսը, ու Աննայի ուսերին մնաց դեռահաս պատանու խնամքը և ուսումը։

1894 -ից արդեն, համիդյան հակահայկական ռեպրեսիաների ու սպանությունների սկսելուն հետ, Հովհաննեսի ու Աննայի 15 ամյա պատանին միացավ Հնչակյաններին։ Նա թաքուն շրջում էր քաղաքով ու թռուցիկներ շաղ տալիս՝ թուրքական վայրագությունների մասին։

Երբ թուրքական ենիչերներն առան պատանու հետքը, նրա խորթ եղբայրը՝ Հակոբը, գաղտնի ճանապարհներով, օգտագործելով կապերը, կարողացավ պատանուն հասցնել Մարսել, որտեղից էլ՝ ԱՄՆ, ու ինչպես արդեն որերորդ անգամ՝ Նյու-Յորքի Էլիս Այլենդի էմիգրացիոն կետում, 1895-ին, նավից իջավ ցնցոտիներով ու «անտեր»՝ 16 ամյա պատանին։ Նյու Յորքից պատանին ուղևորվեց Կենտրոնական Մասաչուսեթս, որտեղ գտնվում էր հայկական ամենամեծ գաղութը․․․

Բացարձակ բառ չիմանալով անգլերեն, յոթ տարի աշխատելով Մասաչուսեթսի մետաղալարերի գործարանում, գիշերներն էլ, լեզուն սովորելու համար անգլերենի կուրսերի հաճախելով, կանցնի ընդամենը 27 տարի, ու ցնցոտիներով ԱՄՆ ժամանած, «անտեր» այս պատանին, կդառնա Համաշխարհային Բժկության Պլաստիկ Վիրաբուժության հիմնադիր հայրը՝ Եւրոպայի Արևմտյան ճակատի Հրաշագործն ու վունդեր-վիրաբույժը։

1900 -ին արդեն ԱՄՆ քաղաքացի էր, ու որոշեց ատամնաբուժական սովորել։

Բոստոն տեղափոխվելուց հետո, ուսումը շարունակեց Անգլերենի Բարձրագույն Դպրոցում, ապա, 1902-ին ընդունվեց Հարվարդի Ատամնաբուժական Դպրոց, ու հենց այստեղ, 23 ամյա երիտասարդը սկսեց հետաքրքրվել դիմածնոտային կոտրվածքներով․ այդ ժամանակներում նման դեպքերը, ինչպես նաև բազմաթիվ հետվիրահատական ​​և բնածին դեֆորմացիաներ, բուժվում էին Հարվարդի ստոմատոլոգիական դպրոցի կլինիկայում։

1905-ին, ավարտելուց հետո, երիտասարդը մնաց ու բացեց առանձին իր բաժանմունքը, ու սկիզբ դրվեց երկարամյա դասախոսական ընթացքի՝ համագործակցելով Հարվարդի կլինիկայի հետ որպես պրոտեզային ատամնաբույժի օգնական, իսկ 1912-ին դարձավ բաժնի վարիչը։

1922-ից արդեն, Երզնկայից Մասչուսեթս հասած, երբեմնի ցնծօտիներրով պատանին, Հովհաննես Կազանջյանի և Աննա Սիրունյան-Կազանջյանի որդին՝ Վարազդատ Կազանջյանը, կդառնա Աշխարհում առաջինը, ով դիմածնոտային պլաստիկ վիրահատություն կանի՝ դիմածնոտային սալջարդի, ու դրանով իսկ սկիզբ կդրվի աշխարհում պլաստիկ վիրաբուժությանը, որի հիմնադիր հայրն էլ կդառնա ինքը՝ Երզնկայից Վարազդատ Կազանջյանը։

Աշխարհում առաջին պլաստիկ վիրաբույժ Վարազդատը հիվանդներ էր ընդունում աշխարհի ամենատարբեր ծայրերից, ու հերթերը նրա մոտ հասնում էին տարվա կտրվածքով հերթագրվելու՝ դեռևս 1930 -ականներին։

Նա Մասաչուսեթսի աչքի և ականջի հիվանդանոցի և Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության համակցված կլինիկայի ղեկավարն էր երկար տարիներ, զուգահեռ դրան, մի քանի հիվանդանոցների դիմածնոտային բաժանմունքների վարիչը։

Արևմտյան ճակատի Հրաշագործը բերանի խոռոչի կլինիկական վիրաբուժության պրոֆեսոր էր՝ Հարվարդի բժշկական դպրոցի ու ԱՄՆ -ում առաջին ՝ պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորը:

Աշխարհով մեկ, ընդունելով նրա եզակի ու առաջինը լինելը, Երզնկացի այս ըմբոստ պատանին երբևէ, արժանացավ ամենատարբեր ազգեր ու պետությունների պատվավոր մրցանակների․

-Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության, ամերիկյան ընկերության հատուկ՝ պատվավոր կոչում՝ 1951թ։

– Գիտությունների դոկտորի պատվավոր կոչում Բաուդոյն քոլեջից՝ Բրունսվիք, նահանգ Մեն՝ 1952թ։

-Ամերիկյան ակնաբուժության և քիթ-կոկորդ-ականջ վիրաբուժական ակադեմիայի «Պատվավոր բանալի» մրցանակը՝ 1953թ.

-«Պատվավոր անդամություն Միչիգանի համալսարանի Չալմերս Ջ. Դիմածնոտային վիրաբույժների ամերիկյան ընկերությանը»՝ հատուկ, պատվավոր մրցանակը՝ 1956 թ. ։

-Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի մրցանակը՝ 1959 թ։

-«Բժիշկների և վիրաբույժների թագավորական քոլեջի պատվավոր անդամ» շքանաշան Գլազգոյում, Շոտլանդիա՝ 1967թ։

Նա եղել է Վիրաբույժների ամերիկյան քոլեջի, «Ակնաբուժության և քիթ-կոկորդ-ականջ վիրաբուժական ամերիկյան ակադեմիայի» և ատամնաբույժների ամերիկյան քոլեջի խորհրդի անդամ։

Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի, Դիմածնոտային վիրաբուժության ամերիկյան միության և պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության՝ նոր Անգլիայի միության նախագահ:

Կազանջյանին գիտեին նաև որպես հայտնի պրօֆեսոր, ով դիմածնոտային պրոտեզներ էր ստեղծում Զիգմունդ Ֆրեյդի համար, ով տառապում էր դիմածնոտային ոսկորի քացկեղից։

Հարվարդի բժշկական դպրոցի պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսոր, ԱՄՆ առաջին պլաստիկ վիրաբույժ, համաշխարհային պլաստիկ վիրաբուժության հիմնադիր հայր, Երզնկայից Հովհաննես և Աննա Կազանջյանների որդին՝ Վարազդատ Կազնաջյանը, մահացավ 1974-ի հոկտեմբեր 19-ին, Մասաչուսեթսի Բելմոնտ քաղաքի իր տանը՝ հետևից թողնելով համաշխարհային պատվավոր անունը՝ «Արևմտյան ճակատի Հրաշագործ, վունդերքինդ վիրաբույժը» Արևմտյան Եփրատի ափին բազմած՝ գեղատեսիլ Երզնկայից։

Ես էդպես էլ չհասկացա մարդկանց, ովքեր նման անմարդկային պայմաններից, ջարդ ու կոտորածից, դժոխքից փրկված ու ամենբարձր հաջողությունների հասած հանճարեղ գիտնականների մասին գրում են՝ «Է մեզ ի՞նչ․․»

նկարում՝ համաշխարհային պլաստիկ վիրաբուժության հիմնադիր հայր՝ պրոֆեսոր Վարազդատ Կազանջյան։

Էդուարդ Մանվելյան»



Նման նյութեր