- Մատուցվում է` 6-7 ժամ անց
- Նախն. ժամանակ` 30 րոպե
- Պատրաստման ժամանակ` 30 րոպե
Բաղադրիչներ
- Եփովի կրեմի համար՝
- կաթ – 500 մլ
- վանիլին – 0.5 թ/գդ
- շաքարավազ – 150 գր
- ձվի դեղնուց – 6 հատ
- ալյուր – 50 գր
- Ինչպես նաև՝
- բիսկվիթ – 3 հատ
- շոկոլադ սև – 100 գր
- սուրճ էսպրեսո – 100 մլ
- ռոմ – 50 մլ
- լիկյոր մրգային – 100 մլ (ազնվամորի)
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթից 0.5 բաժակ առանձնացնում ենք, մնացածը լցնում կաթսայի մեջ, ավելացնում վանիլինը և դնում թույլ կրակին: Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո կրակից վերցնում ենք և մի կողմ դնում:
Այդ ընթացքում շաքարավազը դեղնուցների հետ խառնիչով տրորում ենք:
Ավելացնում ենք ալյուրն ու, անընդհատ խառնելով, բարակ շիթով լցնում առանձնացրած 0.5 բաժակ կաթը և խառնում, որպեսզի համասեռ զանգված ստանանք:
Վանիլինով կաթից մի քիչ լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ, խառնում ենք, այնուհետև այդ զանգվածը լցնում կաթով կաթսայի մեջ և դնում թույլ կրակին:
Կրակի վրա դնելուց հետո պետք է զանգվածը մոտ 12-15 րոպե անընդհատ խառնել, որպեսզի չվառվի կամ չկտրվի (պետք է թթվասերի թանձրության կրեմ ստանանք): Պատրաստի կրեմը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ, ծածկում սննդային թաղանթով և թողնում ենք սառչի:
Այդ ընթացքում թունդ սուրճ էսպրեսո ենք եփում, լցնում խորը ամանի մեջ, ավելացնում ռոմը և թողնում ենք սառչի: Շոկոլադը կտրատում ենք, վրան մի քիչ կաթ կամ ջուր ավելացնում և գոլորշու վրա հալեցնում:
Կրեմը 2 մասի ենք կիսում և մի մասի մեջ շոկոլադ ավելացնում:
Պատրաստում ենք բիսկվիթը (ցանկալի է, որ այն բարձր չլինի):
Բիսկվիթից բաժակի չափով շրջաններ ենք կտրում:
Շրջանները դնում ենք բաժակների մեջ և թեյի գդալով շերտերը փափկեցնում ազնվամորու լիկյորով (եթե երեխաներին ենք հյուրասիրելու, ապա լիկյորը պետք է բացենք ջրով):
Բիսկվիթի վրա թեյի գդալով շոկոլադե կրեմ ենք լցնում և ծածկում երկրորդ բիսկվիթով, որը թեթևակի սեղմում ենք, այնուհետև այդ շերտը փափկեցնում սուրճով և ռոմով (երեխաների համար պատրաստելիս, կարող ենք կակաոյով և կաթով փափկեցնել): Շերտի վրա լցնում ենք սպիտակ կրեմը:
Եվ այդպես մինչև վերջ շարում ենք: Կրեմի վերջին շերտը կարող ենք լցնել հրուշակեղենային պարկով և զարդարել շոկոլադե քերուկով: Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը (ցանկալի է գիշերը սառնարանում թողնել, որպեսզի ավելի համեղ լինի):