Համաձայն գրեթե 600 տարի վաղեմության փաստաթղթերի նոր վերլուծության՝ Լեոնարդո դա Վինչիի մորը առևանգել և ստրկացրել են դեռահաս տարիքում և Կովկասից տարել Իտալիա։ Այս մասին հայտնում է Live Science-ը։
Այդ պահին Լեոնարդո դա Վինչիի ընտանիքի մասին հավաստիորեն հայտնի միակ փաստն այն էր, որ նրա ծնողները ամուսնացած չեն եղել, իսկ մոր անունը Կատերինա է եղել։ Ենթադրվում է, որ նա գյուղացի կին է եղել, և Լեոնարդոյի ծնվելուց հետո նրա հայրը՝ Պիերո դա Վինչին, ամուսնացել է մեկ այլ կնոջ հետ։
Փաստաթղթեր փնտրող և Նեապոլի համալսարանի իտալական գրականության պրոֆեսոր Կարլո Վեչեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեոնարդո դա Վինչիի մայրը կարող էր լինել չերքեզական ծագումով ստրուկ։ Ըստ Վեչեի՝ նրան տարել են Կովկասյան լեռներում գտնվող իր տնից, այնուհետև մի քանի անգամ վերավաճառել Կոստանդնուպոլսում և Վենետիկում՝ նախքան Ֆլորենցիա հասնելը: Այնտեղ նա հանդիպել է երիտասարդ նոտար Պիերո դա Վինչիին՝ Լեոնարդոյի հորը։
Վեչեն Ֆլորենցիայի պետական արխիվում հետազոտություններ կատարելիս հայտնաբերել է նախկինում անհայտ փաստաթղթեր: Դրանց թվում է եղել Պիերոյի կողմից ստորագրված լատինական փաստաթուղթը, որը թվագրված է եղել 1452 թվականի նոյեմբերի 2-ով։ Ըստ դրա՝ Պիերոն ստրկությունից ազատել էր ոմն Կատերինային։
Եթե գիտնականի եզրակացությունները հաստատվեն, կարող է պարզվել, որ դա Վինչին միայն կիսով չափ է իտալացի։ Արդյունքները, սակայն, համարվում են նախնական: