Սեւը 2023 թվականի գարուն-ամառ հավաքածուների թրենդներից է․ առաջին հայացքից կարող է թվալ, թե այս գույնն ամենեւին էլ գարնան համար չէ, սակայն դիզայներները պատրաստ են դեմ գնալ այս կարծիքին։ Ինչպես բարձր նորաձեւության հավաքածուներում, այնպես էլ առօրյա կամ ready to wear հագուստի ցուցադրություններում սեւը չի զիջում իր դիրքերը։ Այս տարի շատ միատոն կերպարների կհանդիպեք, կլինեն, նույնիսկ, ամբողջական հավաքածուներ՝ սեւ ու սպիտակ գույների մեջ: Նորաձեւության տները չեն հրաժարվում ամենադասական գույնից՝ շեշտադրելով այն եւ ոգեշնչվելով դրանից։ Եկեք միասին ուսումնասիրենք «սեւ» հավաքածուները, որոնք ներկայացրել են դիզայներները 2023 թվականի գարուն-ամառ սեզոնին։
Բարձր նորաձեւություն
Բարձր նորաձեւության գարնանային հավաքածուները հիացրել են սեւի սիրահարներին։ Օրինակ՝ Dior-ի շոուն։ Պոդիումին կային շատ ամբողջական սեւ կերպարներ, իսկ գործվածքների եւ հյուսվածքների բազմազանությունը գույնը դարձնում էին ավելի բազմակողմ ու ինքնատիպ: Այս նոր մոտեցումը հավաքածուն ինքնին զուսպ ու միեւնույն ժամանակ էլեգանտ էր դարձնում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են այս երանգով նայվում նորաձեւության միտումները՝ թափանցիկ գործվածքներն ու փայլերը:
Բարձր նորաձեւության սեւ տենդենցի հաջորդ հերոսը Ժան Պոլ Գոտիեն է։ Նրա շոուն հիացնում է ձեւվածքի գեղեցկությամբ եւ ուրվագծերի պարզությամբ: Այստեղ սեւը չի գերակշռում, բայց հաջողությամբ հակադրվում է այլ գույների հետ։ Գնահատեք, թե ինչպես են զգեստի վառ աստառն ու մանժետի դետալները նայվում մոդելի վրա։ Այո, սա ամբողջական սեւ կերպար չէ, բայց մենք չէինք կարող շրջանցել նման գեղեցկությունը։ Հավաքածուում կարելի է տեսնել նորաձեւության այնպիսի միտումներ, ինչպիսիք են՝ կտրվածքները, գլխարկները, փետուրները եւ փայլերը:
Բարձր նորաձեւության, կամ ինչպես ասում են՝ Haute Couture-ի մեկ այլ օրինակ է Chanel-ի գարուն-ամառ 2023 նորաձեւության ցուցադրությունը, որի մեջ շատ սեւ չկար։ Բայց նույնիսկ այս հավաքածուում կային միատոն լուքեր, որոնք փայլի, թափանցիկության եւ մաքսի երկարության մասին էին:
Ready to wear հավաքածուներ
Dior
Եվ նորից մեր հայացքը դեպի Dior-ն է: Նրանց գարուն-ամառ pret-a-porter հավաքածուն նվիրված էր նորաձեւության եւ ուժի երկխոսությանը, ինչպես նաեւ տեխնոլոգիայի ազդեցության տակ նորաձեւության փոփոխականությանը: Սեւ ժանյակ, թափանցիկ գործվածքներ, ժապավեններ եւ կիսաշրջազգեստներ․ այս հավաքածուի մեջ դուք կարող եք տեսնել նաեւ զուգագուլպաներ, որոնք նույնպես պատրաստված են թափանցիկ սեւ ցանցից, եւ անսովոր կրունկներ:
Versace
Versace-ի գարնանային հավաքածուի մեծ մասը կրում էր սեւ գույնի ազդեցությունը: Այս ցուցադրությանը ներառվել են առավելագույն թվով նորաձեւության միտումներ, որոնցով հարուստ է 2023 թվականի գարունը։ Բարձր կտրվածքներով կիսաշրջազգեստներ, կտրվածքներով հագուստ, կաշի, ժանյակ, թափանցիկություն, ծոպեր, զուգագուլպաներ եւ, նույնիսկ, գլխարկներով զգեստներ: Պոդիումով կողք կողքի քայլում էին մինի եւ մաքսի երկարությամբ կիսաշրջազգեստներն ու զգեստները։
Vera Wang
Հետաքրքիր է նաեւ Vera Wang-ի գարուն-ամառ 2023 հավաքածուն, որը ոգեշնչված է պոլո խաղով։ Գրեթե ամբողջն արված է սեւով, միայն մի քանի կերպարներ են «մեղմացված» սպիտակ երանգի միջոցով։
Yohji Yamamoto
Եվս մեկ հավաքածու գարուն-ամառ ցուցադրությունից ներկայացնում է ճապոնացի դիզայներ Յոհջի Յամամոտոն: Դրա մեջ հագուստի ծալքերը նման են օրիգամիի՝ կորսետներով կամ նմանատիպ աքսեսուարներով շերտավորված: Վերացական եւ միևնույն ժամանակ գեղատեսիլ այս հավաքածուն միայն որոշ հատվածներում մեղմացված է սպիտակ երանգով։
Dolce & Gabbana
2023 թվականի գարուն-ամառ ցուցադրությունը հիմնված էր ապրանքանիշի անցյալ 20 տարվա հավաքածուների վերաիմաստավորման վրա: Ընտրվել են անցյալ ցուցադրություններից իրեր, որոնք դիզայներները վերամշակել են: Հավաքածուի մեջ կարող ենք տեսնել կորսետներ, ներքնազգեստի հավաքածուներ, որոնց վրա կարված են ապրանքի ստեղծման տարին նշող պիտակներ։ Հինը միաձուլված է ժամանակակիցին` ցույց տալով Dolce & Gabbana հավաքածուն` իր ողջ շքեղությամբ: Գնահատեք, թե ինչպես է այն ներկայացնում ժամանակակից նորաձեւության միտումները՝ թափանցիկություն, ժանյակ, բարձր ներքնազգեստ, փայլեր, զուգագուլպաներ եւ կորսետներ:
Dries Van Noten
Վան Նոթենը նշել է, որ այս հավաքածուն նախագծելիս նկատի է ունեցել Մալեւիչի «Սեւ քառակուսին», թեեւ ներառված են նաեւ վառ գույներ: Կիրառելով «ամբողջական սեւ» կանոնը՝ ապրանքանիշը ստիպեց ավելի լավ կարդալ կերպարի ձեւվածքը, կառուցվածքը եւ ուրվագիծը: Եվ կրկին պոդիումին տեսնում ենք թափանցիկ իրեր, մինի եւ միդի կիսաշրջազգեստներ, կտրվածքներ եւ ցածր գոտկատեղով իրեր:
Saint Laurent
Գարնանային այս հավաքածուից այնպիսի զգացողություն կա, թե դիզայները միաժամանակ մերկացրել եւ թաքցրել է մոդելի մարմինը։ Կիպ զգեստներ՝ գլխարկով, ժանյակով, շերտերով, կտրվածքներով եւ թափանցիկ դետալներով: Այս շոուի մեջ ամեն ինչ ներկայացված էր: Իհարկե, առանց սեւի չէր կարող լինել․ այն առկա էր եւ որպես առանձին երանգ, եւ որպես այլ երանգների հավելում։
Givenchy
Givenchy-ի ոչ ամբողջ հավաքածուն էր ներկայացված սեւ գույնով։ Այնտեղ ներառված էին թվիդ, նեոնային եւ այլ երանգներ։ Բայց սեւ կերպարները անմիջապես տպավորում են: Այս գույնի մեջ կարող եք գտնել ինչպես էլեգանտ, այնպես էլ համարձակ իրեր։
Fetico
Մենք նորից կսիրահարվենք սեւին ու Fetico-ի գարուն-ամառ հավաքածուին: Այն ներկայացված է նրբագեղ իրերով, որոնք ընդգծում են կանացի կազմվածքը։ Թափանցիկ գործվածքներ, ցանց, զուգագուլպաներ․ այս ամենը ցուցադրության մեջ էր:
Valentino
Valentino-ի «սեւ ելույթներն» անտարբեր չեն թողնի ոչ մեկին։ Շոուի սկզբում կարող էր թվալ, թե սեւն այնքան էլ կարեւորված չէր, բայց վերջում մենք տեսանք այս գույնի ողջ հարստությունը․ մինչեւ հատակը հասնող նրբաճաշակ զգեստներ եւ փոքրիկ սեւ զգեստներ, կաշվե, ծալքավոր եւ թափանցիկ գործվածքներ՝ այս ամենը հատուկ շքեղություն էր հաղորդում հավաքածուին։
Balenciaga
Խոսելով սեւի մասին՝ Balenciaga-ին չի կարելի անտեսել: Հնարավոր է՝ շոուի լուսանկարում դժվար լինի տեսնել մանրամասները, այնպես որ, կարծում եմ՝ ավելի լավ է դիտել ցուցադրության ամբողջական տեսագրությունը։ Էլ որտե՞ղ կարող եք տեսնել մոդելների, որոնք քայլում են կեղտոտ պոդիումով:
Alexander McQueen
Այս նորաձեւության տան գարնանային ցուցադրության ժամանակ սեւի առատությունը եւս նկատելի էր։ Այս գույնը համադրվում էր կիսաթափանցիկ գործվածքների, չափազանց ցածր գոտկատեղով տաբատների, փայլի եւ տարբեր կտրվածքների հետ:
Սեւ գույնը միշտ չէ, որ մռայլ է։ Այն կարող է լինել ոճային եւ սեքսուալ, թեթեւ եւ հաճելի: Թեեւ, իհարկե, նրա հետ ամենահեշտը թրենդային գոթական կերպար ստեղծելն է՝ կաշվի ու ժանյակի համադրությամբ։ Նորաձեւության ինչպիսի միտում էլ ընտրեք, այս գարնանը սեւը կմնա ակտուալ: Հաջորդ աշնանը եւս այն չի զիջի իր դիրքերը։ Այնպես որ, եթե ժամանակ չունեք վայելելու այն այս գարնանը, հանգիստ եղեք՝ այն դեռ երկար արդիական կմնա։