Wildberries-ը կսկսի սմարթֆոններ, հեռուստացույցներ և սառնարաններ վաճառել սեփական ապրանքանիշի ներքո, հայտնում է ռուսական Vedomosti-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։
Վերջինս նշել է, որ այդ ապրանքները կլինեն «միջին գնային սեգմենտում»։ Պարբերականի մեկ այլ աղբյուր ասել է, որ ընկերության կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան արտադրվելու են Razz և Ruzz ապրանքանիշերով։ Wildberries-ն այս ապրանքանիշերի գրանցման համար համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է անցյալ տարվա դեկտեմբերի վերջին, ինչը հաստատվում է Rospatent-ի նյութերով։
Առաջին փուլում Wildberries-ը կսկսի վաճառել մոտ 100 անուն կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա, այդ թվում՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, փոշեկուլներ, բլենդերներ, խառնիչներ, հեռուստացույցներ և այլ տեխնիկա։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Wildberries-ի ներկայացուցիչը։
Առաջիկա ամիսներին Wildberries-ի տեսականու մեջ կհայտնվեն նաև պլանշետներ, նոութբուքներ, սմարթֆոններ և այլ կրելի գաջեթներ՝ սեփական ապրանքանիշի ներքո։
Wildberries-ը կարծում է, որ իր բրենդային սարքավորումների նկատմամբ հետաքրքրությունը կլրացնի շուկայում առաջարկի պակասը և այս սեգմենտում պահանջարկի աճ կձևավորի։ Անցյալ տարի Wildberries-ի կայքում սարքավորումների և էլեկտրոնիկայի վաճառքն աճել է 97%-ով: Կենցաղային տեխնիկայի վաճառքն աճել է 108%-ով, մինչդեռ նոութբուքների և համակարգիչների վաճառքն աճել է 132%-ով։
Wildberries-ը մանրածախ առևտրի ռուսական խոշորագույն առցանց հարթակ է, որը հիմնվել է 2004 թ․։ Բացի Ռուսաստանից, այն ծառայություններ ունի 15 այլ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Լեհաստանում, Սլովակիայում, Իսպանիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում և Ուզբեկստանում։ Ընկերությունն ունի ավելի քան 48,000 աշխատակից։ Wildberries-ը վաճառում է 37,000 ապրանքանիշի հագուստ, կոշիկ, կոսմետիկա, կենցաղային ապրանքներ, մանկական ապրանքներ, էլեկտրոնիկա, գրքեր, զարդեր, սնունդ և այլն։
Անցած տարվա դեկտեմբերին Wildberries-ն սկսել է Հայաստանից ապրանքների ուղիղ վաճառքն այլ երկրներ։