ArmenՅԱՆs․ Gucci-ի, L’Oreal-ի եւ այլ բրենդների դեմք դարձած հայազգի մոդել Կարինե Պետրոսյանը՝ արմատների, կարիերայի, դստերը միայնակ մեծացնելու մասին. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ArmenՅԱՆs․ Gucci-ի, L’Oreal-ի եւ այլ բրենդների դեմք դարձած հայազգի մոդել Կարինե Պետրոսյանը՝ արմատների, կարիերայի, դստերը միայնակ մեծացնելու մասին. news.am

– Կարինե, Ձեր մայրը ռուս է, հայրը՝ հայ։ Ձեր արմատներից ո՞րն է ավելի գերակշռում Ձեր մեջ։ 

– Երկու կողմերն էլ միշտ խառնված են իմ ներսում։ Երբեմն ինձ ավելի շատ հայ եմ զգում, երբեմն էլ՝ ռուս։ Բայց ինձ դուր է գալիս այս երկու ազգերին իմ ներսում կրելը։ Լավ է ունենալ հայկական ու ռուսական գծեր։ Երկուսն էլ օգտագործում եմ։

– Դուք երկար տարիներ ապրել եք Ռուսաստանում, հիմա բնակություն եք հաստատել Դուբայում։ Կարողացե՞լ եք պահպանել հայկական մշակույթը, լեզուն, ավանդույթները։
– Արդեն երկու տարի է՝ բնակվում եմ Դուբայում։ Սա շատ միջազգային վայր է։ Շատ լավ ընկերներ ունեմ Հայաստանից, բայց մենք միմյանց հետ անգլերենով ենք շփվում, քանի որ նրանք երկուսն էլ մեծացել են Անգլիայում։ Ես հայերեն հասկանում եմ, բայց չեմ խոսում։ Մեր ընտանիքում ռուսերեն ենք խոսում, քանի որ ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում։ Բայց շատ եմ սիրում հայկական մշակույթն ու ուտեստները։ Դրանք հիասքանչ են։ Հիմա Դուբայում մենք հաճախ ենք հայկական ուտեստներ պատրաստում կամ էլ այցելում ենք հայկական ռեստորաններ։ Բացի այդ՝ շատ երգեր եմ լսում հայերենով։

– Ինչպե՞ս սկսեցիք մոդելի կարիերան։ 

– Իմ ծննդավայրում՝ Ստավրոպոլում, ես հաճախում էի մոդելային դասընթացների: Մի օր էլ մի գործակալ, որը հայտնաբերել էր նաեւ Նատալիա Վոդյանովային, Ռուսաստան կատարած իր ճամփորդության ընթացքում նոր դեմքերի էր փնտրում։ Այդպես նա ընտրեց ինձ ու ես մայրիկիս հետ մեկնեցի Մոսկվա՝ մասնակցելու ռուս աղջիկների շրջանում հայտարարված քասթինգի։ Այն անցկացվում էր Elle Top Model 2008-ի շրջանակում, որտեղ ես զբաղեցրի 2-րդ հորիզոնականը։ Դրանից հետո պայմանագրեր ստորագրեցի լավագույն մոդելային գործակալությունների՝ Major-ի, Storm-ի, ավելի ուշ՝ նաեւ IMG MODELS-ի ու Next Models-ի հետ։ Հետո սկսեցի աշխարհով մեկ ճամփորդել ու աշխատել։ Մասնակցել եմ Նյու Յորքի, Լոնդոնի, Միլանի, Փարիզի, Տոկիոյի, Շանհայի նորաձեւության շաբաթներին եւ շատ այլ հեղինակավոր ցուցադրությունների։

– Դուք ճանաչված բրենդների հետ եք աշխատում․ ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը, եւ, արդյոք, տարբերվող արտաքինը օգնո՞ւմ է։ 

– Առհասարակ, երբ անվանի բրենդների քասթինգներին եմ մասնակցում, մրցակցությունն ահռելի է լինում, եւ ընդամենը 30 վայրկյանում կամ 3 րոպեում պետք է կարողանաս համոզել, որ հենց քեզ ընտրեն։ Պետք է շատ ինքնավստահ լինես, ինչը հաճախ շատ դժվար է լինում, հատկապես, եթե դրանից առաջ եւս մի քանի շոուներից մերժում ես ստացել։ Բայց պետք է վստահ լինես, որ դու լավագույնն ես եւ ստիպես, որ դիզայներներն էլ հավատան, որ հենց քո կարիքն ունեն։ Իհարկե, կարեւոր են նաեւ քայլքն ու տեսքը։ Կարծում եմ՝ իմ դեպքում մեծ դեր են խաղում իմ խոշոր աչքերը, շատ բրենդներ դա գնահատում են։ Շատերը կարծում են՝ ես ֆրանսուհի եմ, իտալուհի կամ էլ՝ իսպանուհի։

Ավելի մանրամասն՝ news.am