«Մեր պետականությունը պահել է եկեղեցին, ամուր պետականության համար պետք է պահպանել եկեղեցին, արժեքները և առողջ հավատքը». Պետրոս Հոկտանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մեր պետականությունը պահել է եկեղեցին, ամուր պետականության համար պետք է պահպանել եկեղեցին, արժեքները և առողջ հավատքը». Պետրոս Հոկտանյան

168.am-ի զրուցակիցն է բանաստեղծ Պետրոս Հոկտանյանը։

– Պետրոս Հոկտանյան, բանաստեղծն ինչի՞ մասին է գրում։

– Գրում եմ հիմնականում այն, ինչը մենք ապրում ենք, ինչը մեր կյանքում կա, առկա է թե՛ սեր, թե՛ հայրենասիրություն։ Ես այդպես կոնկրետ թեմաներ չունեմ, որ հատուկ որոշեմ, որ սրա մասին պիտի գրեմ, ու գրեմ։ Ինձ մոտ մի քիչ այլ կերպ է պոեզիան ծնվում, նայած ինչ հոգեվիճակում եմ գտնվում, ըստ դրա էլ խոսքն ինքնաբերաբար գալիս է։

– Պետրոս, հարցազրույցներից մեկում ասել էինք, որ մուսա չունեք, այդ դեպքում միայն հոգեվիճա՞կն է օգնում ստեղծագործելիս։

– Կարելի է և այդպես ասել, կրկնում եմ՝ ինձ մոտ այլ կերպ է ծնվում պոեզիան, եթե կարելի է այդպես անվանել, ճիշտ է, ասում են՝ բանաստեղծ, գրող և այլն, բայց ինքս այդ մտքին դեռ չեմ հարմարվում, որովհետև ինձ համարում եմ ընդամենը ստեղծագործող անձ, ինքս ընդամենը ստեղծագործում եմ։ Ես իսկապես մուսաներ չունեմ, փորձել եմ իմ սեփական մաշկի վրա, ինչ գրում եմ, նախ, եթե անգամ ենթագիտակցորեն է գալիս այդ միտքը, ապա այն անպայման իրականանում է, կապ չունի՝ ինչ թեմայով է գրված, այսինքն՝ էներգետիկան գալիս է վերից, ես չեմ հասկանում՝ դա ինչպես է կատարվում։

– Հայաստանում շատ կան ժամանակակից գրողներ, բայց նրանց ստեղծագործություններն այնպիսի բում չեն առաջացնում, ինչպես ձեր ստեղծագործությունները, գաղտնիքը ո՞րն է։

– Եթե անդրադառնանք իմ ստեղծագործությունների աուդիոտարբերակներին, դա կախված է նրանից, թե ովքեր են ընթերցում, ես կարողանում եմ ընտրել ընթերցողին։ Այսպես ասած՝ տեսնում եմ, որ այդ ստեղծագործությունը նրա մատուցմամբ փոփոխությունների կենթարկվի, բանավոր խոսքի կվերածվի, և, բնականաբար, երևի էներգետիկան էլ իր դերն է խաղում։ Այդ հարցն ինձ շատ են տալիս, մենք ունենք շատ զիլ գրողներ, ինքս նույնպես նրանց գրքերն ընթերցում եմ: Կարդում եմ և զարմանում, որ, օրինակ, համացանցում դրանց դիտողականությունը քիչ է, սա ինչ-որ տեղ նաև ինձ է վիրավորում։ Ես այսօր սիրում եմ լավը գովերգել։

Սրան զուգահեռ՝ կան մարդիկ, որոնք ինձ չեն սիրում, դրա համար չեմ կարող ասել, որ բոլորը իմ ստեղծագործությունները սիրում են, ճաշակի հարց է։ Ովքեր ընտրել են իրենց գրողին, ուրեմն՝ նրան են հավանում, և այնպես չէ, որ միայն ես եմ ստեղծագործությունների աուդիոտարբերակներ անում, էլի կան։ Շատ բան չեմ կարող ասել՝ ճաշակի ու ընտրության հարց է։

– Ձեր ստեղծագործություններն ընթերցում են հայ անվանի արտիստներից շատերը, համագործակցությունը նրանց հետ ինչպե՞ս է եղել, առաջարկը Ձե՞ր կողմից է եղել, թե՞ նրանց։

– Առաջարկը եղել է և՛ իմ կողմից, և՛ նրանց, ցանկացել են այս կամ այն ստեղծագործությունն ընթերցել։ Եղել են դեպքեր, անուններ չնշեմ, որ փորձել ենք անել, բայց ընթերցումն ինձ դուր չի եկել, և աշխատանքը չի հանրայնացվել։ Պոեզիայի կարդալը մի քիչ բարդ հասկացողություն է, և բնավ պարտադիր չէ, որ դրա համար թատերական կրթություն ունենաս, այն զգայական է, խոսքը պետք է ճիշտ զգաս, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։

Համագործակցությունն այսպես է եղել՝ սկսել ենք դերասան Բաբկեն Չոբանյանի հետ, այսինքն՝ իմ երկրորդ գրքի հետ կապված փոքր տեսանյութ էինք նկարահանել, և պետք էր, որպեսզի Բաբկենի ձայնը լիներ, առաջարկն այդպես եղավ, հետո արդեն համագործակցությունը դարձավ շարունակական, ինչն էլ հետագայում նրա հետ արդեն վերածվեց ընկերության ու մտերմության։ Եվ ոչ միայն Բաբկենը, ովքեր ինձ հետ համագործակցել են, նրանց գրեթե 90 տոկոսն այսօր ինձ համար շատ հարազատ ու մտերիմ մարդիկ են դարձել։ Առաջիկայում պլանավորում ենք նոր արտիստների կողմից ընթերցումներ։ Ինքս հանդիսանում եմ «PH» պրոդաքշնի հիմնադիրը, և բացի իմ գործերից, նաև օգնում ենք ընթերցողներին, եթե ցանկանում են ձայնագրվել կամ մեզ մոտ ունենալ նախագիծ, մենք տալիս ենք ճիշտ ընթերցանության ցուցումները, երաժշտության ճիշտ ընտրությունը և այլն։

– Պետրոս, ստեղծագործելիս, մասնավորապես՝ գրքեր հրատարակելիս, Հայաստանում ի՞նչ խնդիրների եք բախվում, Հայաստանում ստեղծագործելը հե՞շտ է, նկատի ունեմ՝ դաշտը բա՞ց է։

– Այսպես ասեմ՝ այսօր դժվար չէ Հայաստանում գիրք հրատարակելը, ցանկացած մեկը դա կարող է անել։ Ինքս երկու գիրք եմ արդեն հրատարակել, երրորդն էլ պատրաստում եմ։ Բայց եթե անկեղծ լինեմ՝ նախորդ երկու գրքերը չեմ հավանում, այստեղ շտապողականություն է, դե, շրջան գոյություն ունի, մարդը պրոգրես է գրանցում և հետագայում հասկանում, որ նախորդ երկու գրքերն ինքը չի հավանում։ Ես դա չեմ համարում ինչ-որ ձեռքբերում ինձ համար և չեմ էլ շտապում երրորդը հրատարակել։ Գրքերի համար խմբագիրներ շատ կան, ուղղակի պետք է կարողանաս քո խմբագրին գտնես, ով կկարողանա ճիշտ ընկալել քո գործերը և ստեղծագործությունը չձևափոխի, այսինքն՝ ինչպես գրողն է գրել, ինքն արդեն պիտի նյուանսները հասկանա։ Չգիտեմ, յուրաքանչյուրը տարբեր կերպ է հարցին մոտենում։

Ինձ մոտ չեն եղել բախումներ, եթե ես հիմա հրատարակեմ երրորդ գիրքը, պիտի նորից անեմ նույն մոտեցմամբ, այսինքն՝ որակապես պիտի լինի լավը, կամ չլինի, կոնկրետ գրքի որակի մասին է խոսքը։ Իսկ գրքի ներսում եղածը, բնականաբար, առաջնային է, դրա համար չեմ ուզում շտապել, գինու նման է, պիտի հասունանա, որ խմես։

– Այսօր Հայաստանում ժամանակակից գրողն իր գրքերի հրատարակություններով կարողանո՞ւմ է ինքն իր համար սոցիալական որոշակի խնդիր լուծել, այդ գրքերը վաճառվո՞ւմ են։

– Հարցի պատասխանն իսկապես շատ ծավալուն է, որովհետև ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես գրում, ինչ են սպառում։ Այսօր կան «մոտիվացիոն» գրքեր, որոնք ամեն օր փիառում են, մարդիկ դրանք գնում են՝ անգամ չհասկանալով, թե ինչ գնեցին։ Այսինքն՝ այս գրքերի վաճառքը տեղի է ունենում փիառի հաշվին։ Օրինակ, չափածո գործերի մեծ մասն այսօր չի վաճառվում, որքան էլ դրանք զիլ գործեր լինեն: Չգիտեմ, այսօր մարդկանց հոգեբանությո՞ւնն է փոխվել, թե՞ աշխարհում տեղի ունեցողն է պատճառը։ Կրկնում եմ՝ խնդիրն այն է, թե մենք այսօր ինչ ենք գնում, եթե, օրինակ, այսօր քարոզվում է հակաքրիստոնեություն, սատանիզմ կամ խեղումներ և այլն, աշխարհում գրեթե 70 տոկոսին դա դուր է գալիս։ Հետևաբար՝ նման գրքերի հեղինակները դրանից շահում են։ Սակայն ինքս այդպես չեմ մտածում, ավելի լավ է ես ստեղծագործեմ առաջին հերթին ինձ համար, իմ հետաքրքրության համար, բայց նման կոնտեքստներ չունենա իր մեջ և ավելի շատ լինի դաստիարակչական, քանի որ գիրքն ինքն իրենով նաև մարդուն ուղղորդում է։

Պիտի լինես մարդկանց ինֆորմատորը, նրանց ճիշտ ուղղորդես։ Ես մի տեսակ դեմ եմ դրան, պիտի ամեն ինչ չտպագրվի, ես զգամ՝ որևէ բան լավը չէ, ես չեմ շտապելու։ Եթե այսպես բոլորս մտածենք, երևի թե կունենանք նորմալ գրականություն։ Խոսքը գրականության մասին չէ, ես գլոբալ եմ խոսում, ոչ միայն Հայաստանի մասին։ Այսօր աշխարհում շատ բան է փոխվել, և պետք է հասկանանք, թե ինչ ենք տպագրում։ Վերջերս գիրք հայտնվեց ձեռքիս, կարդալուց հետո հասկացա, որ որևէ բան չկար ասելու, միայն դրդում էր ինքնասպանության, դեպրեսիաների, և այդ գիրքը միլիոնավոր օրինակներով վաճառվել է, ես հենց սրա մասին եմ խոսում։ Մարդկանց ճաշակը, հոգեբանությունը փոխվել է, բնականաբար, այստեղ չափածո ստեղծագործությունը տուժելու է, հիմա ավելի լավ արձակ գործերն են վաճառվում, քան պոեզիան։ Սրա մասին եմ խոսում, որ զուր տեղը ինձ «լայքեր» պետք չեն, այսօր տեսնում ենք՝ ինչ-որ բան 1500 «լայք» է հավաքել, բայց նայում ես՝ նյութ չկա, դատարկություն է։

– 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո բոլորիս կյանքում անկումների փուլ է սկսվել, որպես ստեղծագործող մարդ՝ այս ամենը Ձեզ վրա ինչպե՞ս է անդրադարձել, այդ ամենը որևէ կերպ արտացոլվե՞լ է Ձեր ստեղծագործություններում։

– Իհարկե, ունեցել է ազդեցություն, բնականաբար, պիտի ազդեր, քանի որ ես էլ եմ հայ և ապրում եմ այս պետության մեջ։ Ունեի ընկերներ, որոնք պատերազմից հետո այսօր ֆիզիկապես չկան։ Ունեմ գործեր, որոնք վերաբերում են պատերազմին, բնականաբար, ինձ համար այդ ամենի մասին գրելը դժվար էր։ Չգիտեմ, այս ստեղծագործություններն ինչպես են ծնվել, բայց մի շարք, որը նվիրված է պատերազմին, այդ տրավման մենք մինչ օրս մեր մաշկի վրա զգում ենք։ Դեռ երկար ժամանակ է պահանջվելու, չենք կարողանալու մոռանալ այն, ինչ կատարվեց, բայց գոնե ցավը կբթանա ժամանակի ընթացքում։ Եթե որևէ մեկը կասի, որ իր վրա այս ամենը չի ազդել, ուրեմն՝ ինքն իմ համար հայ չէ։

Հասարակության մեջ տարբեր արժեքների անկում նկատո՞ւմ եք: Վերջին շրջանում, օրինակ, շատ է խոսվում, որ մարդիկ հեռացել են Առաքելական եկեղեցուց։ Այսօր հայ հասարակությունն առհասարակ ի՞նչ արժեքների է դավանում։

– Ինքս Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ և, բնականաբար, այլ հավատքի դեմ եմ, սա իմ անձնական կարծիքն է, թեպետ հիմա ասում են, թե դա նորմալ է։ Սակայն դարեր շարունակ մեր պետականությունը պահել է եկեղեցին, հետևաբար՝ անթույլատրելի է եկեղեցու քանդումը, բնականաբար, այս ամենն ազդում է մարդկանց հոգեբանության վրա, դեգրադացնում է մարդկաց, թուլացնում։ Բնականաբար, եթե մենք ուզում ենք ունենալ ամուր պետականություն, պետություն, սա նաև կարևորագույն խնդիր է, որը պետք է լուծել՝ պահպանել եկեղեցին, արժեքները և առողջ հավատքը։

Այսօր շատ է խոսվում, որ կրթությունն այն հիմքերի վրա չէ՝ սկսած մանկապարտեզներից, ինչի վրա պիտի լիներ, հասարակությանը գրագետ մարդ տալու համար։ Ի՞նչ թերություններ եք դուք այս ոլորտում տեսնում։

– Մարդու դաստիարակությունը սկսվում է կրթությունից, և դա սկսվում է հենց մանկապարտեզից։ Մանկավարժի մասնագիտությունն ամենաբարդ մասնագիտություններից մեկն է, և մեր սերնդին լավ դաստիարակելու համար մեզ պետք են լավ մանկավարժներ։ Պետությունը պիտի առաջնայինը տեղ տա մանկավարժին, որովհետև նրանից շատ բան է կախված, թե երեխան ուր է գնալու, ինչպես է մտածելու, ինչ ինֆորմացիայի է տիրապետելու։ Քիչ թե շատ տեղեկացված եմ, որ դպրոցներում ծրագրեր են փոխվում, գրքերում նոր գրական գործեր են ավելանում, իհարկե դեմ չեմ՝ թող ավելանան նոր հեղինակներ, բայց չի կարելի դասականին զտել և ջնջել այն ամենը, ինչը մեր պատմությունն է, ու դրանով դաստիարակվում են։

Չգիտեմ, այս ինչ է կատարվում այս երկրում կամ առհասարակ կրթության ոլորտում, բայց կրկնում եմ՝ դեմ եմ, որ դասականների ստեղծագործությունները հանեն դասագրքերից, որովհետև եթե այդ ստեղծագործությունները հայրենասիրություն են քարոզում, այն ավելի շատ պիտի լինի, ոչ թե նվազի, թեկուզ, եթե ինձ հետագայում քարկոծեն՝ պիտի ասեմ՝ չասել չեմ կարող։

– Բայց այսօր շատերը հայրենասիրությունը համարում են ոչ ժամանակակից երևույթ, այսինքն՝ հայրենասիրությունը հիմա ժամանակավրեպ են համարում։

– Հայրենասիրությունը պաթոսը չէ, որ պիտի անպայման սոցիալական հարթակներում մի բան գրես, նոր համարվես հայրենասեր։ Մարդը նախ ներսից պիտի հայրենասեր լինի, ատաղձագործը կարող է այնպիսի հայրենասեր լինել, որ նրանից սովորեն։ Պետք չէ վերածել պաթոսի, եթե մենք մի տեղ ապրում, արարում ենք և պահպանում ենք մեր գոյը, դա նաև մեր հողն ու ջուրն է։ Եթե մտածում են, որ հայրենասեր լինելը ժամանակավրեպ է, ապա դա իրենց անձնական խնդիրն է:

– Ի՞նչ գիրք եք կարդում այժմ, ու ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք, որպեսզի կարդային մեր ընթերցողները։

– Վերջերս ինձ կինս նվիրեց Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր ֆերային», սկսել էի կարդալ, բայց կիսատ է մնացել, զուտ ժամանակի խնդրի համար։ Նվիրել են նաև Նիկոս Կազանձակիսի «Հույն զոռբան», դեռ չեմ սկսել կարդալ։ Վերջին տարիներին շատ քիչ եմ ընթերցում, պատճառը զբաղվածությունս է, ավելի շատ ստեղծագործում եմ։ Խորհուրդ կտամ կարդալ Հեսսեի «Տափաստանի գայլը», նաև «Դեմիանը», Դոստոևսկու «Ոճիր և պատիժը»։

Զվարթ Խաչատրյան



Նման նյութեր