ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լսելով Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի հաշվետվությունը ` պայմանական բավարար է գնահատել այն:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` Արմեն Ամիրյանը նշել է, որ ծրագրերը պետք է ակտիվացնել հատկապես մարզերում, որպեսզի այնտեղ ապրող երեխաները ևս արվեստի հետ շփվելու հնարավորություն ստանան:
Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը խոստացել է 2017-ին ընդհանուր ցուցանիշն ավելացնել 50 տոկոսով: Նախարարը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքը ԶԼՄ-ների հետ և սոցցանցերում, հուշանվերների պատրաստման գործում օգտագործել տեղական ուժերը, նախապատվությունը տալ տեղացի արվեստագետներին:
Նախարարը պահանջել է մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի ազգային պատկերասրահի գործարար մտադրությունների ծրագիրը՝ ներառելով նաև, այսպես ասած, ոճայինը, աշխատողների համազգեստից մինչև անհրաժեշտ մանրուքները: Միջազգային մշակութային անցուդարձն ուսումնասիրելուց հետո համագործակցության հնարավոր տարբերակներ առաջարկող «մտադրությունների» փաթեթով ներկայանալ մեկամսյա ժամկետում:
Անդրադառնալով թվային ցուցանիշներին` Ամիրյանը համեմատություններ է անցկացրել Պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի միջև. «Ինձ համար ա յս ցուցանիշները խիստ տարօրինակ են. Պատկերասրահը պետությունից ստացել է մոտ 374 միլիոն դրամ, տոմսերի վաճառքից աշխատել ընդամենը 15.5 միլիոն դրամ, իսկ ընդհանուր` 58 միլիոն շուրջ 374 միլիոնի դիմաց: Նույն շենքում գործող Հայաստանի պատմության թանգարանը ստացել է շուրջ 167 միլիոն դրամ, աշխատել 95.5 միլիոն: Ինչպե՞ս կբացատրեք սա»։
Նշվածի վերաբերյալ Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի հիմնավորումները լսելուց հետո նախարարն ասել է. «Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դուք ինձ պետք է ցույց տաք տոկոսային նույն ցուցանիշները, ինչ՝ Պատմության թանգարանը… Մենք այստեղ հավաքվել ենք ոչ թե մեղադրելու և պատճառաբանություններ լսելու, այլ բարձրաձայնելու ցավոտ խնդիրները, միասին լուծումներ գտնելու և սահմանելու դրանց լուծման հստակ ժամկետներ: Միասի՛ն որոշենք՝ ինչպես ենք առաջ շարժվում: Պետք է ուսումնասիրել համաշխարհային միտումները, տեսնել, թե ինչ է շնչում աշխարհը: Աչքեր դ բացեք ու տեսեք՝ ինչ է կատարվում աշխարհում: Պատկերասրահը պետք է լինի ամենաեկամտաբեր թանգարանը, որովհետև դուք ունեք բացառիկ հարստություն: Ի դեմս այդ հարստության, ամենամեծ ներդրումն այստեղ արդեն կատարված է, բացե՛ք դռները, ներկայացրե՛ք մեր հարստությունը: Ինչո՞ւ եմ շեշտը դնում եկամտի վրա, որովհետև դա ուղիղ համեմատական է մեր մշակույթի հանրահռչակմանը»,-նշել է նախարարը:
Ազգային պատկերասրահի տնօրենին հասցեագրած նույնպիսի հորդորներ հաջորդ հաշվետվությանը նախարարն ուղղեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին, որի տեղեկացմամբ, 2016-ին Պատմության թանգարան է այցելել շուրջ 68.800 մարդ, որից 30 տոկոսը՝ անվճար:
Շուրջ 300 այցելություն՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Նախարար Ամիրյանին ցուցանիշը չգոհացրեց. «Այցելուներին ներգրավելու նոր հնարավորություններ փնտրեք, աշխատեք զբոսաշրջային ընկերությունների հետ: Հայաստան այցելող զբոսաշրջիկների ո՞ր տոկոսն է այցելում Պատմության թանգարան: Ամեն երեկո Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ քանի՞ մարդ է զբոսնում, նրանցից քանիսի՞ն դուք կարող եք բերել թանգարան, որ չեք բերում: Դա անելու համար օգտագործեք գովազդի բոլոր հնարավոր միջոցները»,-հորդորել է Արմեն Ամիրյանը: