Աշխատանքից մինչեւ գործնական հանդիպումներ, պաշտոնական միջոցառումներից մինչեւ ծննդյան ու հարսանեկան խնջույքներ․ կա հագուստի տեսակ, որը հրաշալիորեն համադրվում է այս բոլոր առիթների հետ՝ կախված ինչպես եք այն կրում եւ ինչ դետալների ամբողջությամբ։ Խոսքն, իհարկե, դասական ոճի խորհրդանիշ համարվով կոստյումի մասին է, որը հրաշալիորեն լրացնում է ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց զգեստապահարանները։
«Հարսնացուն Հյուսիսից» սիրված ֆիլմի ամենատարածված հարցադրումներից մեկին մենք տալիս ենք դրական պատասխան:) Այո, կոստյումն է, որ միշտ գեղեցկացնում է։ Այնպես որ, եթե առիթի եք ու չեք կողմնորոշվում՝ ինչ հագնել, իմացեք կոստյումը միշտ էլ լավ ընտրություն է, այս սեզոնին, հատկապես, միատոն կերպարի՝ նույն երանգի պիջակի եւ տաբատի համադրությամբ։
NEWS.am STYLE-ն առանձնացրել է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի դասական կերպարները։
Մոխրագույն կոստյումը, չնայած, տարածված, բայց միշտ հետաքրքիր ընտրություն է։ Իվետա Մուկուչյանը նախընտրել է պարզ, բայց բավական աչքի ընկնող կերպար։ Երգչուհին օվերսայզ կոստյումը համադրել է տոպի ու սպորտային կոշիկների հետ, իսկ մազերը հավաքված են ձիգ պոչով, ինչը կերպարին հաղորդում է կոկիկ ու էլեգանտ տեսք (լուսանկարն՝ Instagram-ից)։
Իննա Խոջամիրյանը եւս կրում է գեղեցիկ մոխրագույնը։ Դերասանուհին, նույնպես, նախընտրել է օվերսայզ տարբերակը, իսկ տաբատի համար հետաքրքիր լուծում գտել՝ այն դնելով բարձրակրունկների տակ։ Ի դեպ, տաբատի եզրերն այս տեսքով բավական թրենդային են դարձել։ Իննան այսկերպ եւս մեկ անգամ ցուցադրել է դասական կոստյումի ոճային բազմազանությունը՝ կախված այն կրելու ձեւից (լուսանկարը՝ theeiconn)։
Զոլավոր կոստյումները թրենդային մեկ այլ պատմություն են։ Պատկերացրեք, երբ օվերսայզը, զոլերը, դասականն ու հյուսքերը համադրվում են։ Այո, ստացվում է գերթրենդային կերպար, որն էլ ցուցադրել է դերասանուհի Էլեն Ասատրյանը։ Դերասանուհու լուքը հենց իր բրենդային՝ Elayne collection-ից է (լուսանկարը՝ sakaailab)։
Արփի Գաբրիելյանն, առհասարակ, կոստյումային լուքերի սիրահար է։ Նրան հաճախ կարելի է տեսնել ինչպես պիջակի ու տաբատի համադրություններով, այնպես էլ կոստյում-զգեստներով։ Դերասանուհու զգեստապահարանում, կարծես, հնարավոր կլինի գտնել ամենատարբեր երանգների կոստյումներ։ Մենք առանձնացրել ենք շատ հանգիստ ու նուրբ կրեմագույնը, որով Արփին ներկայացել էր «Հայ երգիչ» նախագծի նկարահանումներից մեկին (լուսանկարը՝ theeiconn)։
Մերի Հակոբյանն ընտրել է սեւ կոստյում, որին ավելի մեղմ ու հետաքրքիր տեսք են հաղորդում սպիտակ օձիքն ու դեկոլտեն։ Բացվածքը Մերին «փակել է» քարերով պատված զարդով (լուսանկարը՝ Instagram-ից)։