Շքեղ Rolls-Royce Cullinan մեքենան, որը ձեռքով նկարազարդել է 10-ամյա տաղանդաշատ նկարիչը, 450.000 դոլարով ձեռք է բերել մի միլիոնատեր հավաքորդ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, գերմանական Քյոլնի բնակիչ Միկայիլ Աքարը ճանաչում է ձեռք բերել արվեստի ցուցահանդեսների շնորհիվ: Նրա աշխատանքները վաճառվում են մի քանի հազարից մինչև տասնյակ հազարավոր դոլարներով:
Պարբերականը նկատում է, որ տասնամյա երեխային համեմատում են նեոէքսպրեսիոնիստներ Ժան-Միշել Բասկիայի և Ջեքսոն Պոլոքի հետ:
Նրա ուշագրավ գործերից մեկը 350.000 դոլար արժողությամբ Rolls-Royce Cullinan-ի նկարազարդումն է, ինչի արդյունքում մեքենայի գինն ավելացել է 100.000 դոլարով: Երեխան նաև նկարել է երեք այլ դասական մեքենայի վրա՝ ներառյալ 1967 թվականի VW Bully, 1967 թվականի Chevrolet Monte Carlo և 1967 թվականի Mustang, որը վաճառվել է 70.000 դոլարով:
«Երբեմն գիտեմ, թե ինչ եմ ստեղծելու, երբեմն էլ չգիտեմ: Ես սիրում եմ նկարել և նկարում եմ այն, ինչ տեսնում եմ իմ գլխում։ Ես անչափ ուրախ եմ, երբ մարդիկ գնում են իմ արվեստը», – անկեղծացել է տղան։
Նա մի քանի ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայի քաղաքներում, այդ թվում՝ Քյոլնում, Դյուսելդորֆում, Բեռլինում, Համբուրգում և Մյունխենում, ինչպես նաև Վիեննայում, Ցյուրիխում և Ստամբուլում և Նյու Յորքում: