Հանճարեղ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի այս «հզոր» լուսանկարն արվել է 1988 թվականի հունիսի մի թեժ կիրակի օր՝ լեգենդար վրացահայ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ձեռամբ։
«Լուսանկարի գաղափարն ամբողջությամբ պատկանում է Փարաջանովին։ Քուրդ հարևանը համբերատարությամբ պահում էր ճմռթված սավանը որպես ֆոն։ Ես փորձեցի լուսանկարել այս կոմպոզիցիան այլ, ավելի շահեկան, ինչպես ինձ էր թվում երիտասարդ տարիներին, կետից, բայց Փարաջանովը պահանջեց դեսուդեն չընկնել ու լուսանկարել դիմացից։ Այս լուսանկարը զարդարել է բազմաթիվ հրատարակություններ և դարձել մի քանի պաստառների հիմք։ Այստեղ ներկայացված է բնօրինակ սևուսպիտակ լուսանկարի իմ գունավոր տարբերակը: Ծաղիկներն իրականում դեղին էին»,- պատմել է լուսանկարիչը:
Յուրի Միքայելի Մեչիտովը վրացահայ լուսանկարիչ, վավերագրող, մանկավարժ է։ 12 տարի եղել է Սերգեյ Փարաջանովի կողքին և լուսանկարել այն ամենը, ինչ առնչվել է կինոռեժիսորին։
«Սերգեյ Փարաջանովը Յուրի Մեչիտովի լուսանկարներում և պատմվածքներում» գրքից: