«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որը ներկա պահին Հայաստանում կոմերցիոն նպատակներով օդանավ շահագործելու իրավունք ունեցող 9 փոխադրողներից մեկն է, միակն է հայկական ավիացիայում, որի սեփականատերերի մեջ թուրք կա: Ավելին՝ այս ավիաընկերությունը փոխկապակցված է թուրքական արմատներով մեկ այլ ընկերության հետ: Այս մասին գրում է «Հետք»-ը։
Հիշեցնենք, որ 2021 թ. փետրվարին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն ոչ մի առնչություն չունի 1990-ականների Հայաստանի ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» պետական ՓԲԸ-ի հետ, որը սնանկ է ճանաչվել 2003-ին եւ լուծարվել 2020-ի դեկտեմբերին: Դրանից հաշված շաբաթներ անց ավիատոր Արարատ Սարգսյանը գրանցել է «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն եւ որպես տարբերանշան ընտրել լուծարված «ՀԱՈւ»-ի երբեմնի հայտնի լոգոն: 2022-ի դեկտեմբերին Սարգսյանի ընկերությունը Քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել, ինչը նրան իրավունք է տալիս կոմերցիոն նպատակներով թռիչքներ իրականացնել:
2022 թ. դեկտեմբերին Հայաստան է բերվել եւ նույն ամսում ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել նոր «ՀԱՈւ»-ի առաջին ինքնաթիռը՝ «Airbus A321» տեսակի, հայկական գրանցումը՝ EK-AAD: Երկրորդ «Airbus A321»-ը Հայաստան է տեղափոխվել ու մեր երկրի գրանցում ստացել (EK-AAB) 2023 թ. ապրիլին: Օդանավեը վարձակալված են լիզինգով, իսկ սեփականատերը իր դուստր ընկերությունների միջոցով ամերիկյան հայտնի «Air Lease Corporation»-ն է:
Ներկայում «Հայկական ավիաուղիները» Երեւանից թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Սոչի, Սամարա, Ստամբուլ: Ըստ ընկերության ֆեյսբուքյան էջի՝ նախատեսվում են նոր չվերթեր դեպի Դելի, Թեհրան, Բեյրութ, Բաթում:
Արարատ Սարգսյանը, որը հիմնադրման պահից նաեւ ընկերության տնօրենն է, մինչեւ 2023-ի հունվարը միակ սեփականատերն էր: Սակայն այս տարեսկզբին ՍՊԸ-ում հայտնվել են նոր փայատերեր, ինչը, մեծ հաշվով, անակնկալ չէ:
Սարգսյանի ընկերությունների կապը թուրք գործարարի «Պեգաս Տուրիստիկի» հետ
Նախկինում գրել ենք, որ Սարգսյանի «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ն, որն ուներ ՕՇՎ, բայց այդպես էլ երկինք չբարձրացավ, ներկայում, ըստ համացանցի բաց աղբյուրների, ռուսական «Северный ветер» («Հյուսիսային քամի») ՍՊԸ-ի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ռուսական այս ավիաընկերությունն առավել հայտնի է որպես «Nordwind Airlines»։ Վերջինիս 4,9 %-ի սեփականատերը գործարար Կարինե Վիտալեւնա Բուկրեյն է, իսկ մնացած 95,1 %-ինը՝ ռուսական «Պեգաս» ՍՊԸ-ն, որն իր հերթին ամբողջությամբ պատկանում է նույն Կարինե Բուկրեյին։ Այսինքն՝ «Nordwind Airlines»-ի միակ փաստացի սեփականատերը Կ․ Բուկրեյն է։ Վերջինս, ըստ «Կոմերսանտի», թուրք գործարար Ռամազան Աքպինարի կինն է, իսկ Աքպինարը ռուսական «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ի տերն է:
«Պեգաս Տուրիստիկը» բավականին հայտնի ու խոշոր ընկերություն է տուրիզմի ոլորտում։ Հենց սա է համարվում ոչ միայն «Nordwind Airlines»-ի, այլեւ մեկ այլ ռուսական փոխադրողի՝ ««Իկար» ավիաընկերություն» ՍՊԸ-ի (2015-2022 թթ․ ներկայանում էր «Pegas Fly» ապրանքանիշով) գլխադասային ընկերությունը։ Ընդ որում՝ «Իկարի» միանձնյա սեփականատերը հենց Կարինե Բուկրեյն է։ Այդուհանդերձ, բոլոր այս ռուսական ընկերությունների իրական սեփականատեր է համարվում Ռ. Աքպինարը։ «Պեգաս Տուրիստիկին» փոխկապակցված է նաեւ թուրքական նորաստեղծ «Southwind Airlines»-ը (թարգմանաբար՝ հարավային քամի), որի անունն ու լոգոն մտածված են ռուսական «Nordwind Airlines»-ի նմանությամբ։
Նկատենք, որ «Հայկական ավիաուղիների» առաջին ինքնաթիռը՝ EK-AAD-ն, որը 2021-2022 թթ. կայանված էր Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում, ըստ planespotters.net-ի, պետք է տեղափոխվեր Թուրքիա՝ միանալու տեղական «Southwind Airlines»-ի շարժակազմին, բայց արդյունքում տեղափոխվեց Երեւան՝ միանալով «ՀԱՈւ»-ին։
Իսկ հայկական օպերատորի երկրորդ ինքնաթիռը՝ EK-AAB-ն, 2017-2022 թթ. շահագործվում էր ռուսական «Nordwind Airlines»-ի կողմից, սակայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թ. փետրվարին ներխուժեց Ուկրաինա եւ հայտնվեց արեւմտյան պատժամիջոցների տակ, այդ թվում՝ ավիացիայի ոլորտում, նույն տարվա մարտին այս «Airbus A321»-ը Ռուսաստանից տեղափոխվեց Ստամբուլ, իսկ հետո՝ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա, որտեղից էլ այս տարի բերվեց Երեւան:
Այսքանից հետո երեւի տարօրինակ չպիտի լինի, որ «ՀԱՈւ»-ի նոր տերեր են դարձել «Պեգաս Տուրիստիկին» փոխկապակցված անձինք:
Ովքե՞ր են «ՀԱՈւ»-ի նոր տերերը
Այսպես՝ 2023 թ. հունվարին երեւանցի Արարատ Սարգսյանին է մնացել իր նախկին 100 % փայից ընդամենը 10 %-ը:
22 %-ի սեփականատեր է գրանցվել ՀՀ քաղաքացի, մեծամորցի Հերմինե Հովհաննիսյանը: Վերջինս, ըստ իր ֆեյսբուքյան էջի, նախկինում աշխատել է թուրքական «AtlasGlobal» ավիաընկերությունում, որը ժամանակին Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ էր իրականացնում: «AtlasGlobal»-ը սնանկացման գործընթաց է սկսել 2020-ի տարեսկզբին ու դադարեցրել է բոլոր թռիչքները: Հ. Հովհաննիսյանը, նույն տվյալների համաձայն, աշխատում է նաեւ Ստամբուլի «Kaçkar Tour» տուրիստական գործակալությունում: Սրա անունը ծագում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Խաչքարի կամ Խաղտյաց լեռների անունից:
2023-ի հունվարին «ՀԱՈւ»-ի 19 %-ի սեփականատեր է դարձել ՀՀ քաղաքացի, երեւանցի Միխայիլ Ասրիյանը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, ծագումով՝ Սամարայից: Ասրիյանը անմիջական կապ ունի ռուսական «Պեգաս Տուրիստիկի» հետ, նախկինում աշխատել է այս ընկերության ղազախական մասնաճյուղում: 2013-ին Ասրիյանը Երեւանում հիմնել է նույնանուն՝ «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ն, որը 2014-ին անվանափոխվել է՝ դառնալով «Արիոն Տուր». սա եղել ու մնում է ռուսական ընկերության ներկայացուցչությունը ՀՀ-ում:
Նկատենք, որ ըստ «Ավիացիայի մասին» օրենքի՝ ՕՇՎ ստացող կամ ունեցող ավիաընկերությունների առնվազն 51 % բաժնեմասը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիներին կամ Հայաստանում գրանցված այլ ընկերությունների/կազմակերպությունների: «ՀԱՈւ»-ում, բնականաբար, պահպանել են այս նորմը. Սարգսյանը, Հովհաննիսյանն ու Ասրիյանը տիրապետում են ավիաընկերության հենց 51 %-ին:
Մնացած 49 %-ն արտասահմանցիների ձեռքում է:
24 %-ը գրանցված է Բուլղարիայի քաղաքացի Ռոսեն Բոյանովի անունով: Վերջինս եւս փոխկապակցված է «Պեգաս Տուրիստիկին», ինչի մասին է խոսում այն փաստը, որ նա 2015-ին Կիեւում հիմնադրված «PGS Travel» տուրիստական գործակալության սեփականատերն է: Բացի դրանից՝ նախկինում Բոյանովը եղել է ուկրաինական «Kharkiv Airlines»-ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, զուգահեռաբար Ռ. Աքպինարը եղել է դիտորդ խորհրդի անդամ: Այս ավիաընկերությունը, որը թռիչքներ չի կատարում 2015-ից, գրեթե ամբողջությամբ պատկանում է ուկրաինական «Պեգաս Տուրիստիկին»: Բուլղարացի Բոյանովի մասին նշվում է, որ մինչեւ 2013 թ. այս ավիաընկերություն մտնելը նա եղել է «Պեգաս Տուրիստիկի» մարքեթինգի եւ տարածաշրջանային զարգացման գծով տնօրեն:
Բայց առավել հետաքրքիր է «Հայկական ավիաուղիների» 25 %-ի արտասահմանցի սեփականատիրոջ ինքնությունը: Դա Շվեյցարիայի քաղաքացի, ազգությամբ թուրք Օզ Յակուպխանոգուլարինդանն է (ՀՀ պետռեգիստրի գործակալության կայքում ազգանունը ներկայացված է այսպես, սակայն տարբեր աղբյուրներում այս անձը ներկայանում է որպես Օզ Յակուպհան՝ Öz Yakuphan. այդուհանդերձ, սա, թերեւս, Yakuphanoğullarindan ազգանվան կարճ ձեւն է): Ըստ ֆեյսբուքյան անձնական էջի՝ Յակուպհանը ծագումով թուրքական Իզմիրից է, rocketrich.co-ում ներկայացված անձնական տվյալների համաձայն էլ՝ նա ՏՏ ոլորտի մասնագետ է, չնայած 1980-1984 թթ. սովորել է Կուլելիի բարձրագույն ռազմական դպրոցում, որը համարվում է իր տեսակի մեջ ամենահինը Թուրքիայում (հիմնվել է Օսմանյան կայսրության օրոք՝ 1845-ին): 2016 թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո դպրոցը փակվել է՝ դառնալով թանգարան:
1986-1990 թթ. Օզ Յակուպհանը սովորել ու բակալավրի կոչում է ստացել Անկարայի Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանում (METU), իսկ հետո մագիստրոսի դիպլոմ է ստացել ամերիկյան Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտում (RIT): Թուրք մասնագետն, ըստ rocketrich.co-ի, ռուսական «Պեգաս Տուրիստիկի» տնօրենների խորհրդի անդամ է, ընկերության ՏՏ գծով տնօրենը (CIO – Chief information officer): Յակուպհանի կինը՝ Օքսանա Յակուպհանը, ըստ սոցկայքերի տվյալների, «Պեգաս Տուրիստիկի» անձնակազմի գծով տնօրենն է:
Այսպիսով՝ 2023 թ. հունվարից «Հայկական ավիաուղիների» 90 %-ի սեփականատեր են դարձել թուրքական արմատներ ունեցող բիզնեսին առնչված ու առնչվող հայ եւ օտարերկրացի անձինք, չնայած ինչպես վերը նշեցինք, մինչ այդ էլ Արարատ Սարգսյանը գործընկերային կապեր ուներ Ռամազան Աքպինարի ռուսական ընկերությունների հետ: