Պոտենցիալ վտանգավոր աստերոիդը, որի տրամագիծը կարող է հասնել 1,2 կիլոմետրի, թռչում է գալիս է դեպի Երկիր։ Հետաքրքիր է, որ 34 տարի առաջ այս երկնային մարմինն արդեն մեկ անգամ մոտեցել է Երկրին, իսկ հետո որոշ ժամանակով անհետացել տեսադաշտից։
ՆԱՍԱ-ի Մերձերկրային օբյեկտների կենտրոնի տվյալներով՝ 349507 (2008 QY) աստերոիդը հոկտեմբերի 3-ին Երկրի կողքով կանցնի մոտ 6 միլիոն կիլոմետր հեռավորությամբ։ Այն Երկրին ամենաշատը կմոտենա համաշխարհային համակարգված ժամանակով (UTC) 20:39, որը համապատասխանում է Երևանի ժամանակով 00:39-ին։ Աստերոիդի և Երկրի միջև նվազագույն հեռավորությունը կկազմի 0,042 աստղագիտական միավոր, որը կազմում է մոտ 6,3 մլն կմ:
Երկրի հետ աստերոիդի բախում չի ակնկալվում։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Երկրի ուղեծիրը 7,5 մլն կիլոմետրից պակաս հեռավորության վրա հատող աստղագիտական օբյեկտները պոտենցիալ վտանգավոր են համարվում։ Բացի դրանից, աստերոիդը բավականին մեծ է՝ ըստ գիտնականների, դրա տրամագիծը կարող է տատանվել 520-1200 մետրի սահմաններում: Աստերոիդը շարժվում է վայրկյանում 20,96 կմ արագությամբ։
349507 (2008 QY) աստերոիդն առաջին անգամ նկատվել և նկարագրվել է 1989-ի սեպտեմբերի 30-ին։ Հաջորդ 33,5 տարիների ընթացքում աստերոիդն աննկատ է մնացել և գիտնականների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է միայն 2023-ի փետրվարի 13-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Երկրին մոտեցել էր 300-800 մետր տրամագծով 1994 XD աստերոիդը, որն իր մեծ չափերի պատճառով դասակարգվում է որպես «պոտենցիալ վտանգավոր»։ Իսկ 2023-ի հունիսի 15-ին Երկրի կողքով անցել էր երկնաքերի չափեր ունեցող մեկ այլ աստերոիդ։
Իսկ մարտի 25-ին Երկրի կողքով անցել է 2023 DZ2 աստերոիդը, որը երեք անգամ մեծ է 2013-ին Չելյաբինսկի երկնքում պայթած աստերոիդից, որը վնաս էր պատճառել ինչպես շենքերին, այնպես էլ մարդկանց։
Հիշեցնենք նաև, որ Եվրոպական տիեզերական գործակալությունն աշխատում է «Երկրին մոտ օբյեկտներին ինֆրակարմիր ճառագայթների միջոցով հետևելու դիտորդական առաքելություն» (NEOMIR) նախագծի վրա, որի նպատակն է ստեղծել հնարավոր վտանգավոր աստերոիդներին հետևելու հնարավորություն, որոնց հնարավոր չէ հայտնաբերել գոյություն ունեցող միջոցներով։
Երկրի համար վտանգավոր աստերոիդների հայտնաբերումը երկրի վրա գտնվող և ռոբոտացված աստղադիտարանների խնդիրն է: Սակայն դրանց համար կա բացարձակ կույր կետ՝ արևի ճառագայթների պատճառով դրանք չեն կարող դիտարկել տարածության այն հատվածը, որը գտնվում է Արեգակի և Երկրի միջև։ 2013-ին Չելյաբինսկի երկնքում պայթած երկնաքարը հենց այդտեղից էր եկել, և այս միջադեպը հստակ ցույց տվեց, որ տիեզերքի այս հատվածը չի կարելի անտեսել, քանի որ Արեգակի մոտ կարող են լինել բազմաթիվ նմանատիպ օբյեկտներ, որոնք կարող են լուրջ վնաս պատճառել Երկրի վրա ընկնելու դեպքում։