րաժշտությունը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ մեր հույզերի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ձայնագրված երաժշտություն լսելը խթանում է մեր ուղեղում հուզական եւ պատկերավոր պրոցեսները։ Բայց ի՞նչ է կատարվում, երբ կենդանի երաժշտություն ենք լսում, օրինակ՝ երաժշտական փառատոնում, օպերայում կամ ժողովրդական համերգում։ Արդյո՞ք մեր ուղեղն արձագանքում է տարբեր կերպ՝ կախված այն բանից՝ կենդանի երաժշտությո՞ւն ենք լսում, թե՞ ձայնագրված։
Ցյուրիխի համալսարանի հետազոտողների խումբը՝ կոգնիտիվ եւ աֆեկտիվ նյարդաբանության պրոֆեսոր Սաշա Ֆրյուհհոլցի գլխավորությամբ, ուսումնասիրել է այս հարցը։ Գիտնականները հետազոտել են կենդանի եւ ձայնագրված երաժշտության ազդեցությունը մարդու ուղեղի հուզական պրոցեսների վրա։ Նրանք կատարել են բարդ փորձ, որի ընթացքում դաշնակահարը փոխել է իր նվագած կենդանի երաժշտությունը, որպեսզի ուժեղացնի հուզական ռեակցիաները նշաձեւ մարմնում՝ ուղեղի հուզական կենտրոնում։
Փորձի ընթացքում հետազոտողներն օգտագործել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան՝ չափելու համար 27 ունկնդիրների, ինչպես նաեւ կատարողի նշաձեւ մարմնի ակտիվությունը իրական ժամանակի ռեժիմում։ Հենվելով այդ չափումների վրա՝ դաշնակահարը հետո անհապաղ ադապտացրել է իր ելույթը, որպեսզի էլ ավելի ուժեղացնի լսարանի հույզերը։
Ռեակցիաները համեմատելու համար ունկնդիրների համար միացրել են նույն երաժշտության ձայնագրությունը նույն երաժշտի կատարմամբ, բայց առանց նեյրոթերապիայի ցիկլի։
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ հաճելի եւ տհաճ հույզերը, որոնք առաջ է բերել կենդանի երաժշտությունը, հանգեցրել են շատ ավելի բարձր եւ հետեւողական ակտիվության նշաձեւ մարմնում, քան ձայնագրված երաժշտությունը։ Կենդանի ելույթը նաեւ խթանել է տեղեկատվության ավելի ակտիվ փոխանակմանն ամբողջ ուղեղում, ինչը վկայել է ուժեղ հուզական մշակման մասին ուղեղի աֆեկտիվ եւ կոգնիտիվ հատվածներում»,- նշել են գիտնականները։
Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են, թե ինչպես է դաշնամուրային երաժշտությունը հարաբերակցվում լսարանի ուղեղային ակտիվության հետ։ Սուբյեկտիվ հուզական փորձի եւ ուղեղի լսողական համակարգի (որը գնահատում է երաժշտությունը նրա ակուստիկ հատկանիշներին համապատասխան) միջեւ ուժեղ սինքրոնացումը նկատվել է միայն այն ժամանակ, երբ լսարանը լսել է կենդանի կատարում։ Ավելին, միայն կենդանի երաժշտությունն է ցուցադրել ուժեղ եւ դրական կապ երաժշտության կատարման առանձնահատկությունների եւ ունկնդիրների ուղեղային ակտիվության միջեւ։