Chanel ֆրանսիական նորաձևության տունը Gabrielle նոր բույրն է թողարկելու ի պատիվ նորաձևության տան հիմնադրի՝ մոդելագործ Գաբրիել Շանելի: Այդ մասին հայտնել է WWD-ն:
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ դա լինելու է պարֆյումերային ջուր՝ ծաղկային նրբաբույրերի գերակշռությամբ: «Մեր նպատակն է՝ հայտնվել բեսթսելլերների տասնյակում»,- նշել է Քրիստին Դագուսեն՝ Chanel-ի՝ կոսմետիկայի և պարֆյումերիայի գծով միջազգային տնօրենը:
Նրբաբույրերը, որոնց վրա հիմնվելու է պարֆյումերային ջուրը, առայժմ չեն նշվում, բայց հայտնի է, որ դրանց վրա աշխատելու է Chanel-ի պարֆյումեր Օլիվիե Պոլժը՝ մինչ այս պահը տան Les Exclusifs բույրերի շարքում Boy Chanel նորագույն պարֆյումի ստեղծողը:
Gabrielle-ի թողարկումը սպասվում է 2017 թվականի աշնանը: Գաբրիել Շանելի պատվին նորաձևության տունը նաև ստեղծել է նոր համանուն պայուսակ և պլանավորում է թողարկել նշանավոր մոդելագործին նվիրված ժամացույցների և զարդերի նոր մոդելներ:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձևության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սև զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձևության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր և ժամացույցներ
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:
1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաև կոսմետիկայի արտադրությամբ: