Tesla ընկերությունը մտադիր է Model 3 Էլեկտրամոբիլի սերիական թողարկմանը ձեռնամուխ լինել սեպտեմբերին: Այս մասին ասված է 2016 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ, որը կորպորացիան հրապարակել է փետրվարի 22-ին:
Ինչպես հետևում է փաստաթղթից, թեստային ռեժիմով Model 3-ի արտադրությունը պլանավորվում է սկսել արդեն հուլիսին: Սպասվում է, որ Model 3-ի արժեքը՝ բազային համալրմամբ, կկազմի շուրջ 35 հազար դոլար: Վերջին տվյալներով՝ նախապես պատվիրվել է արդեն 373 հազար նման ավտոմոբիլ: Թե որքան շուտ ավտոմեքենաները կմատակարարվեն գնորդներին, փաստաթղթում ճշտված չէ:
Նշվում է, որ Model 3-ի արտադրության համար սարքավորումները ներկայում տեղակայում են ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի և Նևադայի նահանգներում գտնվող գործարաններում:
Tesla-ն այժմ թողարկում է երկու մոդելների ավտոմոբիլներ. Model S սեդանը և Model X քրոսովերը: Դրանք երկուսն էլ էապես ավելի թանկ են, քան Model 3-ը:
Նախնական կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Tesla-ն մտադիր է միագումար թողարկել 47 հազարից մինչև 50 հազար Model S և Model X ավտոմոբիլներ: Դա 61 – 71 տոկոսով ավելի կլինի, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: