Ավստրիացի հռչակավոր գեղանկարիչ Գուստավ Քլիմթի վրձնի «Գյուղական այգի» (Bauerngarten) նկարը վաճառվել է գրեթե 60 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդվում է Sotheby՚s աճուրդային տան կայքում:
Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի ոճերով ստեղծված՝ արվեստի ստեղծագործությունների աճուրդը կայացել է մարտի 1-ի երեկոյան Լոնդոնում: Գնորդը, որի անունը չեն հայտնում, կտավի համար վճարել է 47,97 միլիոն ֆունտ ստեռլինգ (59,3 միլիոն դոլար):
Sotheby՚s-ում ընդգծել են, որ տարբեր աճուրդային տների կողմից Եվրոպայում գեղանկարչության գործերի աճուրդների անցկացման ամբողջ պատմության ընթացքում դա մեծությամբ երրորդ գումարն է, որն ստացվել է նկարի վաճառքից:
Կազմակերպիչների կարծիքով՝ «Գյուղական այգին» լավագույն գործերից մեկն Է, որը երբևէ հանվել է աճուրդի:
«Գյուղական այգին» Քլիմթը նկարել է 1907 թվականին, իր, այսպես կոչված, ստեղծագործության ոսկե շրջանում: