Սպասված գարունն արդեն մի քանի օր է վայելում ենք ու չնայած եղանակային պայմանները դեռևս ցուրտ լինելու պատճառով մեզ չեն գոհացնում, բայց ժամանակն է թարմացնել զգեստապահարաններն ու ձեռք բերել սեզոնին համապատասխան թրենդային հագուստ: Իսկ այս առումով Life.panorama.am-ը լսել է դիզայներ Արփինե Կոշտոյանի խորհուրդները:
«Գարնանը մեր ներքին հոգեվիճակն ավելի հետաքրքիր է դառնում ու հետևաբար արևոտ եղանակային պայմաններում զգեստապահարանը թարմացնելու ցանկություն է առաջանում: Ինչպես ամեն սեզոնին, այս անգամ ևս, իհարկե, կարելի է ձեռք բերել թրենդային հագուստներ, բայց պետք է հիշեել, որ բազմաթիվ թրենդներից ցանկալի է ընտրել միայն այն տարբերակները, որոնք բնորոշ են հենց տվյալ անձի ոճին»,- նշեց Արփինեն ու հագուստ ընտրելու հետ կապված տվեց իր խորհուրդները.
«Քանի որ տրաբերակները շատ են, ընտրությունը՝ մեծ, սկսեմ իմ ամենասիրելի թրենդներից. Ակտուալ են լայն տաբատները, որոնք ոչ միայն գեղեցիկ են, այլև կնոջ կազմվածքը դարձնում են ավելի ձիգ, բացի այս նման տաբատները վիզուալ ավելի բարձրահասակ են դարձնում կնոջը: Այս տաբատները հետաքրքիր բլուզների հետ համատեղելու դեպքում կարելի է ստանալ չափազանց կանացի կերպար: Այս տարի շատ նորաձև են համարվում նաև կոստյումները, այս պարագայում ակտուալ են մինիմալիստական պարզ տարբերակները, որոնք համադրելի են թե զգեստների, թե տաբատների հետ: Կարծես թե էլեգանտությունն է իշխում այս սեզոնի նորաձևությանը, իսկ էլեգանտ տեսք ունենալուն կարող են նպաստել ճիշտ ընտրված ժամացույցները: Նման լուքերի դեպքում շատ աքսեսուարներ պետք չեն»:
Ըստ Արփինե Կոշտոյանի՝ այս տարի նորաձև են սև ու սպիտակ կտորները, որոնք կարող են լինել թե վանդակների, թե զոլերի տեսքով: Նորաձև են նաև տարատեսակ գույների ու հետաքրքիր պրինտների զգեստները:
«Նորաձևության հիթ են համարվում ասեղնագործված զգեստներն ու վերնաշապիկները՝ պատկերված կենդանական նախշերով կամ ծաղիկներով: Ակտուալ են նաև սպորտայինի ու դասականի միքսերը: Այսպես կոչված պոլո շապիկները, որն ավելի շատ տղամարդկանց պահարանում է հանդիպում, այսուհետ առավել մեծ տարածում կունենան կանանց մոտ, քանի որ դրանք կարելի է կրել դասական կիսաշրջազգեստների հետ և դառնալ սուպերթրենդային: Այս լուքը կարելի է միքսել սպորտային կոշիկներով ու շղթայով փոքրիկ պայուսակով կամ ուսապարկով, որը այս սեզոնում ևս կշարունակի մնալ թրենդային»,- ընդգծեց դիզայներն ու շարունակեց.
«Գարնան համար նաև նպատակահարմար է ունենալ տաքուկ, հետաքրքիր կտրվածքներով կարդիգան, որը կարող է լինել «oversize» ոճում: Սրանք գեղեցիկ են, երբ կրում ենք ջինսե տաբատներով կամ մինիմալիստական պարզ զգետսների հետ: Այս պարագայում կարելի է ուշադրություն դարձնել նաև գույներին»:
Անդրադառնալով սեզոնի ակտուալ գույներին՝ Արփինեն նշեց.
«Այսօր այնքան շատ գույներ են նորաձև, որ ամեն մեկը կարող է ընտրել հենց այն գույնը, որն իրեն ավելի է սազում»:
Սեզոնի թրենդ են համարվում նաև կրծքազարդերը.
«Հետաքրքիր միքսերը կարող են ամբողջական դարձնել կրծքազարդերը, որոնք այսօր մեծ տարածում ունեն: Պարզ զգեստները մեկ փոքրիկ կրծքազարդով կարող ենք դարձնել ավելի հետաքրքիր: Այնպես որ, կարելի է հագնվելիս ստեղծագործել ու դառնալ ամենաոճայինը: Այս ամենին կարևոր է ավելացնել ժպիտ և կանացիություն, քանի որ ցանկացած ոճում պետք է պահել կանացի նրբագեղությունը»,- ավարտեց դիզայները:
Ամբողջությամբ՝ life.panorama.am