Պատմաբան Վահե Անթանեսյանի Facebook-յան գրառումը. «Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ հայ քաղկեդոնական մշակույթի փառահեղ կառույցներից է, 13-րդ դարի մոտ 960 քառակուսի մետր ծովալով որմնանկարներով, այսօր կռվախնձոր է ու վիճահարույց է համարվում, քանզի վրացիները հավակնություններ ունեն եկեղեցու նկատմամբ:
Հայ միջնադարյան պատմիչներ Ստեփանոս Օրբելյանն ու Կիրակոս Գանձակեցին եկեղեցու կառուցող են համարում Իվանե Զաքարյանին, ինչն այնքան էլ, չի համապատասխանում իրականությանը: Եկեղեցին 1188 թվականին կառուցել է Լոռվա կամ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավոր Կյուրիկե Գ կուսակրոն դուստրը՝ Մարիամը,ով այդ մասին, եկեղեցուց մոտ 300 մետր հեռավորության վրա փաստող արձանագրությամբ խաչքար է կանգնեցրել:
Օրերս ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրայի, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի և Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի նախաձեռնությամբ Մարիամ արքայադստեր կանգնեցրած խաչքարը իր տեղից տարհանվել է և տեղափոխվել Ախթալայի եկեղեցու տարածք:
Անկախ նրանից թե ինչ տրամաբանությամբ են գործել այս անձինք, կամ ինչ լավ արդյունք են ակնկալում սույնից՝ ինքնանպատակ այս քայլով հաղթաթուղթ են դրել վրացիների ձեռքը: Ամեն ոք կարող է և իրավունք ունի հարցապնդման, թե որտեղի՞ց այս խաչքարը, և արդյո՞ք այն բոլորովին այլ վայրից չէ բերած: Բացի դրանից՝ յուրաքանչյուր պատմական հուշարձան, կտրելով իր բուն վայրից՝ արդեն կորցնում է իր իրական, պատմական արժեքը: Իսկ այս խաչքարի նշանակությունը գերագնահատել անկարելի է, քանզի իրավ, այն կարևոր վկայություն է եկեղեցու կառուցման վերաբերյալ:
Սույն խաչքարը, որ գտնվում էր Ախթալայի Միքայել Արամյանցի անվան դպրոցի այգում, ժամանակին կոտրված էր, կեսը հողածածկ էր: Ինքս եմ մոտ 15 տարի առաջ վերանորոգել այն, համապատասխան վարպետի աջակցությամբ, և խաչքարը գտնվում էր պահպանվող տարածքում:
Ի դեպ, Մշակույթի նախարարությունը 5 տարի առաջ Հայաստանի տարբեր վայրերից մշակութային տասնյակ կոթողներ տարհանեց և բերեց մայրաքաղաք՝ իբր, երեք տարի ժամկետով: Իհարկե, այդ կոթողների վերադարձնելու մասին շատ արագ մոռացան:
Մի՞թե կարելի է պատմական արժեքների նկատմամբ այսքան անհոգի ու անտարբեր լիներ»: