«Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ
Advertisement 1000 x 90

«Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ

Սիրո, անձնվիրության, քնքշության համարյա մեկդարյա բարձունքում, մինչև կփակվի կյանքի մեծ փակագիծը, այստեղ իմ դիմաց ծեր Մայրիկս է. անփոփոխ, անխաթար: Պարզապես ծավալն է փոքրացել, ուրիշ ոչինչ: Կրկնակի վարագույրներով կիսափակ պատուհանի մոտ տիկին Սպակսը` դիպլոմավոր հիվանդապահը, կարդում է արկածային հաստափոր մի վեպ: Ժամանակ առ ժամանակ նա թողնում է իր հերոսներին, գալիս, Մայրիկիս ճակատին սնում իննսուն տոկոսանոց օդեկալոնով թրջված անօգուտ մի սրբիչ, ուղղում վերմակը, որ տեղից ամենևին չի շարժվել, այնուհետև շարունակում է իր վեպը, սպասելով գիշերային հիվանդապահին: Նրա առերևույթ ուշադրության տակ թաքնված է մի սիրտ, որ կարծրացել է մշտապես հիվանդ խնամելուց:

Այսօր, թերևս, մի քիչ ավելի եռանդ է ցուցադրում, որովհետև ներկա եմ ես` մեռնողի որդին` սննդի և սոցիալական ապահովության ծախսերի ամենօրյա չեկերը ստորագրողը: Նա փորձեց խոսակցություն բացել այսպիսի նախադասությամբ. «Կյանք է, սիրելի պարոն, արդեն ութսունյոթ տարեկան է լինում»:

Որևէ ցանկություն չունեմ բացատրելու, թե ինձ չի մխիթարում Մայրիկիս տարիքի հանգամանքը. նա շուտով հեռանալու է ինձնից: Հարազատներին նվիրված տաքուկ ու hավատարիմ սիրո ութսունյոթ տարիները պետք է վերջանային մի քանի վայրկյանում, ահա թե ինչն էր կարևորը: Հիվանդապհը հասկացավ, որ հարկ չկա ինձ խոսեցնելու: Ամենևին: Դռան զանգը երկու անգամ ղողանջեց: Նա գնաց բացելու: Մեր բժիշկն էր:

Մայրիկիս համար չի եկել: Ոչ, ինձ համար, ողջ-աղողջիս համար է կատարում բարեկամական այցը: Նա ձեռքս սեղմում է սովորականից ավելի ուժեղ: Այնուհետև ականատես եմ լինում նրա վարժ, մեքենայական շարժումներին, որոնք արդեն անգիր գիտեմ: Արյան ճնշումը, դեռևս տրոփող զարկերակը, սիրտը, սիրտը, որ այնքան աշխատել է և չի ուզում թողնել կյանքը … Եվս մի քանի րոպե, մի ժամ, թեևս, մի երեկո, ո՞վ գիտե:

Առանձնապես խոսելիք չունենք այս բարի բժիշկ Արմանի`«հիվանդանոցային նախկին պրակտիկանտի, նախկին գլխավոր բժշկի, դատական բժշկի, հրավերով այցելող ներքին հիվանդությունների մասնագետի» հետ:

Մայրս չի տառապում այսպես կոչված «երկարատև ու ծանր հիվանդությամբ»: Ոչ, նա հանդարտ հանգչում է «հատնումից» անմնացորդ այրվող մոմի նման:

Որովհետև անվայել կլիներ, եթե բժիշկը հեռանար առանց բժշկական ձեռագրով դեղատոմս գրելու, նա հանձնարարում է չգիտեմ հակաինչական քսուք:

Նրան ուղեկցում եմ մինչև դուռը: Հրաժեշտից առաջ մի պահ վարանում է, ապա խորհուրդ է տալիս Մայրիկին փոխադրել մի լավ, շքեղ հիվանդանոց, որտեղից ավելի հարմար կլիներ …

Ճիշտ այդ պահին, հազարամյակներ առաջ ջրասույզ եղած կարծեցյալ Իս քաղաքի եկեղեցիների զանգերի նման, որոնք իբր խաղաղ եղանակներին դեռ հնչում են ծովի խորքերից, գլխիս մեջ ղողանջեցին մեր եկեղեցիների զանգերը` ինձ հիշեցնելով մեր արմատները, մեր ծագումը, մեր ավանդությունները: Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը:

Ոչ մի մայրը չի մատնվի ապրողների այն փոքրոգությանը, որ պարտադրում է վերջին ճամփորդություն դեպի հրաշագործ հիվանդանոց, որտեղից, քաջ գիտենք, այլևս չի վարադառնալու: Չի լինի սուր և միալար շչակով ավտոմեքենան, որ քաղաքով մեկ ծղրտալով շտապում է այլևս անօգուտ օգնության:

Հիվանդապահը ուսերին է գցում վերարկուն և դեղատոմսը ձեռքին դուրս է գալիս:

– Անմիջապես կվերադառնամ, պարոն:

Դուռը փակելուց հետո հետ եմ գալիս մորս մոտ` վերագտնելու մեր մտերմությունը:

Չնայած անսահման թուլությանը, նա ձեռքը դանդաղ հանում է վերմակի տակից: Գուցե այլևս չի էլ տեսնում ինձ, սակայն ուռած երակներով ձեռքը խարխափում է սավանների վրա, մինչև հանդիպում է իմին: Տենդորեն ծվարելով սիրո այդ հեղեղի մեջ, սեղմում եմ նրա բարակ մատները, որ հավատացնեմ, թե այստեղ եմ:

Անրի Վերնոյ «Մայրիկ»