Տիկնիկների թանգարանն իր դռները բացեց փոքրիկների և մեծահասակների առաջ
Advertisement 1000 x 90

Տիկնիկների թանգարանն իր դռները բացեց փոքրիկների և մեծահասակների առաջ

Շառլ Ազնավուր, Չարլի Չապլին, Չինգիզ խան. նրանց կերպարներով տիկնիկներին այժմ կարելի է  գտնել Երևանի նորաբաց Տիկնիկների պատկերասրահում:

Տիկնիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 21-ին Աբովյան փողոց 1/1 հասցեում տեղի ունեցավ Տիկնիկների պատկերասրահի բացման հանդիսավոր արարողությունը:

«Այստեղ ներկայացված են հայկական և տարբեր ազգերի տիկնիկներ: Թանգարանային գործում  սա առաջին համագործակցությունն է մասնավոր ներդրողի հետ:  Այս գեղեցիկ թանգարանը բացելու համար 60 000 դոլար է ներդրվել: Թանգարանը ոչ միայն կլինի մեր քաղաքի նոր գույնը, զարդը, այլև կունենա բիզնես կոնցեպտ»,- նշեց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարի խոսքով` շուտով նոր հավաքածու կներկայացվի և հնարավոր է,  որ թանգարանի ցուցանմուշները ներկայացվեն ՀՀ մարզերում:

Արվեստաբան Մարինա Խաչմանուկյանն ասաց, որ ցուցադրված նմուշների մեծ մասը հայ տիկնիկագործների աշխատանքներ են:

«Ուրախ եմ, որ վերջապես Երևանում նման թանգարան բացվեց: Մենք այժմ հնարավորություն կունենանք մեր գործերը ցուցադրել հանրության ավելի  լայն շերտին: Նշեմ, որ իմ ամենասիրելին «Կարապետ» անունով ազգային տիկնիկն է, որն անգամ շրջագայել է արտասահմանում»,-ընդգծեց նկարիչ, տիկնիկագործ Գեղամ Գուլիկյանը:

Տիկնիկագործ Սուսաննա Ալավերդյանն ասաց, որ իր համար թանգարանի բացումը իրական տոն է:  Նա շեշտեց, որ տիկնիկներ ստեղծելիս օգտագործում է բազմաթիվ թանկարժեք կտորներ և այլ նյութեր: Հեղինակը տիկնիկները վաճառում է արտասահմանում:

Թանգարանի բացմանը ներկա էին արվեստագետներ, դերասաններ և հետաքրքրասերներ:

Բացման արարողությունն ուղեկցվեց «տիկնիկների երթ»-ով և գեղեցիկ ներկայացմամբ:

1914 թվականին կառուցված այս շենքը, որի մի մասը զբաղեցնելու է Տիկնիկների պատկերասրահը, պատմամշակութային արժեք ունի և 1921 թվականին այդտեղ է ապրել Հովհաննես Թումանյանը։