ԱՄՆ-ն լուծեց Հայաստանի դեմ Թուրքիայի չհարձակման հարցը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ն լուծեց Հայաստանի դեմ Թուրքիայի չհարձակման հարցը

ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասի հանդեպ որոշակիացված չէ, ամերիկացիները փորձում են համատեղել ռազմավարությունները շրջանի երեք երկրների եւ երեք հիմնական հարեւանների հանդեպ: ԱՄՆ-ն չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի, Թուրքիայի ու մասնակի Իրանի դիրքորոշումները: Շրջանում խիստ բարդ իրավիճակ է առաջացել: Արեւմուտքը լիովին աբսորբացրել է Վրաստանը:

Ադրբեջանը վաղուց եւ ամուր ինտեգրվել է թուրքական քաղաքականությանը եւ շահերին, Հայաստանը կորցրել է իր ամուր հասարակական-քաղաքական կապերը Ռուսաստանի հետ եւ գտնվում է նույնպիսի անորոշության մեջ, ինչպես Ռուսաստանը: ԱՄՆ-ում Թուրքիայի զինվորական կցորդը մշտապես պնդում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն չէ եւ ռուսական քաղաքականության մի մասն է: Դա լավ է հասկանում նաեւ ԱՄՆ-ն, սպասելով արմատական փոփոխություններ Հայաստանի իրավիճակում: Ամերիկացիները գտնում են, որ Հայաստանը գտնվում է վասալային վիճակից ու Ռուսաստանի հետ կապերից հեռացման փուլում: Ավելի բարդ է վիճակը Ադրբեջանի դեպքում, որը փորձում է պատնեշվել Ռուսաստանից, Արեւմուտքից եւ Իրանից: Դա իրատեսական չէ, այնուամենայնիվ Ադրբեջանը շարունակում է վարել նման քաղաքականություն:

Վրաստանի դեպքում խնդիրներ գրեթե չեն մնացել, հարցն այն է, թե ինչպես է այն լիովին ինտեգրվելու ՆԱՏՕ-ին, առանց Ռուսաստանի հետ սկանդալների: Վաշինգտոնում այդքան էլ ուշադրություն չեն դարձնում Ադրբեջանի վրա, քանի որ գտնում են, որ Բաքուն, այսպես թե այնպես, կողմնորոշվելու է Թուրքիային:

Գլխավորը, որ հասկանում են ԱՄՆ-ում ու ՆԱՏՕ-ում՝ Ադրբեջանը չի դառնա Ռուսաստանի վասալը եւ նրանից հեռացած է թուրքական երկարաժամկետ քաղաքականությամբ: Հայաստանի դեպքում խնդիրներն ավելի բարդ են, քանի որ Հայաստանը դարձել է Ռուսաստանի բազային ծայրամասը: Միայն Հայաստանը կարող է ամրագրել Վրաստանի իրավիճակը եւ դառնալ ԱՄՆ-ի գործընկերը, Իրանի ու Թուրքիայի հանդեպ գործունեությունը հաշվի առնելով: Ինչպես էլ զարգանան իսլամական այս երկու պետությունները, Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործընկեր: Ամերիկան չի պատրաստվում Հայաստանի համար պատերազմել Ռուսաստանի հետ, դա ասվել է բավական հիմնավոր: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ում հասկանում են, որ Ռուսաստանն ի վիճակի չէ շարունակել իր փակուղային կայսերական քաղաքականությունը, եւ սպասում են դրա քայքայմանը:

Ամերիկացիները երկու անգամ տեսել են Ռուսաստանի փլուզումը եւ կսպասեն, մինչեւ ռուսներն իրենք սեփական երկիրը հասցնեն աղետի: Ներկայում ամերիկացիները շարունակում են իրենց վաղեմի դրվածքը, ըստ որի կարելի է համագործակցել Հայաստանի ցանկացած կառավարության հետ, քանի որ այն միեւնույն է վարելու է վասալային քաղաքականություն, մինչեւ ինքը Ռուսաստանը չպարզի իր անտեղիությունը:

Ռուսաստանի համար մշակվել է ամերիկյան մոդել, երբ այն նմանվելու է Կանադային՝ բնական ռեսուրսներով հարուստ երկիր՝ առանց քաղաքական հավակնությունների: Ներկայում հենց դա էլ տեղի է ունենում: Ռուսաստանին հնարավորություն են տվել մտնել փակուղային իրավիճակ միանգամից մի քանի ուղղությամբ՝ Մերձավոր Արեւելք, Հեռավոր Արեւելք եւ Ուկրաինա:

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար պատրաստում են եւս մեկ փակուղային ուղղություն՝ Սեւծովյան-Կովկասյան շրջանը: ԱՄՆ-ն արդեն համոզվել է, որ ԱՄՆ-ի հայ համայնքն ի վիճակի չէ դառնալ Հայաստանի հանդեպ ամերիկյան քաղաքականության տարր: Այն օգտագործվում է որպես լավ գործիք Թուրքիայի, Ադրբեջանի եւ միջազգային այլ խնդիրների հարցում: ԱՄՆ-ն փորձում է պարզել, թե վասալիտետի էլ ինչ տարրեր է ընդունակ առաջարկել հայ հանրությունը, գտնվելով խոր վասալային կախվածության մեջ: Ամերիկացիներին հետաքրքրում է նոր վարչապետը, ով նրանց կարծիքով պրագմատիկ է եւ կարող է վարել այլ քաղաքականություն, այդ թվում երկրում կոռուպցիոն համակարգի հարցում:

Քաղաքական կուսակցություններից նախապատվությունը տրվում է Ազատ դեմոկրատներին, քանի որ ամերիկացիներին ձանձրացրել են հայ պսեւդո-լիբերալները: Եվ նոր վարչապետը, եւ այս կուսակցությունը քաղաքական խոշոր խաղադրույքի առարկա չեն, բայց դրանք այն են, ինչ առայժմ կան, եւ Վաշինգտոնում նրանց նշանակությունը ամենեւին չի համարվում որպես քաղաքականապես առանցքային: Բայց այն, որ ամերիկացիները որոշակի խաղադրույք են կատարում, փաստ է, եւ դրա հետ հնարավոր չէ հաշվի չնստել: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փորձում են ղարաբաղյան կարգավորման հարցում բացառել Ռուսաստանի մոնոպոլ դերը եւ վերջ տալ Ադրբեջանի ագրեսիայի անպատժելիությանը Ղարաբաղի դեմ:

Ռուսները խանդով են վերաբերվում Ռուսաստանից Հայաստանի հեռացմանը, սակայն դա կանխելու ոչ մի փաստարկ ու հիմք չունեն: Հայաստանում ստեղծվել են «հասարակական» կոլաբորացիոնիստական միավորումներ, որոնք ներառում են քաղաքագետների, լրագրողների, խմբագիրների, դասավանդողների նողկալի խմբեր: Սակայն այս ռեսուրսն այդպես էլ էական հենարան չդարձավ Ռուսաստանի համար: Ապրիլյան պատերազմը դարձավ Ռուսաստանից հեռանալու գործոններից մեկը: Գործի մեջ է դրվել նույնիսկ ինքը Պուտինը, ով Մոսկվայում իր հայ գործընկերոջ հետ մասնակցեց համերգային ներկայացմանը: Դրան մասնակցում էին մարիոնետներ հայ պաշտոնյաների թվից: ԱՄՆ-ն լուծել է Հայաստանի դեմ Թուրքիայի չհարձակման հարցը: Եվ հիմա հարկ է լուծել Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ագրեսիան բացառելու հարցը: Ամերիկացիներն ունեն խորհրդային նախկին երեք հանրապետությունների դեմ Ռուսաստանի հարձակման տխուր փորձը: Հերթը Հայաստանինն է, եւ ամերիկացիները սպասում են դա:

Իգոր Մուրադյան
Lragir.am