Հռոմի Bvlgari ժամացուցույցների և ոսկերչական իրերի տունը BaselWorld 2017-ում ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված Octo Finissimo Automatic նոր մոդելը: Այդ մասին Բազելից հայտնել է «Լենտա.ռու»-ի թղթակիցը:
Ներկայում դրանք աշխարհում ամենաբարակ ավտոմատ ժամացույցներն են: Դրանց հաստությունը 5,15 միլիմետր է, ընդ որում՝ BVL 138 տրամաչափի մեխանիզմի հաստությունը՝ պլատինե միկրոռոտորով, ընդամենը 2,23 միլիմետր է: Ինչպես նշել է Bvlgari տան ժամացույցների ստորաբաժանման ղեկավար Ֆաբրիցիո Բոնամասա Ստիգլիանին, Octo Finissimo Automatic-ի կորպուսը և թևնոցը պատրաստված են տիտանից:
Սպասվում է, որ նոր ժամացույցների արժեքը կկազմի մոտավորապես 14 հազար շվեյցարական ֆրանկ:
Bvlgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետև սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
Ընկերությունը մասնագիտանում է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաև կաշվից պատրաստված աքսեսուարների և պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bvlgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր է ու դրանց կառավարիչը:
Օրերս Bvlgari-ն զարդերի թողարկման Եվրոպայի խոշորագույն ֆաբրիկան է բացել Իտալիայի Պիեմոնտի տարածաշրջանում: 15 հազար քառակուսի մետր մակերեսով արտադրական համալիրում աշխատում են շուրջ 400 աշխատակիցներ, իսկ մինչև 2020 թվականը պլանավորվում է հաստիքակազմը հասցնել 700 մարդու:
Համալիրը տեղավորվել է Վալենցայի կոմունայում, որն ավանդաբար համարվում է Իտալիայի ոսկերչական ճյուղի կենտրոնը: Սպասվում է, որ նոր ֆաբրիկայում զարդեր կարտադրվեն Bvlgari-ի ամենահայտնի հավաքածուների համար, ներառյալ B.zero1-ը, Serpenti-ն, Diva-ն, BVLGARI-BVLGARI-ին և Parentesi-ն: