Արցախի Շուշի քաղաքի տարածքում գտնվող պարսկական «Վերին մզկիթում» առաջին անգամ մեկնարկել է պեղման-մաքրման աշխատանքը: Մզկիթի վերականգնման նախագիծը կազմվել է «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի միջոցներով: Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարատ Շահրամանյանը նշեց, որ պեղումները կտևեն 20-25 օր: «Այդ ուսումնասիրությունները թույլ կտան ավելի ճիշտ կատարել հուշարձանի վերականգնման աշխատանքը»,- ասաց նա:
Շահրամանյանի խոսքով` «Վերին Մզկիթ»-ում պեղումներն իրականացնում է պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանանի ղեկավարած արշավախումբը: «Հուշարձանը պեղելու համար օտարերկրյա մասնագետների կարիք չի եղել: Այդ հուշարձանը վնասվել է ինչպես պատերազմի, այնպես էլ եղանակային պայմանների հետևանքով»,- հավելեց Շահրամանյանը:
Շուշիի պարսկական Վերին Մզկիթը կառուցվել է 1883 թ. իրանացի ճարտարապետ Կարբելի սեֆի Խանի նախագծով: Շինության գլխավոր ճակատի երեք կամարաձև մուտքերն ընդգծված են երկու բարձր մինարեթներով, որոնք զարդարված են գունավոր երկրաչափական զարդանախշերով: Մզկիթի առջև տեղադրված է ութանկյուն ջրավազան շատրվանով: Խորհրդային տարիներին մզկիթը ձևափոխվել էր պատմաերկրագիտական թանգարանի:
Արցախի տարածքում վկայագրված է գրեթե 5000 պատմության և մշակույթի հուշարձան, որոնցից 700-ի համար կազմվել են պահպանական գոտիներ: