Sputnik Արմենիան շարունակում է ներկայացնել «Հին Երևանի կանգուն վկաները» խորագրով շարքը: Այս թեմայով հերթական հրապարակումը կպատմի Պուշկինի 56 հասցեում գտնվող շենքի մասին, որը եղել է Հայաստանի առողջապահության նախարարության առաջին շենքը:
Պուշկին և Փարպեցի փողոցների խաչմերուկում կանգնած այս շենքը 130 տարուց ավել պատմություն ունի: Երկհարկանի, սև տուֆից, իր չափերի մեջ համեստ և միևնույն ժամանակ ներդաշնակ կառույցը երևանցիներին հայտնի է նրանով, որ այստեղ երկար տարիներ գործել է Հայաստանի դեղատնային գլխավոր վարչությունը: Շենքը կառուցվել է 19-րդ դարի 80-ական թվականներին (ճարտարապետ` Գուրեցկի), երբ Ռուսական կայսրության բոլոր նահանգներում պայքար էր մղվում երկրում բռնկված տարբեր համաճարակների դեմ: Այդ նպատակով որոշում ընդունվեց բոլոր նահանգային վարչական կենտրոններում հիմնել մասնագիտացված հակահամաճարակային բուժկայաններ՝ դեղերի պահեստարաններով: Երևանում, Սուրբ Զորավոր եկեղեցուց մի փոքր ներքև, կառուցվեց ահա այս անկյունային գեղեցիկ շենքը:
Շենքի ճարտարապետական յուրահատկություններն են դասական ոճի դեկորատիվ խոյակները և մի քանի շերտերից բաղկացած ու շենքի ողջ երկայնքով ձգվող բազմաշերտ քիվերը: Շքամուտքը՝ Պուշկինի (նախկինում՝ Թարխանովսկայա) փողոցից է, իսկ Փարպեցու փողոցի կողմից երկրորդ դուռը բացվել է ավելի ուշ՝ խորհրդային տարիներին:
Հայտնի է, որ 20-րդ դարասկզբին այստեղ է տեղակայված եղել Երևանի քաղաքային գործադիր մարմնի (ուպռավայի) բժշկական հարցերով զբաղվող հանձնաժողովը, որին կից գործել է փոքր դեղատուն, և դա եղել է Երևանի առաջին դեղատներից մեկը: Հայաստանի առաջին Հանրապետության օրոք իր աշխատանքներն այս շենքում էր կազմակերպում Հայաստանի կառավարության Հանրային խնամատարության նախարարությանը կից գործող բժշկասանիտարական բաժինը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1920 թվականի դեպտեմբերի 22-ի Հայկական ԽՍՀ հեղկոմի հատուկ հրամանագրով (դեկրետով) կազմակերպվում է Խորհրդային Հայաստանի առողջապահության նախարարությունը (ժողկոմիսարիատը), որը սկսում է գործել նույն այս շենքում՝ ընդհուպ մինչև 1936 թվականը: Ի դեպ, 1920-1922 թթ. առողջապահության առաջին նախարարն է եղել Սարգիս Համբարձումյանը:
1936-ից հետո շենքը տրամադրվում է առողջապահության նախարարության Հայբուժպետառին և նրա պահեստին: 1942-ի սկզբից այս շենքում և կից տարածքում գործել է Երևանի Քիմդեղագործարանը, որի արտադրամասերում պատրաստված ողջ արտադրանքը՝ դեղերը, բժշկական նյութերն ու պարագաները ուղարկվել են խորհրդա-գերմանական ռազմաճակատ: Հետագայում, այստեղ երկար տարիներ տեղակայված է եղել Հայաստանի Դեղատնային գլխավոր վարչությունը և գործել է դեղատուն, որը մինչ այժմ էլ գործում է:
Անցյալ տարի մասնավոր մի ընկերության կողմից իրականացվեց շենքի արտաքին հարդարանքի հիմնովին վերանորոգում՝ պահպանելով շինության նախնական տեսքը: Ներկայումս վերանորոգման աշխատանքները շարունակվում են նաև շենքի ներսում, որից հետո այստեղ նախատեսված է տեղակայել մասնավոր բժշկական կլինիկա: