Այնպես է ստացվել, որ Հայաստանում երբեք չի եղել օծանելիքի արտադրություն: Իրավիճակը փոխվեց, երբ 2014 թվականին Արման Մանուկյանը Հայաստանում հիմնադրեց առաջին օծանելիքային բրենդը` «Arman Manoukian Parfums», ստեղծելով նրբագեղ, տարբերվող բույրեր: «Arman Manoukian Parfums»-ի առաջին հավաքածուի շնորհանդեսը մեծ հաջողությամբ է անցել: Ոգեշնչված իր առաջին հավաքածուի հաջողությամբ, Արման Մանուկյանը սկսեց աշխատել երկրորդ նախագծի վրա: Նախագծի մանրամասները դեռ չեն բարձրաձայնվում, բայց նախագիծը խոստանում է լինել ունիկալ: Նախատեսվում է, որ առաջին շնորհանդեսը տեղի կունենա Երևանում, և ապա հավաքածուն կցուցադրվի արտերկրում: Արման Մանուկյանը կարծում է՝ հայերի բազմաթիվ հաջողությունները համաշխարհային պատմության մեջ պետք է համալրվեն սեփական պարֆյումերիայով:
Հետաքրքիր զրույց ունեցանք նկարիչ, օծանագործ Արման Մանուկյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև:
– Ե՞րբ հետաքրքրվեցիք օծանելիքների ստեղծմամբ, ե՞րբ ցանկացաք դառնալ օծանագործ:
– Բույրերի Աշխարհը ինձ հետաքրքրել է մանկուց: Դրանք շատ վառ հիշողություններ են: Իմ հիշողություններում մնացել է մորս օծանելիքի բույրը: Այն մնաց իմ մեջ ամբողջ կյանքում՝ դառնալով հենց այն ազդակը, որը բացեց ինձ ճանապարհ դեպի օծանելիքների կախարդական աշխարհ: Իսկ ցանկությունը դառնալ օծանագործ եկավ ինքնին: Ես սկսեցի զբաղվել արոմաթերապիայով, հետո սկսեցի ինքս ստանալ եթերային յուղեր՝ ստեղծելով իմ առաջին կոմպոզիցիաները: Երբ արդեն չափահաս դարձա, ստացա անհրաժեշտ գիտելիքներս, որոնք մինչ այժմ լրացնում եմ:
–Մի փոքր խոսեք ձեր հավաքածուի մասին: Ստեղծման գաղափարն ու՞մ էր:
– Ես ստեղծեցի առաջին հայկական օծանելիքի բրենդը՝ «Arman Manoukian Parfums», որը յուրահատուկ է: Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստանում երբեք չի եղել օծանելիքի արտադրություն, բայց այն չխանգարեց ինձ ընտրելու այս յուրահատուկ մասնագիտությունը: 2014 թվականին հանրությանը ներկայացրի իմ առաջին 7 բույրերը՝ «7 մեղքեր, 7 բույրեր» գեղարվեստական ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրի շրջանակներում ես հանրությանը ներկայացրի 7 նկար նույնանուն թեմայով: Այդ թեման ինձ հետաքրքրում էր շատ վաղուց և ինձ մոտ միշտ ցանկություն է եղել ցուցադրել իմ գիտելիքները այդ կոնտեքստի շրջանակներում: Ես շատ էսքիզներ եմ արել իմ նկարների , աշխատել եմ երկար ժամանակ:Բայց որոշումը եկել է ինքնստինքյան՝ երազում: Ես ամենը տեսա միանգամից, թե ինչպիսին պետք է լինի նկարը: Առավոտյան ես արդեն կանգնած էի կտավի առջև և այսպես ծնվեցին այդ նկարները:Իսկ այդ 7 բույրերի վրա ես աշխատել եմ 4 տարի: Դրանք ստեղծվել են է շատ բարդ պրպտումներից հետո:Ես փորձել եմ շատ բաղադրիչներ և շուտով ստացա այն, ինչը հանդիսացավ տվյալ հավաքածուի հիմքը:
–Որքանո՞վ են համատեղելի նկարչի և օծանագործի մասնագիտությունները:
– Օծանագործը առաջին հերթին նկարիչ է: Փոքրուց բոլորն էլ նկարում են, բայց ոչ բոլորն են դառնում նկարիչ: Գլխավոր տեսլականը այն է, թե ինչն է քեզ տպավորում և անհանգստացնում: Եվ դա գլխավորն է, որ պիտի լինի օծանագործի մոտ: Դու կարող ես իմանալ բոլոր գույները, սակայն եթե դու նկարիչ չես նկար նկարել չես կարող: Դու կարող ես իմանալ շատ բուրմունքի բաղադրիչներ, բայց եթե նկարիչ չես, չես կարող դառնալ օծանագործ:
–Որտե՞ղ եք մասնագիտացել:
– Տեխնիկան ես սովորել եմ Մոսկվայում, իսկ տեսնելը և ներքին զգացողությունները ինձ տվել է բնությունը:
–Խոսեք աշխատանքում հանդիպող բարդությունների մասին:
– Բարդությունը կայանում է նրանում, որ հայաստանյան գնորդը դեռևս պատրաստ չէ հայկական օծանելիքի: Այսինքն՝ նա պատրաստ է գնելու այն ինչ առաջարկում է շուկան, նրանք սովոր են արդեն որոշակի օծանելիքների : Դրանում է բարդությունը: Ես կարծում եմ՝ եկել է ժամանակը կոտրելու կարծրատիպը, իսկ դա ժամանակի խնդիր է:
-«Arman Manoukian Parfums»–ի առանձնահատկությունը:
–«Arman Manoukian Parfums»–ը առաջին հերթին նիշային օծանելիք է: Այսինքն՝ դա այն օծանելիքն է, որը նախատեսված է օծանելիքը գնահատողների հատուկ խմբի համար, որովհետև տարբերվում է մնացած օծանելիքներից՝ վաճառվում է շքեղ խանութներում և ոչ միայն: Այս օծանելիքում առաջին հերթին նկարչի տեսլականն է և դուք գնում եք այդ օծանելիքները, որովհետև այն առաջին հերթին ոճն է և ձեռագիրը օծանագործի: Եվ այնտեղ չկա ոչ մի մարքեթինգ, որը պետք է դուր գա բոլորին: Նիշային օծանելիքը դա օծանագործի բարձր ճաշակն է և հեղինակությունը:
–Նոր ծրագրերի մասին:
-Այժմ ես աշխատում եմ նոր ծրագրի վրա: Հիմա չեմ ցանկանում բարձրաձայնել մանրամասնությունները, բայց ծրագիրը կլինի տպավորիչ և հետաքրքիր:
–Կատարելագործվելու ձգտման մասին խոսեք:
– Այդ գործընթացը անվերջ է:Ես գտնվում եմ միշտ որոնումների և կատարելագործման մեջ: Հնարավոր չէ հասնել ինչ-որ աստիճանի և կանգ առնել:Ընդհանրապես մարդու համար, որը ստեղծագործում է չկա և չպետք է լինի կանգառ: Պետք է լինել միշտ ինչ-որ բանից չբավարարված, որպեսզի գնաս առաջ: Միայն այդպես կարելի է հասնել վարպետության և մասնագիտացման ինչ-որ գործում: