Ֆրանսիայի հարավ-արևմուտքի Պո քաղաքում առաջին անգամ հանրությանն է ներկայացվել աշխարհահռչակ քանդակագործ Օգյուստ Ռոդենի (1840-1917 թթ.) նախկինում անհայտ աշխատանքը:
Այն 72-սանտիմետրանոց արձան է՝ «Ես գեղեցիկ եմ» անվանմամբ, որը, ինչպես կարծում են փորձագետները, 1885 թվականի գործ է:
Մասնագետները վստահ են, որ ստեղծագործությունը քանդակագործի կողմից կերտվել է «Գեղեցկություն» բանաստեղծության տպավորության ներքո, որը Շառլ Բոդլերի՝ այն տարիներին շատ տարածված «Չարի ծաղիկները» բանաստեղծությունների ժողովածուից է:
Կոմպոզիցիան ներառում է մերկ մկանուտ տղամարդու, որը ձեռքերով վեր է բարձրացրել գունդուկծիկ եղած մի կնոջ: Քանդակը շատ պատահական են գտել: Այն սկզբում պատկանում էր տարեց մի կնոջ, որն ապրում էր Պո քաղաքի ծերանոցների մեկում: 2013 թվականին վախճանվելուց հետո նրա բոլոր իրերը պահպանման համար հանձնվել են կահույքի տեղի մասնագիտացված պահեստին:
Այն բանից հետո, երբ պարզվել է, որ ազգականներից ոչ մեկն այդ պահին չի հայտնվել և չի հայտարարել իր իրավունքների մասին, այդ բոլոր իրերը 2016 թվականի ապրիլին փորձաքննության են տվել տեղի աճուրդների տան մասնագետներին:
Նրանք արձանի պատվանդանին հայտնաբերել են Ռոդենի հազիվ նկատվող ստորագրությունը: Հետագայում փորձաքննությունը գիպսի վրա հայտնաբերել է նաև վարպետի մատնահետքերը:
Անհայտ ստեղծագործությունը հանրությանը ներկայացվել է քանդակագործի մահվան 100-րդ տարելիցի տարում: Ռոդենի այդ աշխատանքը գնահատվում է 700 հազար եվրո: Ֆրանսիայի մշակույթի նախարարությունն արդեն այն հայտարարել է ազգային հարստություն, ինչն արգելում է երկրից դրա դուրս բերումը առաջիկա 30 ամսվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: