Օրերս Tashir Street Shopping Gallery-ում տեղի ունեցավ ArmMod Birthday Charity Fashion Show-ն: ArmMod Fashion նախագծի 1 տարվա ամփոփիչ բարեգործական ցուցադրությանը մասնակցում էին նախագծի շրջանակներում ներկայացած բոլոր 50 դիզայներները, ինչպես նաև հայտնի մարդիկ ՝ հաղորդավարներ, երգիչներ, նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ: Բոլորին միավորել էր հայկական արտադրանքն ու հայ սկսնակ դիզայներներին խրախուսելու գաղափարը: Նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանի առաջարկով ցուցադրությանը մասնակցեց նաև Wnews.am-ի համահիմնադիր Գայանե Շահինյանը, ով թեպետ հնարավորություն չունեցավ դիտել շոուն, բայց եղավ բեքսթեյջում, որտեղ, ըստ նրա, շատ ավելի հետաքրքիր է: Ահա թե ինչ է պատմում մեր անփորձ «մոդելը» .
«Մինչև այսօր, այսինքն իմ առաջին փորձը որպես մոդել, մոդելի աշխատանքին մի քիչ վերապահումով էի վերաբերվում: Մտածում էի, որ մեծ ջանք ու պատասխանատվություն չպահանջող աշխատանք է: Ուղղակի պետք է գեղեցիկ քայլել: Բայց այսօր հասկացա, որ իրականում շատ մեծ պատասխանատվություն կա: Դիզայները աշխատել է այդ հագուստի վրա մի քանի ամիս և մոդելից է կախված, թե ինչպես ներկաները կընդունեն դիզայների ջանքերը: Ես ուրախ եմ, որ ներկայացնում էի Արմինե Մարտիրոսյանի զգեստը, ինձ դուր է գալիս նրա հագուստներին բնորոշ նրբությունը, կանացիությունը և մեծ պատասխանատվություն էի զգում, շատ էի ուզում, որ Արմինեի զգեստը դուր գա ներկաներին»:
«Բեքսթեյջում իսկական խառնաշփոթ էր, փառք Աստծո, որ ես ներկայացնում էի միայն մեկ զգեստ )) : Հիանալ կարելի է, ինչպես էին մոդելները ընդամենը մի քանի վայրկյանում հասցնում փոխվել, դիմահարդարվել, նորից վերադառնալ պոդիում և այդպես շարունակ։ Ընդհանրապես լավ տրամադրություն էր կուլիսներում»:
«Wnews.am-ին դուր է գալիս ArmMod-ի գաղափարը ՝ աջակցել հայ սկսնակ դիզայներներին ու մենք տեսնում ենք, թե յուրաքանչյուր անգամ ինչքան է աճում, զարգանում նախագիծը, իհարկե, թերություններ նույնպես լինում են, բայց այն հնարավորությունը, որ տալիս է նախագիծը դիզայներներին, անհնար է չգնահատել: Ընդհանրապես, հեշտ է փնովելը կամ վատ բան տեսնելը, մենք սիրում ենք հակառակն անել՝ գտնել դրական կողմեր, փորձել դա ավելի շեշտել, զարգացնել»:
«Ես հավատում եմ, որ մենք էլ կարող ենք ունենալ որակյալ նորաձևության շաբաթներ, ցուցադրություններ, ունենք լավ դիզայներներ, մոդելներ: Պետք է մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնել այս ոլոտին նաև պետական մակարդակով: Tbilisi Fashion Week -ին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից բլոգերներ, դիզայներներ, նորաձևությամբ հետաքրքրված հարյուրավոր մարդիկ են ժամանում Վրաստան: Այդ երկրի մասին գրում են հեղինակավոր fashion ամսագրեր: Ինչու մենք էլ չփորձենք իրականացնել դա մեզ մոտ: ArmMod-ի օրինակը կարող է վարակիչ լինել»:
Wnews.am-ը շնորհավորում է Ռուբինա Գրիգորյանին և ArmMod-ին ծննդյան օրվա առթիվ:
Ցուցադրությանը որպես հրավիրված մոդել մասնակցում էին նաև հաղորդավարներ `Արման Մարգարյանը, Գոհար Հայրապետյանն ու Արմինե Ճաղարյանը, Voskanyan’s արծաթյա զարդերի դիզայներ Ժիրայր Ոսկանյանը և բլոգեր Մանե Հարությունյանը: