Երիտասարդ դերասանուհի Թամարա Գևորգյանը շատ շուտով մշտական բնակությամբ պատրաստվում է մեկնել ԱՄՆ և ոչ թե հաստատվել հայաշատ Գլենդելում, այլ Հոլիվուդում, քանի որ շատ պատահականորեն Թամարան հոլիվուդյան ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել: Դերասանուհու կյանքը մեկ օրում հոլիվուդյան ֆիլմի է վերածվել, իր խոսքով ամենաթաքուն երազանքները կարծես թե իրականանում են:
Պարզվում է` աշխարհահռչակ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն Թամարային իր ֆիլմում նկարահանվելու առաջարկ է արել.
«Ամիսներ առաջ չգիտեմ էլ ինչ անցավ մտքովս ու գրանցվեցի հոլիվուդյան պրոդյուսերական կայքերից մեկում, ինչպես սովորաբար լինում է` ներբեռնեցի լուսանկարներս, լրացրեցի հատուկ նախատեսված հարցերի շարքն ու մոռացա այդ ամենի մասին, քանի որ անգամ երազել չէի կարող, որ մի օր հոլիվուդյան ֆիլմերից մեկում կնկարահանվեմ: Եվ ահա մի օր բացում եմ անձնական փոստս. Ուփս, նամակ այդ կայքից, որտեղ հայտնում են, որ Տարանտինոյի ֆիլմի համար պրոդյուսերներն այլազգի դերասանուհի են փնտրում ու ես շանս ունեմ: Իհարկե, սկզբում աչքերիս չհավատացի, բայց և փորձեցի զգոնություն ցուցաբերել, պատասխան նամակ ուղարկեցի, իսկ ավելի ուշ ինձ պատասխանեցին, որ տեսաձայնային կապի միջոցով պետք է քասթինգ անցնեմ: Դա էլ կարծես թե չուշացավ, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէր: Սկզբում քասթինգը կայացավ պրոդյուսերական կազմի համար, նրանք ինձ հավանեցին, բայց հայտնեցին, որ հաջորդ քասթինգը անձամբ Տարանտինոն պետք է անցկացնի: Կարծում եմ` հասկանալի է, թե ինչ հուզմունք եմ ապրել,- Life.panorama.am-ի հետ զրույցում ժպիտով պատմեց Թամարան ու շարունակեց.
«Ավելի ուշ կայացավ նաև տեսաձայնային կապի միջոցով իմ ու Տարանտինոյի հանդիպումը: Որոշ առաջադրանքներից հետո, նա հայտնեց, որ ֆիլմում գրեթե մերկ պետք է նկարահանվեմ, լինելու են համարձակ տեսարաններ: Ինչ խոսք, իմ կողմից անմտություն կլիներ անգամ մտածելը, պատրա՞ստ եմ արդյոք դրան, թե ոչ: Ես հայտնեցի, որ ընտրելով այս մասնագիտությունը, գիտակցել եմ, որ սա արվեստ է ու պրոֆեսիոնալ չէ անգամ այդ հարցի շուրջ մտածելը և իհարկե, ես համաձայն եմ»:
Թամարայի խոսքով, Հոլիվուդում պետք է անցնի վերջին քասթինգը, սակայն մեզ հետ զրույցում դերասանուհին ժպիտով նկատեց.
«Իհարկե, վերջին քասթինգը ավելի շատ ֆիկտիվ բնույթ է կրելու, քանի որ իմ մասնակցությունը այդ ֆիլմում արդեն հաստատված է: Մենք ունենք պայմանագիր ու համապատասխան փաստաթղթեր»:
Թամարա Գևորգյանն այժմ զբաղված է թղթաբանական հարցերով: Հավանաբար մինչ մայիսի վերջ նա արդեն կմեկնի:
Հիշեցնենք, որ այսօր ապրիլի մեկն է`ծիծաղի օրը: Life.panorama.am-ն ու Թամարա Գևորգյանը շնորհավորում են բոլորին ու հայտնում, որ սա ապրիլմեկյան կատակ էր, որի իրականություն դառնալուն, սակայն, Թամարան դեմ չէր լինի.
«Իհարկե, իսկապես երազ կլիներ, եթե այս ամենն իրականություն լիներ: Ես ուղղակի կխենթանայի երջանկությունից, եթե Տարանտինոյից առաջարկ ստանայի: Ամեն դեպքում, հուսամ, ինձ կհաջողվի իմ կարիերայի ընթացքում իսկապես հայտնվել հոլիվուդյան ֆիլմերում, իսկ առայժմ` շնորհավոր ապրիլի մեկ, հաճախ ժպտացեք»,- ավարտեց դերասանուհին: