Ուտիների դժվար անցյալն ու տխուր ներկան
Ուտիները կամ ուդիները պատմական Կովկասյան Աղվանքի (Բուն Աղվանք, Կուր գետից դեպի արևելք՝ մինչև Կովկասյան լեռնաշղթա տարածվող հին պատմաաշխարհագրական տարածաշրջան) հնագույն ժողովուրդներից միակն են, որոնք ոչ միայն դարերի ընթացքում պահպանել են իրենց գոյությունն ու հասել մինչև մեր օրերը, այլև մնացել են քրիստոնեական կրոնի հետևորդներ։ Սակայն ուտիների մի մասը զերծ չի մնացել մահմեդականացումից և թրքալեզվացումից։ Ուտիների լեզուն պատկանում է Կովկասյան լեզուների լեզգիական խմբին։
Ուտիները խիստ փոքրաթիվ ժողովուրդ են՝ ընդհանուր առմամբ մինչև 10 հազար հոգի, որոնց մի մասն ապրում է պատմական հայրենիքում՝ ներկայիս Ադրբեջանի Գաբալայի շրջանի Նիժ և Օղուզի շրջանի Օղուզ (մինչև 1991 թ․՝ Վարդաշեն) գյուղերում։ Մնացածը բնակվում են Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, փոքրաթիվ (մինչև 200 հոգի) համայնք կա նաև Հայաստանում՝ հիմնականում Տավուշի մարզում։
Ուտիների պատմական ճակատագիրը ամենասերտ կապերով առնչվում է հայերի պատմության ընթացքին՝ այն աստիճանի, որ արդեն 18-19-րդ դարերում իրենք իրենց համարել են հայ ժողովրդի մի մասնիկը, զգալիորեն հայացել են՝ իրենց դավանական պատկանելիությամբ, մշակույթով ու նիստուկացով (բնականաբար, ազգային առանձնահատկությունները պահպանելով հանդերձ), հայ ազատագրական պայքարին իրենց անմնացորդ նվիրումով։ Պատահական չէ, որ 1720-ական թթ․հայերեն գրված մի նամակում ուտիները, նկարագրելով իրենց ծանր կացությունը, գրում են, թե «ցերեկները թրքություն են անում, իսկ գիշերները՝ հայություն»։
Հենց հայերի հետ ինքնանույնացումը և օտարների կողմից հաճախ ուտիներին ու հայերին չտարանջատելն այն գլխավոր պատճառներից էին, որոնց հետևանքով 1980-ական թթ․վերջին՝ հայ-ադրբեջանական հակամարտության բռնկումից անմիջապես հետո, ադրբեջանական իշխանությունների բռնաճնշումներին ենթարկեցին նաև ուտիները։ Նրանցից շատերը (թե ուտիախոս, թե ադրբեջանախոս ուտիները) հայերի նման ստիպված էին լքել հայրենի բնակավայրերն ու բռնագաղթվել (հիմնականում դեպի Ռուսաստան)։
Ի վերջո, ի՞նչն էր հայերին և ուտիներին միավորողը։
Մեկ կրոն, մեկ ճակատագիր
Հայ-ուտիական եզակի սերտ կապերի արմատները շատ խորն են՝ սկսած 4-րդ դարից, երբ Հայաստանում և Աղվանքում՝ ուտիների նախնիների հայրենիքում, քրիստոնեությունը պետական կրոն դարձավ։ Հենց սկզբից աղվանական եկեղեցին դավանական միության մեջ էր հայոց եկեղեցու հետ, ապա լիովին ձուլվեց հայ եկեղեցու կառույցի մեջ։ Այնուհետև արաբական տիրապետությունից հետո տեղ-տեղ քրիստոնեական շերտը պահպանած Աղվանքի տարածքը հայոց հոգևոր, մշակութային, երբեմն նաև քաղաքական գերիշխանության սահմաններում էր։ Դարերի ընթացքում աղվանական ցեղերի մեծ մասը ձուլվեց-վերացավ, և միայն փոքրաթիվ ուտիները, լինելով հայ եկեղեցու հետևորդներ, կարողացան պահպանել իրենց քրիստոնեական ինքնությունը։
Քանի որ միջին դարերում մեծապես հենց դավանանքով էր որոշվում ազգությունը, ուստի թե ուտիներն իրենք իրենց, թե հայերը և օտարները նրանց հայ են համարել։ Կենցաղում լինելով հիմնականում ուտիախոս՝ նրանք գերազանց տիրապետել հայոց լեզվին, օգտագործել են հայոց գիրը։ Եկեղեցական արարողությունները կատարվել են հայկական ծեսով և հայերեն։ Ուտիներն ունեցել են (ունեն) հիմնականում հայկական անուն-ազգանուններ, հայկական դպրոցներ, հայատառ արձանագրություններով եկեղեցիներ ու տապանաքարեր։
Ուտիների մեծ մասը, սակայն, միջին դարերում աստիճանաբար մահմեդականացվել է, կորցրել ուտիերեն լեզուն։ Մահմեդականացման ու թրքացման ամենամեծ ալիքներից մեկը տեղի է ունեցել 18-19-րդ դարերում։ 1905-1906 թթ․, 1918-20 թթ․ հայերի հետ միասին ջարդերի ու բռնագաղթի են ենթարկվել նաև ուտիները` շուրջ 8 հազար հոգուց կոտորվել է մոտ 3,5 հազարը։ 1980-ականներին Ադրբեջանի տարածքում քրիստոնյա ուտիախոս ընդամենը երկու գյուղ էր մնացել՝ Նիժը և Վարդաշենը, և ևս երեք ադրբեջանախոս քրիստոնյա ուտի բնակչությամբ գյուղեր։ Ներկայում Ադրբեջանում վարվող ազգային փոքրամասնությունների ձուլման քաղաքականության արդյունքում ուտիների թիվը շարունակ նվազում է։ Օրինակ, եթե մինչև 1950-ականները Վարդաշենի բնակչության բացարձակ մեծամասնությունը ուտիներ և հայեր էին, ապա ներկայում մնացել են ընդամենը 20-ից պակաս ուտիական ընտանիքներ, իսկ ամբողջ Ադրբեջանում ուտիների թիվը չի գերազանցում 4 հազարը։ Հետազոտողների դիտարկմամբ այժմ Ադրբեջանում մնացած ուտիների շրջանում մեծ թափով «վերափոխման», հայկականությունից հրաժարման գործընթաց է տեղի ունենում․ հայադավան եկեղեցու հետևորդները զանգվածաբար անցել են ուղղափառ-վրացադավանության, փոխվում են հայկական ազգանունները, Ադրբեջանի պարտադրմամբ գրվում են հոդվածներ, որտեղ ժխտվում են հայերի հետ ունեցած կապերն ու ազդեցությունները, իսկ 2004 թ․ անգամ Նիժ գյուղում հայադավան Սբ Եղիշե եկեղեցուց ջնջվել են հայերեն արձանագրությունները։
Ցավոք սրտի, հայերի բախտակից եղբայրները դարձած ուտիներն այսօր գրեթե լրիվ մոռացված են հայերի կողմից, իսկ 1990-ակաների սկզբին Ադրբեջանից Հայաստան՝ հիմնականում Նոյեմբերյանի շրջան, գաղթած ուտիները (հատկապես ադրբեջանախոս ուտիները), որոնք ցանկանում էին վերահաստատվել այդտեղ, պատշաճ աջակցության չարժանացան, և շատերը տեղափոխվեցին այլ երկրներ՝ հիմնականում Ռուսաստան։
Ուտիների բազմամյա գիտական հետազոտող ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշում է, որ երբ 1988 թ․ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Շաքիից, Վարդաշենից և Նիժից Նոյեմբերյանի շրջան եկան ուտիախոս և ադրբեջանախոս, բայց քրիստոնյա ուտիական ընտանիքներ, շրջանի ղեկավարը (կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղարը) սկզբնապես չէր հասկացել, թե ուտիներն ովքեր են և ինչու են փախել Ադրբեջանից։ Հետո խնդիրը հարթվել է, սակայն հաջորդ տարի Ադրբեջանից հատուկ բանագնացներ են եկել՝ ադրբեջանախոս ուտիներին հետ հրավիրելու Ադրբեջան։ Եւ քանի որ հատկապես վերջիններն իրենց լեզվի պատճառով լավ ընդունելություն չէին գտել հայերի կողմից, շատերը վերադարձան Ադրբեջան։ Մյուսները կամ մնացին Հայաստանում (փոքր մասը), կամ արտագաղթեցին ծանր սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով։ Ներկայում Հայաստանում մնացած փոքրաթիվ ուտիներն էլ չունեն ազգային փոքրամասնության պաշտոնական կարգավիճակ։
Հայ ժողովրդի նշանավոր ուտի զավակները
Մովսես Սիլիկյանն ու Սարգիս Կուկունյանը:
Ինչպես նշվեց, ուտիների՝ հայադավան քրիստոնեական կրոնը պահպանած հատվածը 19-րդ դարում (և դրանից էլ վաղ), պահպանելով հանդերձ սեփական ուրույն ազգային ինքնագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, զգալիորեն հայացել էր և մահմեդական օտարների շրջապատում իրեն լայն առումով հայ էր համարում։ Դրա լավագույն վկայություններից մեկը Սիլիկյանների ուտիական հայտնի գերդաստանի ներկայացուցիչ, Պետերբուրգում ուսանող Հայրապետ Սիլիկյանի հայերեն նամակն է (1877 թ․)՝ ուղղված իր հայրենակից, Վարդաշեն գյուղի քահանա Մկրտիչ Մելիք-Վարդազարյանցին․ «Գթառատ հայր իմ․․․ ես իմ մանկությունից պարապել եմ հայկական մայրենի լեզվով․․․ իսկ ուտերենը մաքուր չեմ տիրապետում, խնդրում եմ ինձ ուղարկել այդ լեզվով երգեր ու բանաստեղծություններ, եթե, իհարկե, կան»։
Հայ-ուտիներից ամենահայտնին, թերևս, նշանավոր զորավար, Սարդարապատի ճակատամարտի հերոս, հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանն է (1862-1937 թթ․)։ Ծնվել է ուտիաբնակ Վարդաշեն գյուղում, եղել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Կա մի ուշագրավ փաստ, ըստ որի խորհրդային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվելուց հետո՝ 1935 թ. նոյեմբերին, իր ցուցմունքում Մ. Սիլիկյանը պարզաբանել է, որ որոշ դեպքերում ազգությունը նշել է հայ, քանի որ շատերը չէին հասկանում, թե ինչ ազգություն է ուտին: Մյուս նշանավոր հայ-ուտին հայ ազգային-ազատագրկան շարժման ականավոր գործիչ Սարգիս Կուկունյանն է (1863-1913 թթ․)։ Ծնվել է ուտիաբնակ Նիժ գյուղում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ 1890 թ․ իր կողմից կազմակերպված 107-հոգանոց զինված խմբով Կարսից փորձել է անցնել Արևմտյան Հայաստան, սակայն մարտի է բռնվել ռուս սահմանապահների հետ, ապա ձերբակալվել, դատապարտվել երկարատև աքսորի ու տաժանակրության, ապա կարճատև ազատումից հետո կրկին ազատազրկվել ու մահացել բանտում։