Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում վերջին վեց ամսում բազմաթիվ դրական փոփոխություններ են կատարվել. նորոգվել են լսարանները, երաժշտական գործիքները, կարգավորվել է դասավանդման ծրագիրը, լուծվել է ջեռուցման խնդիրը: Այս կապակցությամբ թղթակիցը զրուցեց քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ:
«Երբ ստանձնեցի տնօրենի պարտականությունները, քոլեջում անմխիթար պայմաններ էին. գործիքները լավ վիճակում չէին, դասասենյակները` նույնպես, ջեռուցման և բազմաթիվ այլ խնդիրներ կային, որոնք հիմա լուծվում են ինչպես պետական, այնպես էլ ընկերներիս աջակցությամբ»,- նշեց Տիգրան Դավթյանը և հավելեց, որ 90-ական թվականներին մասնակցել է Արցախյան պատերազմին և բազմաթիվ ընկերներ ձեռք բերել, որոնք այժմ իր կողքին են և օգնում են քոլեջում վերանորոգման աշխատանքներ իրականացնել, բարեկարգել այն:
Քոլեջում կան տարբեր բաժիններ` էստրադային, վոկալ-գործիքային, պար, դերասանական, ռեժիսուրա, ջազ և այլն: Դասավանդվում են նաև հանրակրթական առարկաներ: Այստեղ ներկայումս սովորում են 100-ից ավելի ուսանողներ, որոնց մեծ մասն ապրում է Երևանում, կան ուսանողներ նաև Մեծամորից, Ղափանից և այլ շրջաններից: Նրանց գերակշռող մասը նախընտրում է վոկալ-գործիքային և դերասանական բաժինները: Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ կցանկանար նաև փողային գործիքների բաժին ստեղծել, սակայն տարածքի խնդիր կա:
Քոլեջի ուսանողները ելույթներ են ունենում տարբեր ակումբներում, մասնակցում են մրցույթների և հաջողություններ գրանցում:
Էստրադային և ջազային արվեստի քոլեջը պայմանագրեր ունի Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի հետ: Քոլեջը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո, ուսանողները կարող են ընդունվել վերը նշված ուսումնական հաստատություններ` հանձնելով անհրաժեշտ առարկաների տարբերությունները, և ուսումը շարունակել երկրորդ կուրսից:
Տիգրան Դավթյանը կարևորեց քոլեջում դասավանդող դասախոսների դերը և շեշտեց, որ նրանք ստեղծագործող մարդիկ են ու սիրով են կատարում իրենց աշխատանքը: Ներկայումս դասավանդում են Վարդան Գաբոյանը, Գագիկ Թորոյանը, Քրիստ Մանարյանը, Արմեն Ավետիսյանը, Արմեն Մուշեղյանը, Քրիստինե Կարապետյանը, Անահիտ Մազմանյանը, Գոհար Հարությունյանը, Տատյանա Մինասյանը, Խաչիկ Սահակյանը, Նաիրա Մելիքյանը, Նելլի Աբովյանը, Սաթիկ Ավետիսյանը և այլ հիանալի մասնագետներ, ովքեր, մասնագիտական հմտություններից բացի, սովորեցնում են ստեղծագործել, երևակայել ու մարդ լինել:
Ըստ երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Թաշչյանի` քոլեջում կարողանում են սեր սերմանել մաքուր, իրական ջազ երաժշտության հանդեպ: «Այստեղ սովորել եմ լինել ոչ միայն երգչուհի, այլև արտիստուհի»- շեշտեց նա:
«Առիթ եմ ունեցել ընկերություն անել քոլեջի հիմնադիր Ակսել Բակունցի հետ, որը լուսավոր ու հիանալի մարդ էր: Երբ Տիգրան Դավթյանը դարձավ տնօրեն, կրկին դրական մթնոլորտ ստեղծվեց այստեղ: Կա սեր, նվիրվածություն և ներողամտություն բոլորի հանդեպ»,- նշեց դաշնակահար Հովհաննես Մանուկյանը:
1979 թվականին ստեղծվել է «Հայ համերգ» կազմակերպության «Էստրադային ստուդիա», որը 1992-ին վերանվանվեց «Էստրադային ևջազային արվեստի քոլեջ», իսկ 1996-ին` «Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»: ՀՀ կառավարության որոշմամբ` 2004 թվականին «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Շուրջ 35 ամյա գործունեության ընթացքումքոլեջում դասավանդել են՝ Ակսել Բակունցը, Ռոբերտ Յոլչյանը, Ստեփան Լուսիկյանը, Ստեփան Շաքարյանը, Արթուր Գրիգորյանը, Էլվինա Մակարյանը, Գեորգի Ջանգուլյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Աշոտ Ղազարյանը, Արմեն Հյուսնունցը:
Քոլեջի շրջանավարտներից են ՝ Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Անահիտ Մանուկյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը, Ռուզաննա Ջամբազյանը, Արմեն Գևորգյանը, Աիդա Սարգսյանը, Արմինկան, Նարինե Հարությունյանը, Աննա Աղաջանյանը /Անչոկ/, Ջուսը, Մարինե Գյուլումյանը,Վարդան Գաբոյանը, Սեդա Ամիր-Կարայանը, Իլոնան, Սիլվա Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, ՆարեԳևորգյանը, Էլիզաբեթ Ադիկյանը,Արմինե Աթոյանը և շատ-շատերը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի