Պատմության թանգարանը ցուցադրել է պետական գանձարանի պատմամշակութային արժեքները: Ֆինանսների նախարարությունը 90-ականներից հետո դրանք առաջին անգամ է հանրությանը ներկայացնում:
Կանանց ու տղամարդկանց արծաթե գոտիներ, վզնոց, դաշույն: Պատմության թանգարանում ցուցադրության դրված 8 նմուշները Հայաստան են հասել մաքսային ճանապարհով: Դրանք հիմնականում բռնագանձված արժեքներ են: 18-20-րդ դարերում Արևելյան ու Արևմտյան Հայաստանում շատ տարածված են եղել արծաթե գոտիները: Այսպիսի գոտիները տղամարդիկ հաճախ հարսանիքի ժամանակ նվեր են ստացել, աղջիկները` օժիտ:
Նմանատիպ արծաթե գոտիները մոդայիկ էին 60-70-ականներին: Բուսանախշերով, վարդակներով զարդարված գոտիները`բոլորը հայկական են: Ովքեր են կապել այս գոտիները, կրել կամ պատրաստել այս դաշույնը` հայտնի չէ: Տղամարդու գոտու ճարմանդի տակ միայն տարեթիվն է` 1917, փորագրություն էլ կա` Ա և Ղ:
Օրինակ` Սյունիքի, Արցախի գոտիներն ունեն եռակի խոշոր նախշերով ճարմանդներ: Դրանք ժողովրդական ստեղծագործության բարձր արժեքներ են: Շատ ավելի նուրբ, մետաղաթելերից պատրաստված գոտիներ էլ կան: Բերվել են նաև ոսկեզօծ գոտիներ Տրապիզոնից, Կարինից:
Արծաթե դաշույնը Հյուսիսային Կովկասում է պատրաստված: Պատմության թանգարանի աշխատակիցներից Աստղիկ Իսրայելյանը գրեթե վստահ է` հեղինակը հայ կարող է լինել. «Ուշադիր նայելով` տեսանք, որ Վանի ոճով է զարդարված , նուրբ փորագրություն կա»:
Ցուցափեղկի տակ ոչ թե վզնոց է, այլ բոժոժ: Դրանք հիմանկանում կրել են Մեղրիում, Ագուլիսում: Ներկայացված 8 նմուշները Հայաստանի պետական թանգարանում կմնան 2 ամիս: Պատմության թանգարանում առաջիկայում մոտավորապես 50 ցուցանմուշ կցուցադրվի: