Մեկնարկել է երաժիշտ-կատարողների IX «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այս անգամ այն նվիրվում է ՀՀ-ի հետ մի շարք երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառ ատոնի մամլո գրասենյակից, 2017թ. «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 35 երկրներից ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ:
Մասնակիցները ներկայացնում են հետևյալ երկրները. ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելառուս, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Լիտվա, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մոնղոլիա եւ այլն :
Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 19 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողգործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն և այլն: Իրենց անվանակարգերում 19 բացարձակ հաղթողների շնորհվելու են Մեծ մրցանակներ, 63 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III, IV եւ V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:
Մասնագիտական ժյուրիների կազմումընդգրկված են ավելի քան յոթ տասնյակ արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից:
Այս տարի ժյուրիի կազմում են բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ հանրահայտ դաշնակահարներ Միխայիլ Արկադեւը (ՌԴ- ՉԺՀ), Կորադո Ռուզան (Իտալիա), Յուրի Մախովիչը (Մոլդովա), ջութակահարներ Բենջամին Իզմաիլովը (Սլովենիա), Հայկ Կազազյանը (ՌԴ), թավջութակահար Մեդեա Աբրահամյանը (Հայաստան), շեփորահար Վլադիմիր Պուշկարյովը (ՌԴ), սաքսոֆոնահար Օլավի Կասեման (Էստոնիա), երգիչներ Մանցա Իզմաիլովան (Սլովենիա), Լյուդմիլա Կոլոսը (Բելառուս), դիրիժորներ Կլիֆ Յանգը (ԱՄՆ), Բորիս Պիրինուն (Ավստրիա), Ռեադ Կուտ Սին (ԱՄԷ), ջազմեններ Վալերի Գրախովսկին (ՌԴ), Ալգիս Կիլիսա (Լիտվիա), Ֆրանկոսի Կլոսին (Իտալիա), կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը (Հայաստան), Տունե Կորվիտսը (Էստոնիա/ եւ ուրիշներ: Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամների եւ նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում կանցկացվեն համերգներ եւ վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար:
Ամբողջ փառատոնը կազմկոմիտեն դիտարկում է որպես դասական երաժշտության մեծ համերգ, որին մասնակից հռչակավոր երաժիշտները փառատոնի շրջանակում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության եւ պատերազմների» բարեգործական համերգներով: Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները եւ մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա: Մրցույթ-փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 19-ին ժամը 18:00-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Ինչպես նախկինում, այս անգամ ևս փառատոնն իրականացնում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լեւոն Սարգսյան) եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն` Կարինե Ավդալյան):
Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակներն են խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, տարբեր ազգությունների երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծել նոր ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը, պատանիներին եւ երիտասարդներին իրենց վարպետությունը եւ ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու հնարավորություն տալ, կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում գեղարվեստական կրթության բնագավառում:
Արմենուհի Մխոյան