Ամառը մոտենում է, ինչը նշանակում է, որ շատերն են սկսում մտածել նիհարելու մասին։ Բոլորը ցանկանում են հնարավորինս արագ, հաշված օրերի ընթացքում ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Lifehacker.ru-ն ներկայացրել է մի քանի փաստ։
Ինչպես են աշխատում արագ դիետաները։ Արագ դիետաները դասվում են մի քանի խմբի.
- Մեկ շաբաթվա ընթացքում հարկավոր է սնվել այնպիսի սննդակարգով, որը շատ քիչ կալորիաներ է պարունակում։
- Մեկ շաբաթվա ընթացքում հարկավոր է ուտել միատեսակ մթերք, որ կրկին շատ քիչ կալորիաներ է պարունակում։
- Մեկ շաբաթվա ընթացքում հարկավոր է մի «սուպերմթերք» օգտագործել, որը կոչնչացնի ճարպն ու «կբուժի բոլոր հիվանդությունները»։
- Ի հավելումն ասվածի՝ հարկավոր է դետոքս անել։
Այս բոլոր եղանակներին մի բան է միավորում. սրանք ինքդ քեզ ձեռք առնելու միջոց են, երբ օրգանիզմը գտնվում է էքստրեմալ պայմաններում։ Բացի այդ՝ ըստ էության, սրանք օգնում են նաև ազատվել որոշակի քաշից։
Մեկ շաբաթվա ընթացքում մի քանի կիլոգրամով նիհարելը ռեա՞լ է։ Ոչ միշտ։ Հաճախ շատ բան կախված է նրանից, թե որքան է քաշը։ Ճարպակալմամբ տառապող կամ մեծ քանակով ավելորդ քաշ ունեցող մարդը տեսականորեն կարող է օրվա ընթացքում ազատվել մի քանի կիլոգրամից։ Բայց դա բնավ էլ այն քաշը չէ, որից հարկավոր է ազատվել։ Տեսականորեն արագ դիետայի ընթացքում օրգանիզմը պետք է ոչնչացնի կուտակված ճարպը՝ էներգիա ստանալու համար։ Պրակտիկայում օրգանիզմն այնքան էլ չի գիտակցում, թե ինչու է դադարել նորմալ սնունդ ստանալ։ Այդ պատճառով ծախսում է ոչ միայն պահուստային ճարպեր, այլև հեղուկ։ Իսկ եթե մարդն ավելորդ քաշ չի ունեցել, բայց ավելի սլացիկ դառնալու ցանկություն է առաջացել, արագ դիետան կարող է առհասարակ ոչ մի արդյունք չտալ։
Արագ դիետաները վնասակա՞ր են։ Վնասն իրականում ավելի շատ է, քան օգուտը։ Պատճառն այն է, որ արագ դիետաների դեպքում հեղուկ ենք կորցնում։ Օրգանիզմը պարզապես ի վիճակի չէ այդքան ճարպ վերամշակել։ Այդ պատճառով էլ օրգանիզմից արագ կարող է դուրս գալ միայն ջուրը։ Հեղուկը դուրս կգա թե մաշկից, թե արյունից, թե մկաններից։ Կտուժի ուղեղը, ինչի արդյունքում գլխացավ և հյուծվածություն կզգացվեն։ Սպասվում է նաև էներգիայի պակաս կալորիաների անբավարարության պատճառով։ Որպես այս ամենի հետևանք՝ կարող են նաև քարեր առաջանալ երիկամներում. տհաճ անակնկալ, որը կարող է հանդիպել այն անձանց շրջանում, ովքեր ավելորդ քաշ ունեն և որոշել են կտրուկ նիհարել։
Այս դիետաների ամենավնասակար հետևանքը վստահությունն է, որ հարկավոր է հենց այսպես էլ նիհարել։ Ինչի համար է հարկավոր ամեն օր հետևել սննդակարգին, պարբերաբար մարզվել և առհասարակ մտածել առողջության մասին, երբ կարելի է մի քանի օր տանջվել և արդյունքի հասնել։
Իհարկե, չի կարելի ասել, թե այդ դիետաները հավասարակշռված են։ Օրգանիզմին չեն բավարարում միկրոէլեմենտներ, մեկը մյուսի ետևից խնդիրներ են առաջանում։ Դա հասկանալու համար կարող եք ընդամենը մի քանի ֆորումների հետևել։ Էքստրեմալ կուրսերի սիրահարները միմյանցից հետաքրքրվում են՝ ինչպես փրկվել անտանելի փորացավերից, մազաթափությունից, եղունգների շերտավորումից, անքնությունից և այլն։ Ոմանց հետաքրքիր է, թե ինչու է դադարել դաշտանը։ 3 կիլոգրամն արժե՞արդյոք այսպիսի զոհողությունների, եթե հաշվի առնենք նաև, որ դեպքերի մեծամասնությունում քաշը վերադառնում է, իսկ նշված խնդիրները՝ մնում։
Կիլոգրամները կվերադառնա՞ն։ Կվերադառնան։ Սա սովորական երևույթ է։ Արագ դիետաները չեն լավացնում նյութափոխանակությունը։ Ընդհանրապես չկան գիտական ապացույցներ, որ մթերքների որոշակի համադրությունը կարճ ժամանակահատվածում կարող է փոխել օրգանիզմի կողմից էներգիայի սպառման պրոցեսը։ Այսինքն՝ արագ դիետաները չեն կարող լուծել հիմնական խնդիրը՝ ոչնչացնել ճարպային պահուստները։ Դրանք ոչնչացնում են ձեզ։
Կարելի՞ է արդյոք հետևել որևէ արագ դիետայի։ Քիչ կալորիականությամբ արագ դիետաներն իրականում կիրառվում են։ Օրինակ՝ երբ ճարպակալմամբ տառապող անձը պատրաստվում է վիրահատության, կամ երբ ճարպակալումն այն աստիճանի է, որ քիչ կալորիականությամբ դիետայից ավելի շատ օգուտ կլինի, քան վնաս։ Այս դիետայի սկզբունքը հետևյալն է՝ օրվա ընթացքում 800 կալորիա։ Բայց սննդակարգը պետք է բազմազան լինի, այն պետք է կազմվի բժշկի հսկողությամբ։ Մի փոքր ավելի մեղմ տարբերակը կանանց դեպքում՝ 1000-1200, տղամարդկանց դեպքում՝ 1200-1600 կալորիայի օգտագործումն է։ Ընդ որում, նույնիսկ այս դեպքում մեկ շաբաթվա ընթացքում քաշի կորստի նորման 1 կիլոգրամն է։
Ինչպես հասկանալ, որ դիետան վատն է։ Գոյություն ունեն սննդակարգը նկարագրող մի քանի բառեր, որոնցից կարելի է հասկանալ, որ որոշել են խաբել ձեզ.
- Նիհարեք առանց դիետաների և վարժությունների։
- Կերեք՝ ինչ ուզում եք, և նիհարեք։
- Մեկ ամսվա ընթացքում ազատվեք 15 կիլոգրամից։
- Որովայնի ճարպը կանհետանա։
- Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում…
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը