Հակոբ Հակոբյանի «Փյունիկ» քանդակը տեղադրվել է Վահագնի թաղամասում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հակոբ Հակոբյանի «Փյունիկ» քանդակը տեղադրվել է Վահագնի թաղամասում

Ապրիլի 30-ին Վահագնի թաղամասում տեղի ունեցավ հայ մեծ նկարիչ, քանդակագործ Հակոբ Հակոբյանի մանրաքանդակի օրինակով ստեղծված «Փյունիկ» քանդակի պաշտոնական բացումը։ Ավելի քան 3 մետր բարձրությամբ քանդակի վերակերտումը հայտնի արվեստագետ Համլետ Մատինյանի աշխատանքն է:

Քանդակի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ն.Գ. Ռիչարդ Միլսը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Վահագնի թաղամասի տնօրեն Նինա Հովնանյանը, քանդակի նվիրատու Կարո Շահբազյանը, թաղամասի բնակիչները և այլ հյուրեր:

Քանդակը պատկերում է առասպելական փյունիկ թռչունը շարժման մեջ՝ որպես կյանքի, փոխակերպման ու վերածննդի խորհրդանիշ: Հակոբ Հակոբյանի այս գլուխգործոցն արտացոլում է անհատի հաղթական ոգին, ապրելու ու ստեղծագործելու ազատությունը, ներքին ձգտումներն ու դրանք իրագործելու ուղին:

«Հակոբ Հակոբյանն իր քանդակները կենդանի էակներ էր համարում: Ինչպես նա էր ասում կյանքի օրոք՝ քանդակներն ապրում են ինչպես մարդիկ: Վստահ եմ՝ արվեստի այս գլուխգործոցը՝ ինչպես կենդանի էակ, ավելի ջերմ ու դրական հույզեր կփոխանցի մեր թաղամասի բնակիչներին ու հյուրերին: Վահագնի բնակելի թաղամասի բնակիչների և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում պրն. Շահբազյանին այս հրաշալի նվերի համար»,- արձանի բացմանն ասաց տիկին Հովնանյանը՝ նվիրատուին հանձնելուվ շնորհակալական ցուցանակը:

Վահագնի թաղամասի կենտրոնական այգին զարդարող «Փյունիկ» քանդակը մեկ այլ հրաշալի հնարավորություն է հիանալու ու նորովի բացահայտելու Հակոբ Հակոբյանի ինքնատիպ ձեռագիրն ու անսպառ տաղանդը: Քանդակի նախնական անունն է «Հավք», սակայն թաղամասի տնօրեն տիկին Հովնանյանն այն վերանվանել է «Փյունիկ»։