Հոլանդացի ուսանողներն ստեղծել են աշխարհում առաջին «կենսաքայքայվող» ավտոմեքենան
Advertisement 1000 x 90

Հոլանդացի ուսանողներն ստեղծել են աշխարհում առաջին «կենսաքայքայվող» ավտոմեքենան

Էյնդհովենի համալսարանի մի խումբ ուսանողներ ստեղծել են աշխարհում առաջին ավտոմեքենան, որն ամբողջովին բաղկացած Է կենսաքայքայվող նյութերից: Դրանց մշակման մասին պատմում է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում ուսանողներն ավարտում են բոլոր աշխատանքները և սպասում են Ճանապարհային երթևեկության կազմակերպության ազգային գործակալության կողմից մայիսի 8-ին պլանավորված ստուգումներին, որը պետք է հասարակական օգտագործման ճանապարհների վրա փոխադրամիջոցի օգտագործման թույլտվություն տա: Մշակողները հուսով են ճանապարհային փորձարկումներն սկսել անմիջապես «կանաչ լույս» ստանալուց հետո:

«Ավտոմեքենայի կառուցվածքի բազմաթիվ բաղադրատարրերի հիմքում ընկած է վուշե նրբաթելը,-պատմել է նախագծի մասնակիցների մեկը՝ Լուս վան դեր Բեուկենը:-Վուշն ունի շատ ամուր կառուցվածք: Եվ եթե նրա նրբաթելերը իրար վրա դրվի տարբեր անկյունների ներքո, ապա կարելի է ստեղծել պանելներ, որոնք համեմատելի են ածխածնային նրբաթելի և ալյումինի հետ, որոնք ներկայում ակտիվորեն օգտագործվում են ավտոմոբիլային արդյունաբերության կողմից»:

Նախագծի հովանավորներից մեկը TomTom ընկերությունն է, որը մասնագիտանում է նավիգացիոն համակարգերի արտադրության բնագավառում: «Երեկ՝ անմիտ գաղափար, վաղը՝ տեխնոլոգիական ճեղքում,-նշել է նրա ներկայացուցիչ Կառլո վան դե Վեյերը, որը գլխավորում է ճանապարհային երթևեկության համար որոշումների մշակման դեպարտամենտը:-Նրանք հասել են այն բանին, որը երբեք  իմ գլխում չէր ծագի»:

Ուսանողներն իրենց առաջին ստեղծագործությունն անվանել են «Լինա»: Ավտոմեքենան, որը շարժման մեջ է դնում էլեկտրաշարժիչը, կարող է տեղափոխել չորս մարդու:

Վան դե Վեյերի կարծիքով՝ նախագիծը բազմախոստում է, սակայն չարժե մոտ ապագայում նման փոխադրամիջոցների զանգվածային արտադրություն ակնկալել: «Արտադրողները միշտ էլ զսպվածություն էին դրսևորում նմանօրինակ գիտափորձերի նկատմամբ,-նկատել է նա:- Սակայն ես վստահ եմ, որ նրանք ուշադիր հետևելու են, թե ինչ են անում ուսանողները, և հետագայում ինչպես է զարգանալու այդ նախագիծը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: