Ակադեմիկոս ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆԻ լուսավոր հիշատակին
Գրավոր մշակույթի զարգացումը դարեր ու հազարամյակներ տևող գործընթաց է, որում այն կրող ժողովրդի մոտ ձևավորվում, արմատավորվում և զարգանում է գրային մտածողություն: Մաշտոցյան գրերով սկզբնավորված ոսկեդարյան գրականությունը, անառարկելիորեն, բարձր զարգացման հասած գրային մտածողության արգասիք է, ինչից կարելի է ենթադրել նախամաշտոցյան Հայաստանում գրավոր մշակույթի զարգացման բազմադարյան ընթացք: Որպեսզի այս միտքը չհնչի որպես զուտ տեսական եզրահանգում, փորձենք դիտարկել, թե ինչ գրեր են կիրառվել, գրավոր մշակույթը ինչպիսի զարգացում է ապրել նախամաշտոցյան Հայաստանում:
Նախամաշտոցյան Հայաստանի դպրության մասին հնագիտական պեղումների և պահպանված մատենագրական բազմաթիվ հաղորդումների շնորհիվ այսօր ունենք հսկայական փաստական նյութ:
Ք.ա. V-III հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում ձևավորվում է պատկերագրությունը, որն իր արտահայտությունն է գտնում ինչպես ժայռապատկերների, այնպես էլ զանազան իրերի վրա: Ք.ա. III հազարամյակում պատկերագրերի զարգացմամբ և պարզեցմամբ ստեղծվում է գծային գրերի մի համակարգ (բաղկացած 400-500 նշաններից), որը կիրառվում է մինչև Ք.ա. I հազ. սկիզբը: Այս համակարգով կատարված շուրջ 300 արձանագրություններ են գտնվել Հայաստանի տասից ավելի հնավայրերից: Դրանք դեռևս վերծանված չեն. անհասկանալի է մնում գրության ուղղությունը:
Ք.ա. XV-VIII դդ. Հայկական լեռնաշխարհի արևմուտքում՝ Եփրատի հովտում, կիրառվում են խեթալուվիական հիերոգլիֆները՝ գրված լուվիերենով (հայերենին մոտ ազգակից հնդեվրոպական մի լեզվով. ժամանակին ենթադրվում էր, որ դա հայերենն է): Գրային համակարգը բաղկացած է եղել շուրջ 500 հիերոգլիֆներից, ունեցել գրության բուստրոֆեդոն (ամեն հաջորդ տողը նախորդին հակառակ) ուղղություն, կիրառվել է Փոքր Ասիայի, Սիրիայի և Հայկական լեռնաշխարհի արևմտյան տարածքներում: Վանի թագավորությունում (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) գործածվել են երեք գրային համակարգեր, որոնցից մեկը բնիկ տեղական մեհենագրությունն է, մյուս երկուսը սեպագիր են` ներմուծված Միջագետքից: Տեղական (վանյան / բիայնական / ուրարտական) մեհենագրությունը բաղկացած է շուրջ 300 մեհենանշաններից (հիերոգլիֆներից), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգը Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս որևէ տեղ հայտնի չէ: Մինչ օրս հայտնաբերվել են շուրջ 1500 արձանագրություններ և մենանշաններ: Ներկայումս վերծանված ու մեկնաբանված մեհենագրերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ վանյան մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:
Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք (Ք.ա. մոտ 840-825 թթ.) կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով (շուրջ 600 նշան` ձախից աջ գրությամբ) և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տիրակալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական (բիայնական) սեպագիր հուշարձաններում:
Իշպուինի արքայի օրոք (Ք.ա. մոտ 825-810 թթ.) միջագետքյան սեպագրության բարեփոխմամբ ստեղծվեց տեղական (բիայնական կամ ուրարտական) սեպագրային համակարգը (ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել շուրջ 600 մեծ ու փոքր արձանագրություններ[1]: Իշպուինիի օրոք կատարվեց իր ընդգրկմամբ և որակով հայաստանյան մինչմաշտոցյան իրականության մեծագույն գրային բարեփոխումը, որի էությունը հետևյալն է: Ասուրաբաբելոնյան սեպագրությունը բաղկացած էր շուրջ 600 նշանից, որոնցից յուրաքանչյուրն ուներ մի քանի, երբեմն 10-ից ավելի տարբեր ընթերցում: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էին շուրջ 3000 վանկ և բառ: Բիայնական սեպագրությունը վերցրեց շուրջ 200 նշան, որոնք հիմնականում ունեին մեկ ընթերցում և հազվադեպ էին հանդիպում երկու կամ երեք նշանակությամբ: Բիայնական կոթողային ոճի սեպանշանները կառուցվածքով գրեթե նույնանում են նոր ասուրական նշաններին, ինչի հիման վրա էլ ընդունված է կարծել, թե այդ ոճը փոխառվել է Միջագետքից նոր ասուրական ժամանակաշրջանում: Տարբերությունը, հիմնականում, նշանների արտաքին տեսքի մեջ է: Ասուրական սեպանշաններն մեխեր էին հիշեցնում, մինչդեռ բիայնական կոթողայինում եռանկյունիներ էին, և եթե միջագետքյանում նշաններն ունեին հատումներ, ապա բիայնականում հատվող գծիկը փոխարինվում էր երկու նոր սեպերով: Որոշ դեպքերում թեք սեպիկները վերածվում են հորիզոնականի և ընդհակառակը: Մի քանի նշաններ հանդես են գալիս ասուրաբաբելոնյան սեպագրության մեջ չվկայված նշանակությամբ:
Դեռևս անորոշ է մնում Ք.ա. VI դարից մինչև քրիստոնեության ընդունումն ընկած ժամանակամիջոցում մեր մեհենագրության ճակատագրի հարցը: Ըստ Հ. Ա. Մարտիրոսյանի, «այն չի բավարարում զարգացող երիտասարդ պետականության և համապատասխան գաղափարաբանության պահանջները: Այդ պատճառով հեթանոսական Հայաստանում լայնորեն օգտագործվում են օտարազգի հնչյունային գրեր… Գաղափարագրությունը շարունակում է հարատևել մասնավորապես մեհյաններում՝ իբրև կրոնական-հմայական գրչության ձև»:
Նյութական վկայությունների բացակայության հետևանքով այսօր մեզ հայտնի չէ, թե հետբիայնական դարաշրջանում հայկական մեհենագրությունն ինչ զարգացում է ունեցել, հասե՞լ է այբուբենի, թե ոչ: Հավանական է ենթադրելը, որ այնուամենայնիվ չի հանգել այբուբենի, որի պատճառը կարող էր լինել քրմության կողմից սրբազան ավանդույթին հավատարիմ մնալը (ինչպես դա եղավ եգիպտական հիերոգլիֆիկայի պարագայում):
Քրիստոնեության պետականացումից հետո մեհենագրերը շարունակեցին կիրառվել հայ իրականության մեջ հմայագրերի, վարպետների նշանների, գաղափարագիր-նշանագրերի («նշանագիրք իմաստնոց» ցանկերը միջնադարյան մատյաններում, իմաստակիր նշանները կիրառական արվեստում) և այլ տեսքով:
Վանի թագավորության անկումից մինչև քրիստոնեության ընդունումը Հայաստանում գործածվում են այբբենական գրային համակարգերը (ի տարբերություն նախկինում գործածված բառային ու վանկային համակարգերի): Դրանցից առավել լայն տարածում գտավ հունարենը` իր գրահամակարգով (ձախից աջ գրություն, 24 տառ), որը կիրառվում է Ք.ա. III դարից սկսած, իսկ քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո ավելի լայնորեն գործածվում է, հատկապես, կրոնական քարոզչության նպատակով:
Հին Առաջավոր Ասիայում առավել տարածված գրահամակարգերից մեկն արամեական այբուբենն է (22 բաղաձայն, աջից ձախ գրությամբ), որը Ք.ա. II-ից Ք.հ. II դարերում կիրառվում էր նաև Հայկական լեռնաշխարհում:
Քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո, հունարենին զուգահեռ, քարոզչական նպատակներով Հայաստանում լայն կիրառություն է ստանում ասորերենը: Արքունի գրագրության, հոգևոր քարոզչության և ուսման ասպարեզներում Տրդատ III-ի հրամանով սահմանած հունարենի ու ասորերենի գործածության կարգը խախտվել է Խոսրով արքայի գահընկեցությունից (389 թ.) հետո, երբ Արևելյան Հայաստանում արքունի գրագրության մեջ գործածվում է պահլավերենը (միջին պարսկերենը): Թե՛ ասորական և թե՛ պահլավական գրերի հիմքում ընկած է արամեական այբուբենը (22 տառ` աջից ձախ գրությամբ):
Հիշատակված հայտնի և հստակ թվագրվող գրահամակարգերից բացի նախամաշտոցյան Հայաստանն ունի ևս երկու գրահամակարգեր, որոնք շարունակում են մնալ չվերծանված և իրենց ծագումով ու նշանակությամբ առեղծվածային: Դրանցից մեկը Հայաստանի երկրորդ սեպագիրն է, որը տարբերվում է մինչ օրս աշխարհում հայտնի բոլոր սեպանշանային համակարգերից, իսկ երկրորդը առեղծվածային հսկայանշաններն են:
Ամփոփելով մինչև օրս հայտնի գրավոր նյութի համառոտ թվարկումը` տեսնում ենք, որ նախամաշտոցյան Հայաստանում շուրջ երեք հազար տարվա ընթացքում գործածվել է տասներկու գրային համակարգ, որոնցից հինգը տեղական ծագումով, յոթը` ներմուծված, ինչը համաշխարհային քաղաքակրթության տեսանկյունից ևս պատկառելի թիվ է:
Վկայակոչված գրային համակարգերի կիրառմամբ նախամաշտոցյան Հայաստանում ձևավորված գրավոր մշակույթի ու գրային մտածողության արտահայտություններ կարելի է տեսնել ոսկեդարյան դպրության բազմաթիվ տարրերում: Դրանցից առավել ակնառուն հինգերորդ դարում գրական հայերենի մշակվածության բարձր մակարդակն է: Ելնելով ոսկեդարյան հայերենի լեզվական բարձր մակարդակից` մի շարք ուսումնասիրողներ, իրավացիորեն, եզրակացրել են նախամաշտոցյան հայալեզու դպրության երկարատև գոյությունը: Ինքնին հասկանալի է, որ դարեր ու հազարամյակներ տևած պետականության ընթացքում Հայաստանում գոյություն է ունեցել վերբարբառային, պետական հաղորդակցության լեզու, որը պիտի հասկանալի լիներ ողջ երկրում (դրանով պետք է հաղորդակցվեին արքունիքի հետ, զորահավաքների ընթացքում, դատական ատյաններում, աշխարհիկ ու հոգևոր դասերի ժողովներում և այլուր): Անհավանական է ենթադրելը, թե այդ համընդհանուր հաղորդակցության լեզուն (որը պետք է լիներ երկրի կենտրոնական շրջանի բարբառ-խոսվածքը) գոյություն է ունեցել ու զարգացել միայն խոսակցական մակարդակում՝ առանց գրավոր լեզու լինելու, և անմիջապես դարձել գրաբարի հիմքը: Ինչպես նշում է Գ. Բ. Ջահուկյանը` «գրական լեզվի բառապաշարը, ինչքան էլ աղքատ լինի, մի քանի, երբեմն մի քանի տասնյակ անգամ գերազանցում է յուրաքանչյուր բարբառի բառապաշար: Բարբառի միջին բառապաշարը սովորաբար հաշվում են 7-8 հազար. գրաբարի մեջ ավանդված բառապաշարը, այն էլ ոչ լիովին հայտնի, անցնում է 60 հազարից»: Այսինքն` գրաբարի բառապաշարը ևս վկայում է հօգուտ հայերենի` նախամաշտոցյան շրջանում երկարատև գրավոր մշակման ենթարկված լինելու իրողությունը:
Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր ժառանգությունը կարելի է խմբավորել ըստ մի քանի բնութագրական հատկանիշների:
Ըստ ծագման և պատկանելության՝
Հայաստանում ստեղծված պատկերագրային համակարգերի հուշարձաններ,
օտար ծագում ունեցող, բայց Հայաստանի բնիկների կողմից կիրառված գրային համակարգերի արձանագրություններ (հատուկ ուշադրության են արժանի դրանց կիրառման տեղական առանձնահատկությունները),
Հայաստանի տարածքում հայտնաբերված, սակայն օտարների կողմից ստեղծված գրակիր հուշարձաններ,
առեղծվածային ծագումով և նշանակությամբ կոթողներ:
Ըստ գրային համակարգի բնույթի՝
բառային,
բառավանկային,
այբբենական:
Ըստ գրանշանների արտաքին տեսքի՝
պատկերանշանային (այդ թվում՝ հիերոգլիֆ),
գծանշանային,
սեպանշանային,
տառային:
Ըստ արձանագրությունների բովանդակության.
արքայական արձանագրություններ` նվիրված աստվածների պաշտամունքին,
ռազմական արշավանքների նկարագրություններ,
թագավորական նախնիներին ձոնված գրակիր կոթողներ,
թագավորական իշխանության և արքայի անձի աստվածացմանը վերաբերող արձանագրություններ,
արքայական հիշատակարաններ քաղաքների ու շինությունների (հատկապես` սրբավայրերի) հիմնադրման ու բարեկարգման մասին,
նոր օրենքներ ու կարգեր սահմանող բնագրեր,
արքայական նվիրատվական արձանագրություններ,
թագավորական դրամների մակագրություններ,
արքայական նամակագրության արձանագրումներ,
հոգևոր-պաշտամունքային բազմաբնութ բնագրեր,
ժամանակագրական-օրացուցային արձանագրություններ,
ընծայագրեր,
բարոյա-խրատական բովանդակությամբ չափածո ստեղծագործության (ողբերգությա՞ն) հատվածներ,
պատմական բովանդակությամբ չափածո ստեղծագործության (ողբերգությա՞ն) հատվածներ,
տապանագրեր (այդ թվում` չափածո եղերերգեր),
մենանշաններ,
դեռևս անհայտ բովանդակությամբ հուշարձաններ…
Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթի հուշարձանները կարելի է խմբավորել նաև ըստ գրանյութի, գրության ուղղության և այլ հատկանիշների:
Ավարտելուց առաջ անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհում ստեղծված գրավոր մշակույթը չէր կարող անհետևանք կորչել, և մաշտոցյան դպրության կատարելությունը պայմանավորված էր նաև նախամաշտոցյան շրջանում արմատավորված գրային մտածողությամբ:
Ամփոփելով շարադրված ողջ նյութը՝ տեսնում ենք, որ նախամաշտոցյան Հայաստանում կիրառվել են տասներկու գրային համակարգեր, թողնվել են բազմահազար արձանագրություններ մայրենի և օտար լեզուներով: Դա ավելի քան խոսուն վկայությունն է մեր նախնիների` գրի ու գրականության նկատմամբ տածած հարգանքի և սիրո, որի պերճախոս ապացույցն է դպրության Տիր աստծո պաշտամունքը նախաքրիստոնեական դարաշրջանում: Այդ վերաբերմունքը շարունակվեց նաև հետագայում` Մեսրոպ Մաշտոցի ու նրա հանճարեղ ժառանգների սրբացմամբ, ինչի ականատեսն ու վկան ենք այսօր…
Տպվել է՝ «Պատմա-բանասիրական հանդես», 2005, N 2, էջ 87-100