Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը ներկայացրել է նոր տարեշրջանի արևապաշտպան ակնոցների հավաքածուն: Այդ մասին մայիսի 10-ին հայտնել է Luxurylaunches-ը:
Շարքում տեղ են գտել Drive և Aviator երկու մոդելները՝ տարբեր գույների լինզաներով: Ակնոցներն արդեն հայտնվել են Համացանցում և ներկայացվել բրենդի պաշտոնական խանութներում: Դրանց գները տատանվում են 635-ից մինչև 665 դոլար: Գովազդային արշավում նկարահանվել է ամերիացի դերասանուհի Միշել Ուիլյամսը, որը հայտնի է «7 օր ու գիշեր Մերիլինի հետ» ֆիլմից, որտեղ մարմնավորել Է Մերիլին Մոնրոյին:
Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկների և ճամփորդական պայուսակների պատրաստման վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների և տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի մաս է կազմում:
Մայիսի սկզբին Louis Vuitton-ը թողարկել է նոր գովազդային արշավ: Դրան մասնակցել է շվեդ դերասանուհի Ալիսիա Վիկանդերը: Նա պայուսակների մի քանի մոդելներ է ներկայացրել այն հավաքածուից, որն ստեղծվել է ամենաբարձր վարձատրվող ժամանակակից նկարիչներից մեկի՝ Ջեֆ Կունսոնի կողմից: Speedy, Keepall և Neverfull պայուսակների վրա հատվածներ են վերարտադրված Կունսի աշխատանքների Gazing Ball շարքից, որոնք ստեղծվել են անցյալի մեծ նկարիչների կտավների մոտիվներով:
Ալիսիա Վիկանդերը շվեդ պարուհի է և դերասանուհի: Նա «Օսկար» մրցանակի է արժանացել «Դանիացի աղջիկը» կենսագրական դրամայում նկարչուհի Գերդա Վեգեներին մարմնավորելու համար: