Արվեստի ապահովագրությունը կնպաստի արժեքավոր ցուցանմուշների երկարակեցությանը
Advertisement 1000 x 90

Արվեստի ապահովագրությունը կնպաստի արժեքավոր ցուցանմուշների երկարակեցությանը

Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվեց «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս, որին մասնակցեցին թանգարանային ցուցադրությունների կազմակերպմամբ զբաղվող և արվեստի ոլորտում ընդգրկված ավելի քան 50 մասնագետներ։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Երկու տարի կառավարելով այս կառույցը`  եկա այն եզրակացության,  որ  աշխարհին պատշաճ ներկայանալու, արտերկրի թանգարանների հետ համագործակցելու համար կարևորագույն ռեսուրսը գիտելիքն է այս բնագավառում: Դասընթացը կնպաստի ապահովագրության բնագավառում նոր հմտությունների ձեռքբերմանը»,- նշեց Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ծատուրյանը հավելեց, որ օրենսդրական դաշտում Հայաստանում ապահովագրական ոլորտը գործում է, բայց չկա թանգարանների մասին օրենք, որի մեջ պետք է մեծ դերակատարություն ունենա մշակութային ժառանգության ապահովագրությունը:

«Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի խոսքով` արվեստի ապահովագրությունը ոչ միայն բիզնես նպատակ է հետապնդում, այլև համընդհանուր արժեքների պահպանման գործում որոշակի ներդրում է ունենում:

«Վաղուց ենք Հայաստանում ցուցանմուշների և ցուցահանդեսների ապահովագրություն իրականացնում: Այս միջոցառմանը հմուտ մասնագետները իրենց հայաստանյան գործընկերներին հստակ կներկայացնեն, թե արվեստի ոլորտում ինչն է հնարավոր ապահովագրել, ինչպես»,-ասաց նա:

Մայիսի 13-ին անցկացված վարպետաց դասի նպատակը արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունն ու կարևորությունը ներկայացնելն է: Այն անցկացրեցին միջազգային ճանաչում և ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Marsh & McLennan ընկերության մասնագետները:

Marsh & McLennan Ռուսաստանի և ԱՊՀ երկրների փոխնախագահ, մարքեթինգի գծով տնօրեն Արմեն Գյուլումյանը շեշտեց, որ դասընթացի միջոցով ցանկանում են ցույց տալ, որ թանգարանների ապահովագրությունն այն գործիքն է, որը պահպանում ու ապահովում է տարբեր արժեքավոր հավաքածուների, ցուցանմուշների երկարակեցությունը:

Դասընթացի ավարտին հյուրերին սերտիֆիկատներ հանձնվեցին: