Հաջորդ տարի Իտալիան կտոնի Ադրիանո Չելենտանոյի 70-ամյակը, ով աշխարհին ապացուցեց, որ լեգենդ դառնալու համար ոչ թե փող, այլ` ի վերուստ տրված տաղանդ է պետք
Կնճռոտ ու գունատ դեմքով, ձիուն հատուկ ատամներով ու անվստահություն ներշնչող աչքերով, տգեղ տղամարդն իր առեղծվածային կերպարով գրավեց ողջ աշխարհի կանանց սիրտը: «Տղամարդը պետք է կապիկից մի քիչ տարբերվի»,- ասում են Ադրիանո Չելենտանոյի երկրպագուներն ու հաճախ նրան նմանեցնում գորիլա կապիկի հետ: Այս համեմատությունը, սակայն, բնավ էլ չի վիրավորում Չելենտանոյին, քանի որ արտաքուստ ոչ համակրելի դերասանն ունի ներքին մեծ հմայք և արտառոց տաղանդ: Նա գիտի իր արժեքն, ու մինչև այսօր էլ նրան անհանգստացնում են ամենատարբեր տարիքի կանայք: Այսօր հայտնի դերասան, կոմպոզիտոր, ռեժիսոր և երգիչ Չելենտանոն ապրում է Միլանից 100կմ հեռավորության վրա գտնվող իր վիլլայում: Հայտնի արվեստագետի համար կյանքի այս փուլն ընթանում է ընտանիքի հետ առանձնացած մթնոլորտում. կնոջ` գեղեցկուհի Կլաուդիա Մորիի հետ նա ժամերով զբաղվում է տան վերանորոգման աշխատանքներով։ Ընտանեկան հաճելի ժամանցի հարցում ամուսիններին օգնում են երեք երեխաները` Ռոզիտան, Ջակոմոն և Ռոզալինդան: «Այս կյանքում ես երկու առաքելություն ունեմ, առաջինը սովորել եմ մանկության տարիներին` ժամացույցներ վերանորոգելը, և երկրորդը` արտիստի մասնագիտությունն է. այն դարձավ գլխավորը: Ես օգտագործում եմ այս մասնագիտությունն` արտացոլելու համար այն, ինչին հավատում եմ»,- ասում է Չելենտանոն:
Գլյուկ փողոցի 5-ամյա կրթությամբ աղքատ ժամագործը
Չելենտանոն ծնվել է Միլանում գտնվող մի աղքատ թաղամասում։ Նրա ծնողներն ապրում էին չքավորության պայմաններում, սակայն դա չէր խանգարում, որ այս ընտանիքի անդամները երաժշտության հանդեպ ունեցած սերն արտահայտեն: Չելենտանոն ասում է, որ իր ընտանիքը համերաշխ և շատ երաժշտական է եղել, ինչի ազդեցությունն էլ կրել է ինքը: Աղքատ ընտանիքի փոքրիկ տղայի երազանքը միայն գումար վաստակելն էր` հարազատների կյանքն ինչ-որ չափով բարելավելու համար: 5-րդ դասարանում Չելենտանոն թողնում է դպրոցն ու հայտարարում է, որ սովորելու ցանկություն չունի: Նրան սկսում է գրավել ժամագործությունը, և հորեղբոր արհեստանոցում ուսանում է ժամացույցներ վերանորոգելու արհեստը: Ժամագործ Չելենտանոն հարյուրավոր զարթուցիչներ կվերանորոգեր, եթե չլիներ Էլվիս Փրեսլիի պաստառը. այն փակցված էր Միլանի Գլյուկ աշխատավորների թաղամասում գտնվող արհեստանոցից քիչ հեռու գտնվող խանութի ապակուն: Ադրիանոն ժամերով կանգնում էր այդ պաստառի մոտ, իսկ երբեմն էլ կիթառը վերցնում և Էլվիսի մոտ սկսում էր քթի տակ մտմտալ: Հավանաբար չէր լինի Ադրիանո Չելենտանո արտիստի կարիերան, եթե նա այդ տարիներին շատ պատահաբար, սիրողական մակարդակի մի ներկայացման մեջ չնմանակեր հայտնի երգիչ Լուի Պրիմային: Նրա առաջին այս բեմելն առիթ է հանդիսանում, որպեսզի ամենատարբեր մրցույթներին և միջոցառումներին հրավիրեն ելույթի: Նա կիթառով սկսում է նմանակել նաև Էլվիս Փրեսլիին և Ջերի Լի Լյուիսին: Հետագայում արդեն ճանաչված հումորիստը հայտնի երգիչների ռեպերտուարից օգտվելու փոխարեն սկսում է հանդես գալ իր ստեղծագործություններով: Նրա առաջին ստեղծագործությունը` «Ես քեզ կասեմ չաո»-ն, դառնում է իտալացիների ամենասիրելի երգը: «Նրա մարմինը կարծես զսպանակ լինի, շատ ճկուն և բեմական է»,- այսպես են արտահայտվում Չելենտանոյի մասին հայտնի քննադատները` նրան կնքելով «զսպանակ-մարդ» կեղծանունով: 1961 թվականը Չելենտանոյի համար շրջադարձային է լինում, քանի որ «Սան Ռեմո» փառատոնին մասնակցելուց հետո նա դառնում է Իտալիայի կուռքը: «Գլյուկ փողոցի տղան» երգով Չելենտանոն պատմում է Միլանում ապրող հասարակ մի տղայի մասին: Բավականին անկեղծ ու ազդեցիկ երգով նա պատմում է իր մանկության մասին, որից հետո քննադատներն ու հանդիսատեսը, կարելի է ասել, սիրահարվում են Գլյուկ փողոցի հասարակ տղային` Չելենտանոյին: Այս երգը նրան փառք ու ճանաչում է բերում, իսկ Գլյուկ փողոցի բնակիչները Չելենտանոյին տեսնելիս հավաքվում էին նրա շուրջ, ու յուրաքանչյուրը փորձում էր համբուրել նրան: Այդ ընթացքում Գլյուկի բնակիչներից շատերն իրենց հայտարարում էին Չելենտանոյի արյունակիցներ. «Ադրիանո, բարև՛, այդ ես եմ, քո մորաքույր Սոֆիան,- նրա ետևից բղավում էր մի տիկին:- Դու հիմա այնքան մեծ մարդ ես, հանկարծ չմոռանաս իմ Սերժոյի մասին»:
Ի դեպ, «Գլյուկ փողոցի տղան» երգը թարգմանվել է ավելի քան 22 լեզուներով և գրեթե 4 ամիս շարունակ գրավել է աշխարհի հիթ-շքերթների առաջին հորիզոնականը: Հետևաբար, այն համարվել է առաջին անգամ գրված սուր սոցիալ-քաղաքական թեմատիկայով երգը, որի իմաստն, ի դեպ, բնորոշ էր բոլոր ազգերին: Հետագայում այս երգի տեքստն ընդգրկվել է Իտալիայի կրթական համակարգերի դասագրքերում: Չելենտանոն սկսում է երգել ոչ թե սիրո ու բնության մասին, այլ` քաղաքական և հակապատերազմական թեմաներով երգեր: «Յուրաքանչյուր արտիստի մեծագույն պարտքը անարդարությունների դեմ պայքարելն է»,- ասում է Չելենտանոն, ում մոտ այդ ժամանակահատվածում բժիշկները հայտնաբերում են նյարդային հյուծվածություն: Այդ դեպքից հետո Իտալիայում մեծ սկանդալ է լինում, որովհետև մի լրագրող Չելենտանոյի մահվան մասին կեղծ տեղեկատվություն է տարածում: Իտալիայի հիվանդանոցի շուրջը մեծ ամբոխ էր հավաքվել՝ նրա մահը սգալու համար, սակայն, ժամեր հետո բժիշկները հայտարարում են, որ Չելենտանոն ողջ է:
Հանդիսատեսի սերը վայելած երգիչն այդ տարիներին հիմնադրում է սեփական «Կլան Չելենտանո» կոչվող ձայնագրման ստուդիան: Այսօր այնտեղ աշխատում են 150-ից ավելի մարդիկ, և «արտադրությունը» հսկայական եկամուտներ է ապահովում, քանի որ այն նաև հրատարակչություն, համերգներ կազմակերպող ընկերություն և տեսաձայնագրման ստուդիա է: Ի դեպ, Չելենտանոյի այս քայլն օրինակ է ծառայում, որպեսզի «Ռոլինգ Սթոունզ», հետագայում՝ նաև այլ խմբեր, պրոդյուսերներից կախման մեջ չլինելու համար հիմնեն սեփական ձայնագրման ստուդիան, ինչը նախկինում համարվում էր անհնար կամ համարձակ քայլ:
Իտալացի ռեժիսորներն այս տղամարդուց հետաքրքիր կերպարներ են կերտում, իսկ «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի պրեմիերայից հետո, որտեղ նա խաղում է կնոջ` Կլաուդիա Մորիի հետ, ամբողջ աշխարհը սկսում է խոսել Չելենտանո համաշխարհային աստղի մասին: 40 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Չելենտանոն թողարկել է ավելի քան 30 ալբոմ` մոտ 70 միլիոն տպաքանակով: Երաժշտական կարիերայից բացի, նա այսօր էլ զբաղվում է կինեմատոգրաֆիայով, ոչ միայն նկարահանվել է, այլև ինքն է ֆիլմեր նկարահանում: Նա նկարահանվել է 40-ից ավելի ֆիլմերում, իսկ առաջին էպիզոդիկ դերը եղել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» («La Dolce vita») ֆիլմում:
«Չելենտանոն երեխաների համար տորթ է պատրաստում
Չելենտանոյի ընկերները պատմում են, որ նրա հարսանիքն ինքնին կոմեդիկ ֆիլմի սցենար կարող էր լինել: Ի դեպ, Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի սիրավեպը սկսվել է այն պահից, երբ կինոհրապարակում Կլաուդիայի անփութության պատճառով Չելենտանոն էլեկտրահարվել է: Լրագրողների հետապնդումներից խուսափելու նպատակով նրանց պսակադրությունը սկսվել է գիշերվա ժամը 3-ին: Ամուսնության վկաները, պարզվում է, արարողության ժամանակ չեն դիմացել, քնել են: Իսկ եկեղեցի մտնելուց առաջ նորապսակները մի լավ վիճաբանել են փեսացուի անճաշակ փողկապի պատճառով: Չելենտանոն մշտապես աչքի է ընկել իր անճաշակ, անփույթ և ճչացող գույներով հագուստով, ինչպես նաև՝ վերնաշապիկի արձակած կոճակների արանքից երևացող մազափունջն ի ցույց դնելով: Իսկ Կլաուդիային նա խոստացել էր ամուսնանալուց հետո ոճը փոխել և հետևել կնոջ խորհուրդներին:
Առաջնեկին` Ռոզիտային ծննդաբերելիս Կլաուդիան Հռոմի լավագույն հիվանդանոցներից մեկում էր, իսկ Չելենտանոն հյուրախաղերի էր Փարիզում: Ուղիղ 5 ժամ նա հեռախոսով խոսել է Կլաուդիայի հետ, մինչև ծնվել է Ռոզիտան: Փարիզից Հռոմ վերադառնալուն պես նա ամբողջ հիվանդանոցը լցրել է ծաղիկներով, իսկ այդ տեսարաններն արձանագրած լուսանկարները միլիոնավոր տպաքանակներով վաճառվել են աշխարհով մեկ: Ավելի ուշ ծնվել են Ջակոմոն և Ռոզալինդան: Ասում են, երեխաների ծնունդից հետո Չելենտանոյի վիլլան վերածվել է կենդանաբանական այգու` կատուներ, շներ, ձիեր, հավեր, նապաստակներ և թութակներ: Չելենտանոն կապում էր գոգնոցն ու իր ձեռքով երեխաների համար տոնական տորթեր էր պատրաստում, իսկ այդ լուսանկարները տպագրվում էին բոլոր ամսագրերում: Նրա երեխաներն ու ընտանիքը նրա կուռքն են:
Այսօր լեգենդար Չելենտանոյի որդին դիզայներ և երաժիշտ է, իսկ աղջիկները` հեռուստատեսային աստղ և դերասանուհի:
«Իմ կյանքի իմաստն իմ ընտանիքն է»,- ասում է մեծանուն արտիստն, ով ժամանակ առ ժամանակ զբաղվում է նաև ժամագործությամբ: Նրա տանը շքեղ ապրելու համար ամեն ինչ կա` բաց լողավազան, թենիսի, դահուկի հրապարակներ, ֆուտբոլի դաշտ, ձիարշավարան և այլ զվարճանքի և սպորտի վայրեր: Վիլլայի առջևում տեղադրված է Կլաուդիայի կերպարի քանդակով շատրվան: Այսօր Կլաուդիան կատարում է տնային տնտեսուհու և ամուսնու մուսայի դերը: Չելենտանոն կնոջն է նվիրել «Աշխարհի ամենագեղեցիկ զույգը» երգը: «Ես խենթի պես նրան սիրում եմ,- խոստովանում է Չելենտանոն: – Ես մշտապես սիրահարված եմ նրան, բայց հաճախ ինձ թվում է, որ նա ինձ այդքան շատ չի սիրում, և այդ միտքն ինձ ահավոր տառապանքների մեջ է գցում: Ինձ օդի պես ամեն րոպե, ամեն վայրկյան անհրաժեշտ է իմանալ, որ կա աշխարհում կին, որին ես պետք եմ: Ես կարող եմ առանց երկրպագուների, փառքի ու հաջողության հանգիստ ապրել, իսկ առանց ընտանիքի` չեմ կարող: Հոգով ես ժամագործ եմ: Ի տարբերություն իմ գործընկերների` երգելով և խաղալով ես ապրելու համար փող եմ վաստակում»,- ասում է լեգենդար արտիստը:
Լուսինե Ստեփանյան
«3 Միլիոն»