Ճապոնիայի Toyota ավտոհսկան շուրջ 350 հազար դոլար կտրամադրի մինչև 2019 թվականը Skydrive թռչող ավտոմոբիլի ստեղծման համար, ինչի մասին հաղորդել է The Nikkei Asian Review պորտալը:
Կորպորացիայի մի քանի աշխատակիցների անձնական նախագիծը 2012 թվականից ֆինանսավորվել է Համացանցով հանգանակված միջոցներով: Այժմ դրա հաջող իրագործման շանսերը մեծացել են:
Ստեղծողներն առաջարկել են շուրջ երեք մետր երկարությամբ և 1,3 մետր լայնությամբ մեկ տեղանոց եռանիվ ապարատի հայեցակարգը: Skydrive-ին օդ կբարձրացնեն չորս պտուտակավոր շարժիչները, որոնք գտնվում են հորիզոնական հարթության վրա, ինչպես քվադրոքոփթերի մոտ: Ապարատը կկարողանա ընթանալ ճանապարհներով և թռչել մինչև 10 մետր բարձրությամբ: Դրա առավելագույն արագությունը կկազմի ժամում մինչև 100 կիլոմետր:
Շնորհանդեսային տեսահոլովակում Skydrive-ը վայրէջք է կատարում Տոկիոյում Օլիմպիադա 2020-ի գլխավոր արենայի մոտ բացման արարողության ժամանակ, մտնում է մարզադաշտ և վերստին բարձրանում օդ, ինչից հետո այն վարող մարդը վառում է օլիմպիական կրակը: