Անցյալում մարդիկ հրաժարվում էին «սպանդային» կերակուրից` լոկ կրոնական կամ փիլիսոփայական նկատառումներից ելնելով, համաձայն որոնց` յուրաքանչյուր կենդանի արարած, ինչպես և մարդը, ապրելու իրավունք ունի։ Կաթոլիկ և ուղղափառ ժողովուրդների մոտ բուսակերությունը հիմնականում տարածված է վանականների շրջանում։ Աշխարհիկ մարդկանց համար գոյություն ունեն պահքի շրջաններ, որոնց ժամանակ միս ուտելն արգելված է։
Բուսակերությունը տարածված է նաև մահմեդական երկրների մոլեռանդ կրոնապաշտների շրջանում։ Բուդդայականների և հինդուականների գրեթե մեծամասնությունը բացառում է միս ուտելը (այդ թվում նաև կրիշնայիտները)։ Հավատալով հոգու վերածնմանը` նրանք այն կարծիքին են, որ սպանվող յուրաքանչյուր ձկան, եղջերավոր անասունի կամ նույնիսկ գորտի հոգին կարող է այնուհետև «հանգրվանել» մարդու մարմնում. ահա թե ինչու կենդանուն սպանելը հավասարազոր է մարդ սպանելուն։
Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր կրոնական համակարգերում մսակերությունից հրաժարվելը հոգին մաքրելու և կատարելության հասնելու կարևոր նախապայման է։ Որոշ դեպքերում նման զոհողության գնալը միայն ընտրյալների համար է, որոշ դեպքերում էլ` պարտադիր տվյալ ուսմունքը դավանող յուրաքանչյուր մարդու համար։
«Բուսակերություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1842թ. «Բրիտանացի բուսակերների միության» կողմից, ընդ որում, ի սկզբանե այն նշանակել է ոչ թե զուտ բուսակերություն, այլ բարոյական և փիլիսոփայական առումներով ներդաշնակ կենսակերպ։ Մեր օրերում մսակերությունից հրաժարվում են ոչ այնքան էթիկայի և բնապահպանության նկատառումներով, որքան առողջությունը պահպանելու և երկարակեցություն ապահովելու համար։
1987թ. գերմանական համալսարաններից մեկի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ արևմտյան երկրներում բուսակերության անցնելն ունի հետևյալ դրդապատճառները.
առողջությունը պահպանելու ձգտում (78%),
էթիկա (69%),
բնապահպանություն (35%),
Էսթետիկա (28%),
կրոնական (23%),
փիլիսոփայական (22%),
տնտեսական (19%) և հիգիենիկ (9%)։
Ամենից շատ բուսակերներ կան երկու տարիքային խմբերում, որոնք են` 16-24 և 55-64 տարեկան մարդիկ։ Որպես կանոն, երիտասարդներն ավելի հոգատար են կենդանիների հանդեպ և չեն ուզում նույնիսկ անուղղակի առումով «մասնակից» լինել վերջիններիս սպանդին։ Ինչ վերաբերում է տարեցներին, ապա նրանք ավելի շատ հոգ են տանում իրենց առողջության մասին։
Մեր օրերում բուսակերության ջատագովների թիվն աշխարհում օրեցօր աճում է և շուտով կհասնի մեկ միլիարդի։ Այս առումով առյուծի բաժինն ընկնում է Հարավ-Արևելյան Ասիայի բնակիչներին (միայն Հնդկաստանի բնակչության մոտ 80%-ը միս չի ուտում)։ Եվրոպայում և Ամերիկայում մսակերության դեմ պայքարողների թիվը տատանվում է 7-10%-ի միջև։ Բուսակերներն այլևս «սպիտակ ագռավներ» չեն. գնալով ավելանում է բուսակերների համար նախատեսված ճաշարանների և ռեստորանների թիվը, իսկ այդ վայրերում ճաշողների համար ստեղծվել է հատուկ միություն, որը պաշտպանում է բուսակերների շահերը։ Այդ միության անդամներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հանրային և գիտական քննարկումներին և փորձում են հնարավորինս լավ ներկայացնել բուսակերության առավելությունները։ Սակայն, այնուամենայնիվ, բիֆշտեքսների սիրահարները չեն շտապում զիջել իրենց դիրքերը։
Մսի չարաշահման պարագայում օրգանիզմում կուտակվում են մեծ քանակությամբ ազոտական միացություններ, ինչի արդյունքում թթվահիմնային հավասարակշռությունը խախտվում է, և կարող են զարգանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` միզաթթվային դիաթեզը և պոդագրան։
Բուսակերության զարգացման գործում մեծ դեր է խաղացել կենդանիների պաշտպանությանն ուղղված շարժումը և, մասնավորապես, ավստրալիացի գիտնական Պիտեր Սինգերի աշխատությունները։ Իր «Կենդանիների ազատություն» գրքում Սինգերն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է կենդանիների և թռչունների բուծման և սպանդի աննկարագրելի դաժան պայմանները։ Հեղինակը նշում է, որ միայն անգթությունը, անտարբերությունն ու անզուսպ որկրամոլությունն են մարդուն ստիպում չհրաժարվել այնպիսի տգեղ սովորությունից, ինչպիսին մսակերությունն է։ Պիտեր Սինգերի գիրքը մեծ հեղափոխություն առաջացրեց մարդկային գիտակցության մեջ։
doctors.am