«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շնորհիվ բազմաթիվ մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ թանգարանային նոր նմուշների, ներկա գտնվել նոր ցուցահանդեսների և այլ միջոցառումների: «Թանգարանների միջազգային օր» ծրագիրն իրականացվում է մայիսի 18-ին, իսկ «Թանգարանների գիշեր»-ը` մայիսի 20-ին: Այս իրադարձությունների մաս ին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է տարբեր թանգարանների ներկայացուցիչների հետ:
«Մեր ժողովրդի զգալի շերտը բավականին կտրված է մշակույթից: «Թանգարանների միջազգային օր»-ը և «Թանգարանների գիշեր»-ը նրանցից շատերին հնարավորություն են տալիս ծանոթանալ թանգարաններին, ճանաչել ու գնահատել դրանք: Շատերը զբաղվածության պատճառով տարվա ընթացքում ժամանակ չեն ունենում հաճախ այցելել թանգարաններ, բայց այդ օրերին գալիս են դիտելու ցուցանմուշները` իրենց հետ բերելով իրենց զավակներին, ինչը շատ գովելի է»,-նշեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Մայիսի 18-ին Փարաջանովի տուն-թանգարանում կբացվի նոր ցուցահանդես` «Ս. Փարաջանովի բանտային նամակները և կալանավայրերը» խորագրով: Սարգսյանի խոսքով`գտնվել են բազմաթիվ նյութեր, որոնք հետաքրքիր կլինեն Փարաջանովի արվեստի երկրպագուներին. ներկայացվելու են լուսանկարներ, նամակների պատճեններ:
Նույն օրը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ներկայացվելու է «Մ. Սարյանի ստեղծագործական կյանքի ցավոտ պատմություն. փարիզյան շրջանի այրված նկարները պահպանված են միայն նեգատիվներում» ցուցահանդեսը: Կանցկացվի նաև համերգային ծրագիր, որում ելույթ կունենա «Փարոս» երգչախումբը: Այդ մասին մեզ հայտնեց թանգարանի աշխատակցուհի Սոնա Գալստյանը` շատ կարևորելով «Թանգարանների միջազգային օր»-ը և «Թանգարանների գիշեր»-ը:
«Տարիներ առաջ, երբ Հայաստանում սկսեցին իրականացնել այս ծրագրերը, ես կարծում էի, որ դրանք հանրության լայն շերտերին կմոտեցնեն թանգարաններին, սակայն ժամանակի ընթացքում այլ բան կատարվեց: Այցելուներից շատերը չեն գալիս ցուցանմուշները տեսնելու, վայելելու, ճանաչելու, նրանց գրավում է այն հանգամանքը, որ թանգարաններն անվճար են»,-ընդգծեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Մայիսի 18-ին Թումանյանի թանգարանում AURORA մարդասիրական նախաձեռնության հետ համատեղ կներկայացվի «Բարություն, մարդասիրություն» խորագրով ցուցահանդեսը: Կբացվի «1937 թ.: Թումանյանի զավակները ստալինյան բռնաճնշումների զոհ» ցուցահանդեսը: Իսկ մայիսի 20-ին Պինոքիոյին նվիրված ակցիա կանցկացվի. եգիպտացորենի հատիկները անուշ անելու մրցույթ:
«Մենք մայիս ամիսը նվիրել ենք Պինոքիոյին, քանի որ մեր նպատակը համաշխարհային մանկապատանեկան գրականությունը հայ երեխաների շրջանում տարածելն է: Այդ կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել ամսվա ընթացքում, իսկ եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա հունիսի 1-ին` «Երեխաների պաշտպանության միջազգային օր»-ը»,-եզրափակեց Նարինե Թուխիկյանը:
Թանգարանների միջազգային օրն ամենամյա տոն է, որը նշվում է մայիսի 18-ին։ Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM – The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսաստանյան պատվիրակության առաջարկությամբ։ 1978 թվականից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը։
1992 թվականից սկսած ամեն տարի Թանգարանային միջազգային օրն ունենում է մի թեմա, և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։