Հատկապես ամառային ամիսներին, երբ շոգն անտանելի է դառնում, օրը պատկերացնել անգամ չենք կարողանում՝ առանց մի շիշ ջրի, որը կօգնի հագեցնել ծարավը։ Marketium.ru կայքը գրում է, որ շատերն են նույն պլաստիկ շիշն օգտագործում մի քանի անգամ, ինչը կտրականապես խորհուրդ չի տրվում։
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, բազմակի օգտագործման արդյունքում պլաստիկ շշերին միկրոճաքեր են առաջանում, որոնք բարենպաստ միջավայր են բազմաթիվ բակտերիաների և վարակների զարգացման համար։ Պլաստիկ շիշն ամբողջությամբ մաքրել հնարավոր չէ. բակտերիաները շարունակում են բազմանալ։ Վերջին շրջանում կանադացի գիտնականները մի քանի հետազոտություն են անցկացրել՝ օգտագործելով 76 պլաստիկ շիշ, որոնցից խմել են դպրոցականները։ Արդյունքներն այնքան էլ հուսադրող չէին. շշերի մեծ մասը ենթակա չէր օգտագործման, իսկ բակտերիաների քանակը նկատելիորեն գերազանցում էր թույլատրելի մակարդակը։ Սրա պատճառներից մեկը կարող է այն լինել, որ շշերը երկար ժամանակ մնացել են սենյակային ջերմաստիճանի պայմաններում, իսկ տաք ջերմաստիճանի պայմաններում, ինչպես հայտնի է, միկրոբներն առավել արագ են բազմանում։
Մեկ այլ դեպքում հետազոտության են ենթարկվել շշերի այն հատվածները, որտեղից խմում են հեղուկը. դրանք օգտագործվել են մեկ շաբաթվա ընթացքում։ Արդյունքում՝ բոլոր օրինակներում բակտերիաներ են հայտնաբերվել։ Այս շշերից հեղուկ խմելը կարող է նաև սննդային թունավորման նշանների ի հայտ գալու պատճառ դառնալ, որոշ դեպքերում կարող է որովայնի հետ կապված խնդիրներ և ուժեղ փսխումներ առաջացնել։
Լվացող միջոցով պլաստիկ շշերը լվանալը կարող է որոշակի ժամանակահատվածով կանխարգելել միկրոբների զարգացումը, բայց դրա ներքին հատվածն ամբողջությամբ մաքրելը բավական դժվար է։ Այդ պատճառով էլ բակտերիաների մի մասը, միևնույն է, կմնան դրա մեջ։ Բացի այդ՝ հատկապես տաք ջրով լվանալը կարող է վնասել նյութը, ինչը կհանգեցնի հեղուկում քիմիական նյութերի լուծման։ Մասնագետների խոսքով՝ կրկնակի կարելի է օգտագործել ապակե և մետաղական տարաները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը