Վաղաժամ սերմնաժայթքման ազդեցությունը կնոջ սեռական առողջության վրա
Advertisement 1000 x 90

Վաղաժամ սերմնաժայթքման ազդեցությունը կնոջ սեռական առողջության վրա

Սեռական առողջությունն ու գոհունակությունը ունեն մեծ կարևորություն մարդու առողջության և կյանքի որակի համար: Համաշխարհային առողջապահության կազմակերպության բնորոշմամբ՝ «սեռական կյանքը հանդիսանում է մարդու գոյատևման առանցքը»:

Վաղաժամ սերմնաժայթքումը (premature ejaculation) մեծ տեղ է զբաղեցնում տղամարդու սեռական խնդիրների շարքում: Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) (Premature ejaculation) դա առնանդամի մինիմալ ստիմուլիացիայի հետևանքով առաջացած սերմնաժայթքումն ու օրգազմն է:

Վաղաժամ սերմնաժայթքմամբ տղամարդկանց բնորոշ է` ամոթխածությունը, դյուրագրգռությունը, դեպրեսիան, ցածր ինքնագնահատականը, ինքնավստահության պակասը ևայլն:

Տղամարդու սեռական խանգարումները, մասնավորապես վաղաժամ սերմնաժայթքումը կարող է բերել կանանց սեռական անգոհունակության, բացասական ազդելով՝ սեռական ցանկության, գրգռվածությանն և օրգազմի վրա:

ՎՍ զույգերի միջև առաջանում են՝ զայրույթի, ճնշվածության և անհանդուրժողության զգացումներ: Այս ամենը կարող է հանգեցնել՝ ոչ կայուն հարաբերությունների, կոնֆլիկների և նունիսկ ամուսնալուծության:

Ինչպե՞ս են կանայք վերաբերում իրենց զուգընկերների վաղաժամ սերմնաժայթքմանը

Երիտասարդ և անփորձ կանայք, սկզբնական շրջանում սովորաբար ընդունում են այս փաստը, քանի որ զուգընկերների երկրորդ կամ երրորդ սեռական ակտի միջոցով ամեն դեպքում հաջողվում է համեմատաբար երկարատև հարաբերություն ունենալ ու հասնել օրգազմի: Հակառակ դեպքում նրանք նույնպես կարող են անբավարար լինել և աստիճանաբար կորցնել՝ սեռական ցանկությունն ու հետաքրքրությունը:

Միջին տարիքում, սովորաբար կանայք խուսափում են այս խնդրի արծարծումից՝ զուգընկերոջ ցավ կամ զայրույթ չպատճառելու և ընտանեկան անդորրը պահպանելու համար: Բայց սա վերաբերում է հատկապես սեռական խնդիրներ ունեցող կամ ոչ սեքսուալ կանանց: Մնացած դեպքերում կանայք փորձում են վաղաժամ սերմնաժայթքման հարցը բարձրացնել ու լուծումներ գտնել:

Իսկ փորձառու կանայք, որոնց համար սեքսը շատ հաճելի է և ունի մեծ նշանակություն, նրանք չեն ընդունում տղամարդու տվյալ խանգարումը: Այս պարագայում՝ սերը, սոցիալական դիրքը, կարիերան, փողը, հովանավորչությունը և երեխաները կարող են զսպել նմանօրինակ կանանց սեռական ցանկությունները: Սակայն վաղ թե ուշ նրանք կփորձեն հաղթահարել այս պրոբլեմը, և նույնիսկ իրենց սեռական կարիքները բավարարելու համար կարող են դիմել այլ միջոցների …:

Իսկ հետդաշտանադադարային տարիքի կանանց համար, որոնք տառապում են հորմոնային անբավարարությամբ (որին բնորոշ է՝ հեշտոցի չորությունը, սեռական ցանկության և գրգռվածության իջեցումը), ապա այս դեպքում նրանց հաճախ ուրախացնում է ամուսնու վաղաժամ սերմնաժայթքումը, քանի որ ազատվում են տանջալից ու ցավոտ հարաբերությունից:

Ինչո՞ւ են կանայք կարևորում սերմնաժայթքման խանգարումը

Մեծ մասամբ կանայք կարևորում են տղամարդու սեռական ու հատկապես սերմնաժայթքման կոնտրոլի կարողությունը: Հետևաբար նրանք անհանգստանում են վաղաժամ սերմնաժայթքման առկայության դեպքում:

Հետազոտությունների արդյունքում պարզել են կնոջ վերոնշյալ անհանգստության պատճառները.-
• Զուգընկերոջ ուշադրության պակաս՝ կնոջ սեռական կարիքների նկատմամբ (48%)
• Պենետրացիայի և սերմնաժայթքման միջև կարճ ժամանակահատվածը(40%)
• Սերմնաժայթքման կոնտրոլի բացակայությունը (24%)
• Զուգընկերոջ լարվածությունը (20%)
• Այլ (16%)

Ինչպիսի՞ն է կնոջ վերաբերմունքը սեռական ֆունկցիային

Գիտական հարցումների արդյունքում՝ կանանց մոտ 78%-ը տառապում է սեռական ցանկության իջեցումից և սեռական անբավարարությունից: Այս խմբի կանանց մոտ 80%-ը հաստատել են, որ նրանք ձեռք են բերել այս խնդիրները վաղաժամ սերմնաժայթքմամբ տառապող իրենց զուգընկերների հետ հարաբերության ընթացքում, 64%-ը՝ հարաբերության սկզբում, և 36%-ը՝ նախօրոք:

Կանանց 70%-ը կարևորել է սեքսի մեջ՝ ոչ միապաղաղությունը, հաճելիությունն ու “նորարությունները”, 50%-ը՝ սեքսի տեվողությունը: Սեռական ակտի տեվողության մասին հաստատուն տվյալներ չկան: Միջին տեվողությունը կազմում է 20-25 րոպե: Իսկ, թե ինչո¬՞ւ են կանայք կարևորում սեքսի տեվողությունը հարցին, նրանց մոտ 60%-ը պատասխանել է, որ ժամանակը կարևոր է օրգազմի հասնելու, իսկ 60%-ը՝ հաստատել է, որ ժամանակը կարևոր է մտերմիկ հարաբերություն ստեղծելու համար:

Այս հարցման մասնակից կանանց՝ 3%-ը ընդհանրապես օրգազմ չի ունեցել, 7%-ը՝ դժվարացել է ունենալ հարաբերության ժամանակ, և 5%-ը՝ տվյալ զուգընկերոջ հետ:

Ամփոփում

Շատ հաճախ կանայք ընդունում են իրենց ամուսինների վաղաժամ սերմնաժայթքման փաստը: Սակայն ամուսնական հարաբերության խզման հիմնական պատճառը ավելի հաճախ կապված է տղամարդու կողմից կնոջ սեռական կարիքների նկատմամբ անտարբերության և անտեսման հետ:

Շատ կարևոր է տղամարդու տեղեկատվությունը՝ կնոջ սեռական կյանքի, ցանկության, ֆունկցիայի, ակնկալիքների, ինչպես նաև սերմնաժայթքման կարգավորման կարևորության մասին: Իսկ կնոջ համար կարևոր է տղամարդու սերմնաժայթքման խնդիրների վերհանումը, զուգընկերոջ բժշկի դիմելու քաջալերումն ու հուսադրումը:

Քանի որ տղամարդու վաղաժամ սերմնաժայթքման և կնոջ սեռական անբավարարության միջև կա ուղիղ համեմատական կապ, ապա շատ կարևոր է կնոջ ընդգրկել տղամարդու սերմնաժայթքման խնդիրների բացահայտման և բուժման մեջ: Փաստ է, որ այդ կանանց մեծ մասը կարող են ձեռք բերել նաև սեռական խնդիրներ, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդու հոգեբանության, ներքին հարմոնիայի, կյանքի որակի, ընդհանուր և սեռական գոհունակության վրա: Հետևաբար միաժամանակ համալիր մոտեցում պետք է ցուցաբերել և՛ տղամարդու սերմնաժայթքման և՛ կանանց սեռական խնդրիներին:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

urolog.am