Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորը մի խոհարար ուներ Տիրոց անունով։ Թագավորից բացի, սա բոլոր արքունականներին խորհուրդ էր տալիս.
— Եթե մարդ ուզում է երկար ապրել՝ պետք է քիչ ուտի։
Մի անգամ Գագիկը կանչեց Տիրոցին և ասաց.
— Դու ինչո՞ւ ամենքին խորհուրդ ես տալիս քիչ ուտել, իսկ ինձ այդ մասին ոչինչ չես հայտնում։
— Արքայի խոհարարը պարտավոր է ընտիր, ախորժահամ և առատ ճաշեր մատուցել իր տիրոջը։ Քչով պիտի բավարարվեն ուրիշները, բայց ոչ արքան։
— Տիրոց, իջիր հաճոյախոսության նժույգից և հստակ ասա ասելիքդ՝ քիչ ուտելը օգտակա՞ր է մարդուն, թե ոչ։
— Օգտակար է, տեր իմ։
— Ինչո՞վ է օգտակար։
— Ծանրաբեռնված ստամոքսով մարդը ավելի շուտ է մաշվում ու ծերանում։ Թեթև բեռով ձին ավելի երկար ճանապարհ է անցնում, քան ծանր բեռան տակ տնքացողը։
— Դա նաև ի՞նձ է վերաբերում։
— Ոչ, տեր իմ։ Ես այդ մասին քեզ չեմ հայտնում, որովհետև առանց այն էլ դու քիչ ես ուտում, առատության մեջ մարդու աչքը կուշտ է լինում։ Իսկ արքունականները ագահ են, ես նրանց խորհուրդ եմ տալիս քիչ ուտել՝ ոչ նրա համար, որ սրտանց ցանկանում եմ երկարացնել նրանց կյանքը։ Եթե նրանք քիչ ուտեն՝ և դուք հարուստ կլինեք, էլ տերությունը և հպատակների բերանն էլ մի չոր պատառ կընկնի։
Հայկ Խաչատրյան «Հացապատում»