Բաղադրիչներ
- Բրինձ
- Սոխ
- Գազար
- Տավարի միս
- Աղ
Պատրաստման եղանակը
Պետք է սկսել սոխից: Սոխը կտրատել կիսալուսնաձև և տապակել բուսայուղի մեջ՝ մինչև ոսկեգույն դառնալը:
Հետո ավելացնել նախօրոք մեծ կտորների կտրատած տավարի միսը:
Մսին և սոխին ավելացնել գազարը: Գազարը պետք է կտրատել մեծ, երկար շերտերի տեսքով: Աղ ցանել և լավ տապակել:
Սոխի, մսի և գազարի վրա այնքան եռացրած ջուր լցնել, որպեսզի այն մի քանի սանտիմետր ծածկի բաղադրիչները: Դրանից հետո ցածր կրակի վրա եփել արգանակը: Ինչքան ավելի երկար այն եփվի, այնքան ավելի համեղ կստացվի փլավը:
Գալիս է ամենակարևոր բաղադրիչի ժամանակը: Բրինձը պետք է լինի պինդ տեսակի և երկարահատիկ: Այն պետք է լավ լվանալ:
Բրինձը լցնելուց առաջ պետք է անպայման փորձել արգանակը: Աղը պետք է մի քիչ շատ լինի, քան սովորական ապուրի մեջ:
Հիմա պետք է ավելացնել բրինձն արգանակի մեջ և վրան նորից եռացրած ջուր լցնել: Ջուրը մի քանի սմ պետք է ծածկի բրինձը: Կրակը մի փոքր բարձրացնել. սպասել՝ մինչև բրինձն ամբողջությամբ քաշի ջուրը:
Երբ ջուրը քաշվում է, կրակը պետք է իջեցնել, կափարիչով ծածկած վիճակում եփել 20 րոպե, անջատել: Խառնել և թողնել այդպես ևս 10 րոպե: Փլավը պատրաստ է:
Բաղադրիչները հստակ չափաբաժիններ չունեն: Կարող եք յուրաքանչյուր բաղադրիչից վերցնել, օրինակ՝ մեկական կգ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը