Գերմանական հին իրերի շուկայում թուրք հավաքորդի կողմից հայտնաբերված տեսանկարահանումը, որ պատկերում է 1965-ի Նեմրութ լեռան պեղումները, մեծ սկանդալի պատճառ է դարձել: Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը:
Կոմագենեի թագավոր, Երվանդունիների նախահայր Անտիոքոս թագավորի արձանագլուխը, որ այժմ պահվում է Այնթապի Զեուգմա թանգարանում, առգրավվել է գերմանացու կողմից մաքսանենգությամբ արտասահման տարվելու ճանապարհին:
Հայտնի է, որ սկանդալ առաջացրած նկարահումը արել է գերմանացի ճանապարհորդ Լոթար Կառլովիցը: Նկարահանված նյութում երևում է՝ ինչպես է Անտիոքոսի արձանի գլուխը պեղվում Արսեմիայում, ապա մաքրվում և ծածկվում կտորով:
Հետաքրքիր է, որ առաջինը Արսեմիա գնացած գերմանացի պրոֆեսոր Կառլ Դորները, ով այնտեղ աշխատել է 1953 – 1986-ը, հետագայում գիրք է գրել իր գտածոների մասին, սակայն Անտիոքոսի գլխի մասին չի հիշատակել:
Աղբյուրը հետաքննել է արժեքավոր հնության հետ կապված այս դիպվածները և պարզել, որ Զեուգմայի թանգարանում, որտեղ այժմ պահվում է գլուխը, տեղյակ չեն, թե դա ինչպես է հայտնվել թանգարանում. առաջին անգամ արձանի գլուխը հաշվառվել է 1995-ին: Իսկ արձանի վերաբերյալ փաստաթուղթը թանգարանի արխիվից պարզապես կորել է:
Թանգարանի նախկին ղեկավարները ասել են, որ արձանի գլուխը հայտնաբերվել է 1980-ականներին՝ Այնթեպի օդանավակայանում, Գերմանիայի քաղաքացու մոտ, ով փորձում էր դա ապօրինի եղանակով դուրս բերել երկրից:
Աղբյուրը նկատում է, որ այժմ շատ հարցեր են առաջանում. որտե՞ղ է այսքան տարի պահվել գլուխը, ո՞վ է եղել Այթեպի օդանավակայանի գերմանացին, գիտնականների հետ կապ ունեցե՞լ է, ո՞վ է ոչնչացրել արձանի մասին թանգարանային փաստաթուղթը… Արձանագրվում է, որ Անտիոքոսի գլխի առեղծվածը այժմ էլ չլուծված է մնում:
Անտիոքոս Առաջինը (մ.թ.ա. 86 – մ.թ.ա. 34) հայոց Երվանդունիների արքայատոհմից էր, համարվում է Կոմագենի հզորագույն թագավորը: