Մասնագետները պնդում են, որ սեքսուալությունը մեծ մասամբ պայմանավորված է խառնվածքով: Այսինքն` սեքսուալության մեջ էական դեր են կատարում գենետիկական, նյարդային և հորմոնալ գործոնները:
Սեռական ֆունկցիան, ի տարբերություն ֆիզիոլոգիական մյուս ֆունկցիաների, որոշվում է տարիքով, այսինքն սեքսուալ դրսևորումներն առաջանում են սեռական հասունացման` արբունքի շրջանում: Որոշակի տարիքի բնորոշ են սեքսուալ դրսևորումների որոշակի առանձնահատկություններ:
Արբունքի շրջանում (սեռական հակման հասունացման շրջան) տղաների մոտ ի հայտ են գալիս առաջին սերմնաժայթքումները (հատկապես` գիշերային երազախաբության ձևով), աղջիկների մոտ` դաշտանը: Մեծ մասամբ այդ շրջանն ավարտվում է սեռական կյանքի սկզբով: Հաջորդ շրջանը (20-26 տարեկան), որը պայմանականորեն կարելի է անվանել անցումային, սովորաբար ավարտվում է ամուսնությամբ:
27-50 տարեկանը համարվում է հասուն սեքսուալության շրջան. այն բնորոշվում է սեռական ակտիվության բավականին հարթ մակարդակով, որը համապատասխանում է անհատական առանձնահատկություններին և կյանքի պայմաններին: Հաջորդ շրջանում, որի սահմանները ճշգրիտ որոշել հնարավոր չէ, սովորաբար տեղի է ունենում սեռական ակտիվության աստիճանական նվազում, սեռական ոլորտի հանդեպ հետաքրքրության թուլացում, սեռական կյանքի մարում, և, համապատասխանաբար` սեռական աբստինենցիայի շրջանների ավելացում:
Տղամարդու սեքսուալության առավել բնորոշ դրսևորումներն են առնանդամի լարումը (էրեկցիա) և սերմնաժայթքումը (էյակուլացիա): Առնանդամի լարումը ռեֆլեքսային գործողություն է, որի հետևանքով առնանդամը ծավալով մեծանում է և պնդանում` նպաստելով հեշտոց մուտք գործելուն և սեռական հարաբերության իրագործմանը:
Էրեկցիայի հիմքում ընկած է առնանդամի խորշիկավոր մարմնիկների արյունալեցումը: Միզուկի սպունգանման մարմինը և առնանդամի գլխիկը նույնիսկ էրեկցիայի գագաթնակետին ավելի պակաս են լարված, քան խորշիկավոր մարմնիկները, որը նպաստում է միզուկով սերմնահեղուկի անցմանը և կանխում կանանց սեռական օրգանների վնասվածքները: Սեռական հարաբերության վերջում կամ նրա իրագործմանը չնպաստող իրադրություններում էրեկցիան անհետանում է:
Հարկավոր է նշել, որ էրեկցիան դեռևս հին ժամանակներում համարվել է տղամարդու սեքսուալության խորհրդանիշ, իսկ նրա խանգարումները (հաճախ` ոչ լրիվ արդարացի) դիտել են որպես սեռական թուլության գլխավոր և նույնիսկ միակ ցուցանիշ:
Յուրաքանչյուր տղամարդ սեռական ակտիվության մակարդակը հարմարեցնում է իր սեքսուալ խառնվածքին:
Սեռական հարաբերության ընթացքում, որի տևողությունը կարող է տատանվել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, առնանդամի շարժումների (ֆրիկցիա) ժամանակ նրա գլխիկի ուղղակի գրգռման հետևանքով առաջանում է սեռական գրգռման կտրուկ աճ, որը սովորաբար ուղեկցվում է հեշտանքով (օրգազմ) ուղեկցվող սերմնաժայթքման: Կանանց մեծ մասը սեռական մերձեցման ժամանակ երբեք հեշտանք չի զգում, ինչն անվանվում է սեռական սառնություն:
Սակայն կինը, նույնիսկ հեշտանքի բացակայության դեպքում, կարող է մերձեցումից ստանալ խորը հոգեկան բավարարվածություն: Կնոջ սեքսուալության առանձնահատկության նախապայման է տղամարդու կողմից կնոջ հոգեբանական նախապատրաստումը սեռական հարաբերությանն այնպես, որ կինը կարողանա ստանալ լիակատար սեռական բավարարվածություն: Այդ կապի մեջ չի կարելի թերագնահատել նախնական փաղաքշանքների դերը, հատկապես, եթե կնոջ սեքսուալությունը դեռևս չի արթնացել:
Մեծ նշանակություն ունեն էրոգեն գոտիները, այսինքն` մարմնի այն մասերը, որոնց գրգռումն առաջացնում է սեռական դրդվածություն: Հատկանշական է, որ կնոջ մոտ, ի տարբերություն տղամարդու արտասեռական էրոգեն գոտիները ձեռք են բերում մեծ նշանակություն, երբեմն նույնիսկ գերազանցում են սեռականին:Կանանց մոտ էրոգեն գոտի կարող է լինել մարմնի ցանկացած մասը, ընդ որում, մարմնի որևէ մասի գրգռումը կարող է սեռական գրգռում առաջացնել որոշ կանանց մոտ, իսկ ոմանց էլ նույն մասի գրգռումը կարող է տհաճություն պատճառել:
Սեքսուալ զուգընկերների համար ընդունելի է այն բոլորը ինչ արվում է երկկողմանի համաձայնությամբ:
doctors.am